ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ընդլայնում է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները՝ սահմանափակումների ցանկում ավելացնելով այդ երկրի գյուղատնտեսության և մշակույթի նախարարների, Իտալիայում Վենեսուելայի դեսպանի և մի շարք այլ պաշտոնյաների անուններ: Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը ենթադրում է, որ այդ անձինք մասնակից են Վենեսուելայում տեղի ունեցած ընտրությունների խախտումներին, գրաքննությանը և կոռուպցիային:
Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Եվրամիությունում ևս համաձայնության են եկել Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում: Մասնավորապես, կարգելվի այդ երկրին զենքի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը:
Նոյեմբերի սկզբներին Վենեսուելայի դեմ պատժամիջոցներն ընդլայնեց նաև Կանադան:
Վենեսուելան քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ ամիսներ շարունակվող բողոքի ակցիաների և նախագահի՝ իր իշխանությունն ավելի ամրապնդելու փորձերի հետևանքով։ Բողոքի ցույցերը երկրում հաջորդեցին մարտի վերջին դատարանի կայացրած որոշմանը, որով նախագահին խորհրդարանի շրջանցմամբ որոշումներ կայացնելու արտոնություն տրվեց՝ գործնականում նրան փոխանցելով օրենսդիր մարմնի լիազորություններ: Երկրի խորհրդարանում մեծամասնություն են կազմում ընդդիմադիրները: