Մատչելիության հղումներ

Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Նովրուզ Մամեդով


Նովրուզ Մամեդով, արխիվ
Նովրուզ Մամեդով, արխիվ

Պաշտոնական Բաքուն դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը:

«Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում», - երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը՝ ադրբեջանական «Խազար» հեռուստաընկերության հետ զրույցում։

«Դա դրական երևույթ է, որը ողջունելի է, քանի որ այդ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ, ինչը բոլորն են հասկանում: Ես դրական եմ գնահատում այդ շփումները», - ասել է Մամեդովը՝ համոզմունք հայտնելով, թե բանակցությունների առկայությունը, քննարկումների անցկացումը նոր գաղափարներ կարող են ի հայտ բերել։

Հիշեցնենք՝ Կրեմլի նախաձեռնությամբ այս տարվա նոյեմբերին Մոսկվայում տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Ապա Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահի հետ զրույցի ընթացքում քննարկվեց նաև ղարաբաղյան հակամարտությունը, սակայն կողմերը մանրամասներ չհայտնեցին։

Այս հանդիպման հենց հաջորդ օրը Բաքու մեկնեց Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նա ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարեց, թե անհրաժեշտ է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: «Առավել ևս, որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են», - ասել էր Լավրովը։

Բաքվից Ռուսաստանի արտգործնախարարը ուղևորվեց Երևան, որտեղ, սակայն, իր հայտարարություններից մեկում շեշտեց, թե խնդրի կարգավորման հարցում «չափազանց լավատես չէ»։

Ղարաբաղյան հակամարտության հարցով 1992 թվականից Մինսկի խմբի միջնորդությամբ շարունակվող բանակցությունների հերթական փուլը նախատեսված է վաղը. դեկտեմբերի 6-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վիեննայում կհանդիպեն հոկտեմբերին Ժնևում Սարգսյան-Ալիև դեմ առ դեմ հանդիպումից հետո առաջին անգամ։

Շուրջ մեկուկես տարվա ընդմիջումից հետո Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվեցին ակտիվացնել բանակցությունները և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG