Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմ Հյուսիսային Կորեայի դեմ, բայց զգուշացնում է, որ «Հյուսիսային Կորեայի ռեժիմն ամբողջովին կոչնչացվի, եթե շարունակի դեպի պատերազմ տանող ագրեսիվ գործողությունները»: Այդ մասին երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին:
Ըստ նրա՝ Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային հզոր բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումը, որը կարող է հասնել Միացյալ Նահանգներ, ահազանգ պետք է դառնա բոլոր պետությունների համար՝ Փհենյանի հետ կապերը խզելու:
Հեյլին հորդորել է Չինաստանին՝ Հյուսիսային Կորեայի ամենամեծ առևտրային գործընկերոջը, դադարեցնել նավթի մատակարարումը: «Բռնապետի երեկ կայացրած որոշումը մեզ մոտեցնում է պատերազմին», - ասել է ԱՄՆ դեսպանը:
Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան նոր պատժամիջոցներ են պահանջում Հյուսիսային Կորեայի նկատմամբ, Չինաստանն ու Ռուսաստանը կողմերին զսպվածության կոչեր են անում:
«Մոսկվան չի աջակցում Փհենյանի՝ միջուկային ուժ դառնալու նկրտումներին, սակայն դա կանխելու միակ ճանապարհը անխոնջ դիվանագիտական ջանքերն են», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանում դեսպան Վասիլի Նեբենզյան: