Ավստրիայի իշխանությունները մտադիր են փակել 7 մզկիթ և երկրից արտաքսել Թուրքիայի կողմից ֆինանսավորվող մի խումբ իմամների: Ավստրիական կառավարությունը պնդում է, որ այդ մզկիթները զբաղվում են «քաղաքական իսլամի» տարածմամբ, հաղորդում է Associated Press-ը:
Կանցլեր Սեբաստիան Կուրցը ուրբաթ օրը հայտարարել է, որ կառավարությունը կփակի Վիեննայում գտնվող թուրքական ազգայնական մզկիթները և կլուծարի այդ մզկիթների աշխատանքը համակարգող «Արաբական կրոնական համայնք» կոչվող խումբը, որը, ըստ ավստրիական իշխանությունների, թուրքական ազգայնականություն է քարոզում:
Ավստրիական կառավարության այս գործողությունները հիմնվում են 2015 թվականին ընդունված օրենքի վրա, որը արգելում է կրոնական համայնքներին ֆինանսական օժանդակություն ստանալ արտասահմանից: Օրենքը կարող է տարածվել ընդհանուր առմամբ 60 իմամների և նրանց ընտանիքների վրա: Ավստրիան մասնավորապես կարող է չերկարաձգել երկրում նրանց կեցության իրավունքը:
Պաշտոնական Անկարան առայժմ չի արձագանքել Ավստրիայի իշխանությունների այս հայտարարություններին:
Թուրք-ավստրիական հարաբերությունները լարվել են դեռևս 2017 թվականին, երբ Ավստրիայի իշխանություններն արգելեցին Թուրքիայի էկոնոմիկայի նախարարին Վիեննայում մասնակցել Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի տարելիցին նվիրված միջոցառմանը:
Եվրամիության անդամ Ավստրիան դեմ է նաև Թուրքիայի հնարավոր անդամակցությանը եվրոպական ընտանիքին: Ավելի վաղ Սեբաստիան Կուրցը հայտարարել է, թե Բրյուսելը պետք է դադարեցնի Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները: