Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել իր համախոհներին՝ հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը համառուսաստանյան բողոքի ակցիաներ անցկացնել Ռուսաստանի շուրջ 80 քաղաքներում՝ բոլոր այն քաղաքներում, որտեղ ինքը նախընտրական շտաբներ ունի։
Կենտրոնական միջոցառումը նախատեսված է Սանկտ Պետերբուրգում՝ ժամը 18։00-ին։
Նավալնին կալանավայրից հայտարարություն է տարածել, որում նշված է, որ հենց Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանրահավաքը տապալելու համար են իրեն ձերբակալել։
Հիշեցնենք՝ Մոսկվայի Սեմյոնովսկի շրջանի դատարանը նրան դատապարտել է 20 օրվա անազատության՝ Նիժնի Նովգորոդ քաղաքում սեպտեմբերի 20-ին ապօրինի հանրահավաք կազմակերպելու կոչերի համար։
Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները երեկ երեկոյան հայտարարել են, որ քաղաքի կենտրոնում հանրահավաքն արտոնված չէ, և իրենք իրավասու են կոշտ միջոցներ կիրառել ապօրինի հավաքի մասնակիցների դեմ։
Մոսկվայում իր կողմնակիցներին, մեծամասամբ՝ երիտասարդներին, դպրոցականներին և ուսանողներին, Նավալնին կոչ է արել հավաքվել Կրեմլին հարող Տվերսկայա փողոցում։ Նշենք, որ Մոսկվայի իշխանությունները այս հավաքը ևս չեն արտոնել։
«Նրանք մեզ այլընտրանքային վայր հավաքի համար չեն առաջարկել, և մենք համարում ենք, որ Սահմանադրության համաձայն՝ մեր հավաքը օրինական է», - ասել է ընդդիմադիր գործիչն իր կոչում և հավելել. - «Մեր խնդիրն է՝ այնպես անել, որ հոկտեմբերի 7-ին յուրաքանչյուր պարկեշտ մարդ Ռուսաստանում բարձրաձայնի մեր երկու պահանջը՝ թույլ տան, որ երկրում լինի քաղաքական իրական մրցակցություն, և թույլատրեն Նավալնիին մասնակցել 2018-ի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին»։
Ընդդիմադիր գործիչը ընտրություններին չի կարող մասնակցել, քանի որ դատապարտված է 5 տարվա պայմանական ազատազրկման՝ «Կիրովլես»-ի գործով։
Հավելենք, որ երեկ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարել է, թե դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞՝ ոչ։
Փորձագետները, սակայն, սա սոսկ քաղաքական խաղ են համարում և չեն կասկածում, որ 2000 թվականից Ռուսաստանը ղեկավարող Պուտինը եկող տարի մարտին նորից կընտրվի աշխարհի ամենամեծ երկրի նախագահ։