ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել պետքարտուղար Ռեքս Թիլերոսոնի մոսկովյան բանակցությունների արդյունքները։
Երեկվա բանակցությունները դրական է գնահատել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ շեշտելով, թե «պետք չէ սպասել, որ դրանց արդյունքները շատ շուտով տեսանելի կլինեն»․ - «Այդուամենայնիվ, մենք պայմանավորվել են շուտափույթ երկխոսություն հաստատել մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ»:
Երեկ Ռուսաստանի նախագահը ուշ երեկոյան ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարին, թեև մինչ այդ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը չէր հաստատաում, որ նման հանդիպում նախատեսված է։
Պուտինի և Թիլերսոնի փակ բանակցությունները տևել են մոտ երկու ժամ։ Այն, որ Պուտինը երեկ ընդունել է Թիլերսոնին, ամերիկացի, ռուսաստանցի մեկնաբանների կարծիքով, ամերիկացի դիվանագետի մոսկովյան բանակցությունների հիմնական արդյունքն է։
Թեև ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են, որ սիրիական հարցով տարաձայնությունները Մոսկվայի և Վաշինգտոնի միջև պահպանվում են, և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը կարծես թե չեն ուզում գնալ առճակատման։
Reuters գործակալությունը գրում է, որ Թիլերսոնը Ռուսաստանի իշխանությունների հետ երեկ քննարկել է նաև Սիրիայի նախագահի ճակատագիրը, սակայն Բաշար Ասադին սպասվող զարգացումների մասին այլ մանրամասներ չի հայտնում։
Հետաքրքիր է, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը թերևս առաջին անգամ Ասադին անուղղակիորեն համեմատել է բռնապետի հետ:
«Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ հետևանք կունենա դիկտատորին հեռացնելու սևեռվածությունը», - ասել է Լավրովը։
Թիլերսոնի առաջին մոսկովյան այցին նախորդել էին Մոսկվայի և Վաշինգտոնի միմյանց հասցեագրված կոշտ հայտարարությունները։
Միացյալ Նահագների նախագահ Դոնալդ Թրամփը, մասնավորապես, Մոսկվային մեղադրել էր Ասադին աջակցելու մեջ․ - «Անկեղծ ասած, Պուտինն աջակցում է վատ մարդու, և եթե Ռուսաստանը չգար և չաջակցեր այդ կենդանուն, նման խնդիր այսօր չէր լինի»։
Իր հերթին Պուտինը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ ասել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահությունը Թրամփի օրոք դեգրադացիա է ապրել։