Եվրախորհրդարանի պատգամավորները պատրաստվում են Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով բանաձևում կոչ անել Եվրամիության երկրների պաշտոնյաներին՝ բոյկոտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը մեկնարկելու է առաջիկա օրերին Մոսկվայում: Այս մասին հայտնում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակը:
«Եվրախորհրդարանը ամենայն հավանականությամբ դիվանագիտական բոյկոտի կոչ կանի Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով բանաձևում, որը պետք է ընդունվի հունիսի 14-ին», - Թվիթերում գրել է լրագրողը:
Ավելի վաղ աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին են հայտարարել մրցաշարին մասնակցող չորս երկրների պաշտոնյաներ: Մարտին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ թագավորական ընտանիքի անդամները և բրիտանացի նախարարները չեն մեկնի Ռուսաստան ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և դստեր թունավորման պատճառով: Բրիտանական դիվանագիտական բոյկոտին աջակցել է Իսլանդիան: Աշխարհի առաջնության բացման արարողությանը չմասնակցելու որոշման մասին է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Ռուսաստան չեն այցելի նաև Ավստրալիայի կառավարության անդամները․ արտգործնախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ իր երկրի հավաքականի խաղերին ներկա կլինի միայն դեսպանը: