Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատանքն ավարտել է


ԱԺ նիստերից մեկը, արխիվ
ԱԺ նիստերից մեկը, արխիվ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատանքն ավարտել է: Զեկույցն ուղարկել են Ազգային ժողովի նախագահին, որից հետո կորոշվի՝ երբ հրապարակվի:

Դեռ անցած տարի էին ՔՊ-ականները վստահեցնում, թե զեկույցը պատրաստ է: Ինչի՞ էին սպասում, որ հանրության դատին հանձնեն Փաշինյանի թիմակիցների քննությունը, բացատրություն չկա: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում էր, թե զեկույցին կհաջորդեն քրեական գործեր:

Ենթադրվում է՝ առաջիկա նիստերից մեկում էլ Ազգային ժողովում կներկայացնեն զեկույցը: Իսկ մինչ այդ որոշել են չխոսել դրա մասին: Ամբողջությամբ կհրապարակեն, թե հատված, ինչպես քառօրյա պատերազմի զեկույցը եղավ, դեռ հայտնի չէ: Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասաց՝ որոշում ունեն մինչև հրապարակվելը ոչինչ չխոսել:

Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը պատերազմի հանգամանքներն ուսումանսիրում է երեքուկես տարի: Այն ստեղծվեց 2022-ի փետրվարին ու մի քանի անգամ երկարաձգեցին ժամկետները:

Փաշինյանի կառավարման օրոք տեղի ունեցած պատերազմի, պարտության ու կորուստների հանգամաքնները քննում էին միայն Փաշինյանի թիմակիցները: Ընդդիմադիրները հրաժարվեցին մասնակցել՝ հիմնավորելով, որ պատերազմի շրջանում ղեկավարած իշխանությունը չի կարող օբյկտիվ քննություն իրականացնել:

«Մի ուժ, որը եղել է պատերազմի հիմնական պատասխանատուն և մեղավորը, միայն ՔՊ-ականներով քննելը 44-օրյա պատերազմը, դահլիճում միայն ՔՊ-ականներով քննարկելու են զեկույցը, որևէ մեկը դրա մասին տեղյակ չի լինելու, նկատի ունեմ՝ ժողովուրդը, սա ուղղակի աբսուրդ է», - ասաց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Հարցերն ու կասկածներն ահռելի են. Գեղամ Մանուկյան

Ինչ են ակնկալում ընդդիմադիրները երեքուկես տարվա աշխատանքից: Արդյոք կմասնակցեն այդ նիստին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ դեռ չգիտեն, բայց իրենց կասկածները, որ օբյեկտիվ չեն ու մեղավորներ կարգելու գործին են լծվել, այս տարիներին հաստատվեցին. «Կյանքը ցույց տվեց, որ մեր կասկածները լրիվ տեղին էին, և դրա համար էլ մենք այլընտրանքային նախաձեռնություն ունեինք, որը մերժվեց։ Այսօր եկել հասել ենք մի տեղ, որ իշխանությունը քննեց իր գործողությունները և դարձրեց 3 տարի մատի փաթաթան այս ամբողջը, դրա հիման վրա հիմա զեկույց են պատրաստել, որին ծանոթ չենք։ Իսկ այնտեղ հարցեր, հարցականներ, կասկածներն ահռելի են»։

Չնայած ընդդիմադիրների բոյկոտին՝ իշխանականները շարունակեցին քննել Փաշինյանի կառավարման օրոք տեղի ունեցած պատերազմի հանգամանքները, պատճառներն ու հետևանքները: Մինչև մեծ պատերազմը կպայթեր, ՔՊ-ականները հանձնաժողով էին ստեղծել՝ Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցած քառօրյա պատերազմի հանգամանքերը քննելու համար: Այդ զեկույցը այդպես էլ ամբողջությամբ չհրապարակվեց, թեև այս դեպքում էլ սկանդալային բացահայտումներ էին խոստանում: Այս զեկույցին Գեղամ Մանուկյանը ծանոթացել է ու ենթադրում է՝ ինչպիսի բովանդակություն ունի 44-օրյայի պատմությունը:

«Դրան ծանոթ չեմ, ենթադրում եմ, որ նույն քաղաքականացված զեկույցն է Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության գործողություններն ուղղակի սպիտակեցնելու համար։ Մեղավորներ կկարգվեն, այդ մեղավորները կլինեն այս իշխանությունից դուրս։ Ի սկզբանե էինք ասում, որ սա փորձելու են զինվորականների գլխին կոտրել», - կարծում է ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը։

Քննիչ հանձնաժողովում հարցաքննել են բազմաթիվ պաշտոնյաների: Հանձնաժողովի հարցերին պատասխանել են Վարչապետ Փաշինյանը, պատերազմի օրերին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Գլխավոր շտաբի գործող ղեկավար Էդվարդ Ասրյանը:

Պատերազմի օրերին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հրապարակայնորեն հրաժարվեց մասնակցել Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի հարցաքննությանը։ Քննիչ հանձնաժողովի նիստերը փակ են եղել, լրագրողներին հայտնի չէ՝ ինչ են պատմել պաշտոնյաները:

XS
SM
MD
LG