«Ադրբեջանական բանակի սպառազինությունը թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդի ցանկացած օբյեկտ, սակայն Ադրբեջանը կշարունակի նորանոր զինատեսակների ձեռքբերումը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հերթական անգամ համոզմունք հայտնելով, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական գործոնը հզոր ռազմական ներուժն է:
«Այսօր մեր ունեցած տեխնիկան և սպառազինությունը թույլ են տալիս բարձր ճշտությամբ ոչնչացնել հակառակորդի ցանկացած ռազմական օբյեկտ», - նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահը մի խումբ զինվորականների բնակարանամուտի հանդիսավոր արարողության ժամանակ:
Առանց փակագծեր բացելու Ադրբեջանի նախագահը նաև նշել է. - «Այս տարի ստորագրվել են բազմաթիվ կարևոր պայմանագրեր, որոնց շրջանակներում երկիրը կստանա ամենաժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան»։
Իլհամ Ալիևի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության ֆոնին, ըստ որի առաջիկա հինգ տարիներին զինված ուժերին կհատկացվի հավելյալ 2.5 միլիարդ դոլար:
Ադրբեջանի նախագահը երեկ հերթական անգամ հավաստիացրել է, թե ընթացիկ տարում ադրբեջանական բանակին հաջողվել է իր վերահսկողության տակ վերցնել 11 հազար հեկտար հող Նախիջևանի ուղղությամբ, ինչն, ի դեպ, պաշտոնական Երևանը բազմիցս հերքել է։
Ալիևը նաև պնդել է, թե ադրբեջանական բանակը վերցրել է ռազմավարական բարձունքներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները, հաղորդակցությունը Հայաստանի տարածքում:
Նախագահ Ալիևի այս հայտարարություններին զուգահեռ երեկ Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ռազմական արդյունաբերության ծավալները վերջին 11 տարում ավելացել են շուրջ 33 անգամ։
Գերատեսչության ղեկավարի տեղակալ Յախյա Մուսաևի խոսքով՝ ռազմական նշանակության արտադրության ծավալների ավելի քան 80 տոկոսը կազմում են պաշտպանական և հատուկ նշանակության զինատեսակները:
Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է, որ Բաքուն սկսում է «Յալգուզագ» (Yalquzaq) դիպուկահար հրացանի և թեթև գնդացիրների արտադրությունը, ինչի մասին խոսվում է դեռևս 2003 թվականից: