Պաշտոնական Թեհրանը պնդում է, թե տեղյակ չէ Իրանում անհետ կորած ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ռոբերտ Լևինսոնի գտնվելու վայրի մասին:
«Իրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ տեղեկություն չունի պարոն Լևինսոնի գտնվելու վայրի մասին, և որ նրան Իրանում չեն պահում: Այդ փաստերն անփոփոխ են»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության խոսնակ Ալիռեզա Միրյոսեֆին:
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հայտարարել են, թե կասկածներ ունեն, որ Ռոբերտ Լևինսոնը հնարավոր է` մահացել է իրանական բանտում:
«Իրանը պետք է մանրակրկիտ տեղեկատվություն տրամադրի այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Ռոբերտ Լևինսոնի հետ»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը անհետ կորել է Իրանում 2007 թվականին:
Լևինսոնի ընտանիքը կասկածներ ունի, որ նա բանտում կարող էր մահացած լինել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով: