Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մնում է քաղաքականության մեջ, սակայն չի առաջադրվելու նախագահի թեկնածու:
Ամերիկյան CBS հեռուստաընկերության հետ զրույցում 69-ամյա գործիչը նշել է, որ նախագահի կամ այլ պաշտոնի թեկնածության համար իր գործն ավարտված է համարում, սակայն շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, որովհետև Միացյալ Նահանգների ապագան վտանգված է:
2016 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը պարտություն կրեց հանրապետական Դոնալդ Թրամփից: «Ոչինչ չէի զգում, չէի կարողանում մտածել», - CBS-ի հետ զրույցում ասել է Քլինթոնը՝ հավելելով, որ այդ պարտությունը դեռևս շատ ցավալի է իր համար:
Հիլարի Քլինթոնը մեղադրել է Ռուսաստանին ամերիկյան ընտրություններին միջամտելու մեջ: