ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Քուփերը դեկտեմբերի 4-6-ը Ադրբեջան այցի ընթացքում քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնական հաղորդագրությունը:
Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պետական սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիևի հետ:
«Թուրան»-ի փոխանցմամբ, Քուփերը ադրբեջանական իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում նաև վերահաստատել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների հանձնառությունը` աջակցելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքներով: