Արաբական թերակղզում «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդը սպանվել է Եմենում հաակահաբեկչական գործողության ընթացքում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Քասիմ ալ-Ռիմիի գլխավորած ահաբեկչական կառույցը «աղաղակող բռնություններ է իրականացրել խաղաղ բնակչության դեմ», ինչպես նաև «փորձել է բազմաթիվ հարձակումներ իրականացնել Միացյալ Նահանգների և ամերիկյան զինված ուժերի դեմ»:
Պաշտոնական Վաշինգտոնի տվյալներով՝ ալ-Ռիմին «Ալ-Ղաիդա»-ին է միացել 1990-ականներին՝ Աֆղանստանում իրականացնելով խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի հանձնարարությունները: Մինչև սպանվելը ալ-Ռիմին ահաբեկչական այդ խմբավորման ներկայիս առաջնորդ Այման ազ-Զավահարիի տեղակալն էր: