Միացյալ Նահանգները պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ քվեարկության դնել Սիրիայում քիմիական հարձակումների հարցը՝ բացահայտելու, թե ով է պատասխանատվություն կրում դրանց համար:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին արդեն իսկ բանաձև է շրջանառության մեջ դրել, համաձայն որի՝ մեկ տարով երկաձգվում է «Հետաքննչական միասնական մեխանիզմի» աշխատանքը: Հեյլին հորդորել է քվեարկել այս հետաքննչական թիմի աշխատանքի երկարաձգման հարցով մինչև հոկտեմբերի 26-ը, երբ ակնկալվում է, որ խումբը զեկույց կներկայացնի այն մասին, թե ով է պատասխանատու ապրիլին Խան Շեյխուն քաղաքում քիմիական հարձակման համար, որի հետևանքով շուրջ ինը տասնյակ մարդ զոհվեց:
ՄԱԿ-ի զինաթափման հարցերով հանձնաժողովում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, դեսպան Միխայիլ Ուլյանովը անցած շաբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է նախ տեսնել զեկույցը, հետո որոշել՝ արժե՞ արդյոք քվեարկություն կազմակերպել հետաքննչական խմբի աշխատանքները երկարաձգելու համար:
Արձագանքելով ռուս գործընկերոջը՝ Հեյլին ասել է․ - «Ռուսաստանը հստակ ասել է, որ եթե զեկույցը մեղադրի Սիրիային այդ հարձակումների համար, Մոսկվան դեմ կքվեարկի խմբի աշխատանքների երկարաձգմանը»:
Միացյալ Նահանգներն ու արևմտյան դաշնակիցները Սիրիայի կառավարությանն են մեղադրում քիմիական զենքի կիրառման համար: Մինչդեռ Ռուսաստանն ու Սիրիան դրանում մեղադրում են ապստամբ խմբավորումներին: