Ամերիկյան աղբյուրների համաձայն, 2016 թվականին Թրամփը ծրագրել է Մոսկվայում կառուցել իր անունը կրող հայտնի բրենդային երկնաքերը՝ Trump Tower-ը: Այդ երկնաքերերը կան Միացյալ Նահանգների և աշխարհի տարբեր երկրների քաղաքներում:
Փաստաբան Քոհենի խոստովանական ցուցմունքը, որով նա հանդես է եկել երեկ Նյու Յորքի Մանհեթենի շրջանային դատարանում, հիրավի տհաճ զարգացում է նախագահ Թրամփի համար, ով ռուսների հետ առնչվող տարատեսակ խնդիրների հետևանքով իրավական բարդություններ ունի:
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից Քոհենին ներկայացված նոր մեղադրանքում ասվում է, որ փաստաբանը կեղծ տեղեկություն է հայտնել Կոնգրեսի առնվազն մեկ հանձնաժողովում, որտեղ վկայություն է տվել Մոսկվայում Trump Tower-ի շինարարական ծրագրի հարցով ռուսաստանցի պաշտոնյաների հետ բանակցելու մասին:
Քոհենը նախկինում ասել էր, թե այդ բանակցություններն ավարտվել են 2016 թվականի հունվարին, մինչդեռ, ըստ Մյուլերի թիմի, բանակցությունները շարունակվել են ընդհուպ մինչև 2016 թվականի հունիսի վերջերը՝ ժամանակաշրջան, երբ Թրամփը մոտեցել է հանրապետականների կողմից նախագահության թեկնածու առաջադրվելուն:
Քոհենը երեկ ընդունել է, որ Կոնգրեսի հանձնաժողովում ստել է 2017 թվականի օգոստոսին վկայություն տալու ընթացքում:
«Ես այդպես եմ արել՝ հաշվի առնելով «անձ համար 1-ի» քաղաքական ուղերձները և ելնելով «անձ համար 1-ի» հանդեպ իմ հավատարմությունից», - դատարանում հայտնել է Քոհենը:
Մյուլերի դատական փաստաթղթերում նշվում է, որ «անձ համար 1» գրությամբ հիշատակվում է Մանհեթենում տեղակայված անշարժ գույքի ընկերության սեփականատերը, ինչը թուլ է տալիս եզրակացնել, որ խոսքը Թրամփի մասին է:
Թրամփը մշտապես հերքել է 2016 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում ռուսների հետ բիզնես վարելու մասին լուրերը:
«Նա թույլ մարդ է: Նա հիմա ամեն ինչ անում է ավելի մեղմ պատժաչափ ստանալու համար: Նա պարզապես ամեն ինչի մասին ստում է», - ասել է ԱՄՆ նախագահը՝ արձագանքելով Քոհենի վերջին խոստովանությանը:
Թրամփը վերջին պահին չեղարկել է Արգենտինայում «Մեծ քսանի» գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ դա պատճառաբանելով Կերչի նեղուցի իրադարձություններով: Մինչդեռ ամերիկյան քաղաքական շրջանակներում ենթադրում են, որ չեղարկումը կապված է Քոհենի վերջին խոստովանության հետ:
Հրաժարվելով հանդիպումից, Թրամփը խուսափում է այս խճճված և անհարմար հանգամանքներում Պուտինի հետ զրուցելու և նրան հրապարակավ չհակազդելու անհրաժեշտությունից:
«Դա պետք է դիտել Մոսկվայից հասնող լուրերի համատեքստում: Թրամփը պարզապես չի կարող հիմա հակազդել Պուտինին: Հիրավի աղետալի սխալ կլիներ, եթե Թրամփը հանդիպեր Պուտինին և չփորձեր հակազդել», - ասել է Փեն Բայդենի անվան դիվանագիտության և գլոբալ համագոործակցության կենտրոնի ավագ տնօրեն, Բարաք Օբամայի նախագահության օրոք Պենտագոնի պաշտոնյա Մայքլ Քարփենթերը:
Թրամփն այդպես էլ չի իրականացրել Մոսկվայում Trump Tower կառուցելու նախաձեռնությունը, թեպետ նախկինում տարիներ շարունակ փորձել է Ռուսաստանի մայրաքաղաքում շինարարական ծրագրեր իրականացնել:
Ըստ Մյուլերի քննիչների թիմի, Քոհենը նախկինում ասել է, թե 2016 թվականի հունվարին Trump Tower-ի հարցով էլեկտրոնային նամակ է ուղարկել Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովին, սակայն պատասխան չի ստացել, բայց իրականում հունվարի 20-ին եկել է պատասխան Պեսկովի օգնականից:
Ավելին՝ Քոհենը խոստովանել է, որ այդ պատասխանից հետո նաև 20 րոպե հեռախոսով զրուցել է Պեսկովի օգնականի հետ:
Քոհենը դրանից հետո զրուցել է «անձ համար 2-ի» հետ, ով ասել է, որ ցանկանում է քննարկել մոսկովյան ծրագրի հետ կապված հարցը:
Փաստաթղթերում «անձ համար 2» անվամբ հիշատակվում է Ֆելիքս Սաթերը՝ Ռուսաստանում ծնված և Միացյալ Նահանգներում ապրող գործարար, ով այն ժամանակ Քոհենի հետ աշխատել է Trump Tower ծրագրի վրա և հավաստիացրել է, թե կարևոր կապեր ունի Մոսկվայում:
Ինքը Քոհենը Թրամփին առնչվող մի քանի պատմությունների մեջ է ներքաշված:
Նա ստիպված էր ընդունել, որ Թրամփի կարգադրությամբ է կատարել ամերիկյան ընտրությունների ֆինանսավորման կանոններին հակասող վճարումներ, որոնց մասին Թրամփը գիտեր:
Սա նույնպես լուրջ հարված էր Թրամփին, ով պնդել է, թե իբր բացարձակ տեղյակ չէր վճարումների մասին:
Քոհենն առաջիկայում դատապարտվելու է հարկերից խուսափելու և ֆինանսական այլ զեղծարարությունների մեղադրանքով և հիմա փորձում է հնարավորինս մեղմել վճիռը ու համագործակցում է քննիչների հետ:
Նրա փաստաբանն ասել է, որ Քոհենը «չափազանց կարևոր նշանակության տեղեկություններ է փոխանցում հատուկ դատախազ Մյուլերի թիմին»:
Այսօր դատարան կներկայանա նաև Թրամփի նախընտրական արշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը, ով մեղադրվում է դեռ նախքան Թրամփի նախընտրական արշավը ուկրաինացի քաղաքական գործիչների համար լոբբիստական աշխատանք կատարելու, վարձատրվելու և եկամուտը թաքցնելու մեջ:
Իսկ նոյեմբերի 26-ին 14-օրյա պատիժը կրելու համար բանտ է ներկայացել արտաքին քաղաքականության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը, ով մեղադրվել է 2016 թվականի նախընտրական արշավի օրերին ռուսաստանցի պաշտոնյաների հետ իր զրույցների մասին Հետաքննությունների դաշնային գործակալությանը ստելու համար:
Ինքը Թրամփն այս շաբաթ գրավոր պատասխաններ է ներկայացրել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին: Այդ գրառումները չեն հրապարակվել: