Բելառուսում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել պատգամավորական մանդատ ստանալ: Քվեարկության նախնական արդյունքներն անցած գիշեր հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հանձնաժողովի տվյալներով՝ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի կազմում են ընտրվել բացառապես նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականությանն աջակցող կուսակցությունների անդամները, ինչպես նաև իշխանամետ անկուսակցական թեկնածուները: Բելառուսի նախորդ գումարման խորհրդարանում ընդամենը երկու ընդդիմադիր պատգամավոր կար:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ կիրակնօրյա քվեարկությանը մասնակցել է բելառուս ընտրողների 77 տոկոսը: Երկրի ընդդիմությունը, սակայն, հայտարարում է, որ իշխանությունները լցոնումների և վաղաժամ քվեարկության միջոցով ուռճացրել են ընտրողների մասնակցության ցուցանիշը: