Մեծ Բրիտանիայի խորհրդարանում այսօր կքննարկվի վարչապետին անվստահություն հայտնելու հարցը՝ «Բրեքզիթ»-ի հարցով երեկ տապալված քվեարկությունից հետո:
Համայնքների պալատը երեքշաբթի ուշ երեկոյան ձայների 432 դեմ, 202 կողմ հարաբերակցությամբ մերժեց Եվրամիությունից դուրս գալու՝ վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած ծրագիրը, ինչից հետո լեյբորիստները շրջանառության մեջ դրեցին իմփիչմենթի հարցը:
«Խորհրդարանն ասաց իր խոսքը, և կառավարությունը կլսի», - քվեարկությունից հետո հայտարարել էր Թերեզա Մեյը:
Վերջինիս պարտությունը քաոսային իրավիճակ է ստեղծում «Բրեքզիթ»-ի շուրջ բանակցություններում, որոնց վերջնաժամկետն ավարտվում է մարտի 29-ին: Եթե մինչ այդ Լոնդոնը որևէ ծրագիր չընդունի, Բրիտանիան կկանգնի լուրջ տնտեսական խնդիրների առաջ, փաստում են բրիտանական լրատվամիջոցները, ոմանք չեն բացառում անգամ, որ Եվրամիությունից դուրս գալու հարցով կարող է երկրորդ անգամ հանրաքվե անցկացվել: