ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռուսաստանի իշխանություններին մեղադրում է անկախ լրագրողների նկատմամբ ճնշում գործադրելու մեջ:
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը, մեկնաբանելով լրատվամիջոցների մասին ռուսաստանյան օրենքը, հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան այն հատուկ օգտագործում է միայն ամերիկյան լրատվամիջոցների դեպքում՝ «Ամերիկայի ձայն»-ի և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի դեմ:
Ամերիկացի պաշտոնյայի այս հայտարարությունը հաջորդում է մեդաընկերությանը տուգանելու մոսկովյան դատարանի որոշմանը:
Նաուերթը նաև դատապարտել է օրենքում սպասվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է արտասահմանյան լրատվամիջոցների հետ համագործակցող ֆիզիկական անձանց ներառել «օտարերկրյա գործակալների» ցանկում:
«Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում Ռուսաստանին հետևել հիմնարար ազատություններին՝ այդ թվում արտահայտվելու ազատությանը», - հայտարարել է Նաուերթը:
Ավելի վաղ լրատվամիջոցին տուգանելու՝ ռուսաստանյան դատարանի որոշումը քննադատել է նաև ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը, հայտարարելով, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը սահմանափակում է մամուլի ազատության տարածքը Ռուսաստանում:
Միացյալ Նահանգների Հեռարձակողների կառավարիչների խորհրդի (BBG) ղեկավար Ջոն Լենսինգը դատարանի որոշումը անվանել է հարձակում ռուսաստանյան լսարանի շահերի համար աշխատող անկախ լրատվամիջոցների վրա: Նա ընդգծել է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կիրառվել է միայն ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայն»-ի նկատմամբ:
Հուլիսի 5-ին Մոսկվայի Տվերսկոյ շրջանի դատարանը 100 հազար ռուբլով (1600 ամերիկյան դոլար) տուգանել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին՝ պնդելով, որ ընկերությունը խախտել է «Օտարերկրյա գործակալի մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ համապատասխան մարմիններին ֆինանսական հաշվետվություն չի ներկայացվել:
Ընկերությունը պնդում է, որ չնայած բազմաթիվ դիմումներին՝ արդարադատության նախարարությունը այդպես էլ չի պարզաբանել փաստաթղթերի լրացման կարգը: Բացի այդ, «օտարերկրյա գործակալ» համարվող լրատվամիջոցների ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու կարգն ուժի մեջ է մտել այն ժամանակ, երբ արդեն ավարտվել էր հաշվետվությունը ներկայացնելու՝ օրենքով նախատեսված ժամկետը։