Մեծ Բրիտնիայի և Հյուսիսային Իռլանդիայի վարչապետի ընտրության հարցը լուծվեց կանխատեսելի սցենարով, իսկ «Բրեքզիթի» ոդիսականը շարունակվում է:
Այսօր հրապարակվել են «տորիների» (պահպանողականների) ներկուսակցական ընտորությունների արդյունքները:
Ներկայիս արտգործնախարար Ջերեմի Հանթը ստացել է 46656 քվե, նախկին արտգործնախարար և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը՝ 92153:
Այսպիսով Ջոնսոնն է դարձել պահպանողականների լիդերը և վաղն ի պաշտոնե կստանձնի վարչապետի լիազորությունները:
Նա առաջին ուղերձում շնորհակալություն է հայտնել կուսակիցներին, մրցակից Ջերեմի Հանթին և շատ ջերմ է խոսել պաշտոնն ազատող վարչապետ Թերեզա Մեյի՝ «երկրին անմնացորդ ծառայելու» մասին:
55-ամյա Ջոնսոնը ժառանգել է «Բրեքզիթի» ծանր խնդիրը՝ գլխացավանք, որը հանգեցրել է Թերեզա Մեյի հրաժարականին:
«Մենք նոր եռանդ կհաղորդենք մեր երկրին, մենք անպայման ճիշտ մինչև հոկտեմբերի 31-ը կավարտենք «Բրեքզիթը» և օգուտ կստանանք այն ամենից, ինչը կընձեռի Եվրամիությունից դուրս գալը», - հայտարարել է Ջոնսոնն իր առաջին ելույթում:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պետք է փորձի համոզել Եվրոպական միության լիդերներին վերսկսել «Բրեքզիթի» շուրջ բանակցությունները, թեպետ Բրյուսելը մի քանի անգամ հստակ ընդգծել է, որ բացարձակ մտադիր չէ նոր բանակցություններ վարել:
Եթե որևէ փաստաթուղթ չլինի, Բրիտանիան դուրս կգա միությունից բազում քաղաքական, իրավական և տնտեսական չկարգավորված խնդիրներով, ինչն անխուսափելիորեն քաոսային կացություն կստեծի և՛ Լոնդոնի, և՛ Եվրամիության համար:
Ջոնսոնն ասել է, որ պատրաստ է նաև այդ տարբերակին: Նրա կարգախոսն է՝ ցանկացած գնով ավարտել «Բրեքզիթի» գործընթացը Բրյուսելի հետ համաձայնեցված ժամկետում:
Եվրոպական միությունը քիչ առաջ շնորհավորել է Ջոնսոնին պահպանողականների ներկուսակցական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:
Միաժամանակ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսն այսօր ընդգծել է, որ պայմանագրի հնարավոր բացակայությունը ծանր հետևանքներ կունենա:
«Կոշտ «Բրեքզիթը» ողբերգություն կլինի բոլոր կողմերի, ոչ միայն Միացյալ Թագավորության համար: Ես մեկը չեմ, ով կասի՝ «Տեր իմ, ինչ տանջանքներ կլինեն բրիտանացիների համար», մենք բոլորս ենք տուժելու, եթե չլինի պայմանագիր», - ասել է Տիմերմանսը:
Բրյուսելն այսօր էլ է կրկնել, որ նոր պայմանագիր հնարավոր չէ, միակ բանը, ինչի շուրջ կարելի է բանակցել, ապագա հարաբերությունների ձևաչափն է, բայց դուրս գալու պայմանների վերաբերյալ Եվրամիությունն այլևս առաջարկներ չունի:
Ոչ միայն Եվրամիությունը, այլև առանձին երկրների ղեկավարներ են շնորհավորել Ջոնսոնին:
Ընտրությունների արդյունքների հրապարակումից կես ժամ անց Թվիթերում գրառում է տեղադրել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Նա փայլուն վարչապետ կլինի», - Ջոնսոնի մասին գրել է Թրամփը:
Առանձին գրառմամբ Բորիս Ջոնսոնին շնորհավորել է նաև ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը: