Մոսկվան դեռ Վաշինգտոնից չի ստացել Ճապոնիայում հունիսի վերջին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկ, սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ հուսով է, որ նման առաջարկ կարող է լինել:
«Նման հանդիպում կարելի է նախապատրաստել նույնիսկ գագաթնաժողովի նախօրեին», - երեկ հայտարարել է Պեսկովը: Նա կարծիք է հայտնել, թե գուցե Թրամփը, երբ ասում էր, որ Ճապոնիայում հանդիպելու է և՛ Ռուսաստանի, և՛ Չինաստանի առաջնորդների հետ, նկատի է ունեցել գագաթնաժողովի շրջանակներում զուտ ոտքի վրա շփում, սակայն նման ձևաչափով հանդիպմանը չի կարելի քննարկել բոլոր այն խնդիրները, որոնք հրատապ են երկու երկրների օրակարգում:
Պուտին – Թրամփ հանդիպում պետք է կայանար նաև անցած տարի դեկտեմբերին՝ նույն Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ՝ Արգենտինայում, սակայն վերջին պահին Սպիտակ տունը չեղարկել էր հանդիպումը և այսօր պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե պատրաստ է երկխոսությանը, սակայն հավելում է, թե ակնկալում է, որ բանակցությունների պաշտոնական առաջարկ, այնուամենայնիվ, պետք է Վաշինգտոնը անի:
Անցած շաբաթ միջազգային հարցերով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորությունը օդում կախված է, բայց ամերիկյան կողմը այս հարցով կոնկրետ քայլեր դեռ չի ձեռնարկել:
Պուտին – Թրամփ հանդիպման հնարավորության մասին առաջինը խոսել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ մայիսին Սոչի կատարած իր այցի ժամանակ:
Վերջին անգամ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները բանակցություններ են ունեցել 2017 թ․ Հելսինկիում:
Մեծ քսանյակի գագաթնաժողովը տեղի է ունենալու հունիսի 27-28-ին՝ Ճապոնիայում: