Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրաժարականի պահանջով:
Միացյալ Նահանգների և ավելի քան հինգ տասնյակ այլ երկրների կողմից Վենեսուելայի լեգիտիմ նախագահ ճանաչված Խուան Գուայդոյի առաջնորդած բողոքի ակցիաների տասնյակ մասնակիցներ վնասվածքներ են ստացել ոստիկանների հետ բախումների ժամանակ:
Ապրիլի 30-ին Գուայդոն հայտարարել է իշխանափոխության վերջին փուլի մեկնարկի մասին: Ընդդիմադիր առաջնորդի՝ խաղաղ ցույցերին միանալու կոչին հետևել են տասնյակ հազարավոր վենեսուելացիներ:
Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Կուբայի դաշնակից Մադուրոն բողոքի ցույցերն անվանել է պետության դեմ ոտնձգություն և սպառնացել պատասխանատվության ենթարկել հանցավորներին: Վենեսուելայի առաջնորդը ենթականերին և աջակիցներին նաև խոստացել է չընկրկել:
Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ հարավամերիկյան երկրի նախագահը երեքշաբթի առավոտյան պատրաստ էր լքել Վենեսուելան, բայց վերջին պահին դաշնակից Ռուսաստանը նրան ետ է պահել այդ քայլից: Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Ռուսաստանը, որը Վենեսուելան համարում է իր կարևոր գործընկերը ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, իսկ վերջին տարիներին էլ միլիարդավոր դոլարներ է ներդրել այդ երկրի նավթային ենթակառուցվածքներում, կտրականապես հերքում է Փոմփեոյի պնդումները: Փախուստի մասին Վաշինգտոնից հնչող հայտարարությունները կեղծ է որակել նաև Մադուրոն: