ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը նախօրեին ձերբակալվել է՝ Միացյալ Նահանգների և Մեքսիկայի միջև պատի կառուցման համար բարերարների կողմից տրամադրված միջոցները յուրացնելու կասկածանքով։
Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը հայտնում է, որ կազմակերպված հանգանակության ընթացքում կատարված յուրացումների գործով բացի Սպիտակ տակ նախկին բարձրաստիճան պաշտոնյայից ևս երեք կասկածյալ է անցնում։ Նախօրեին դատարանը մի քանի ժամ ձերբակալությունից հետո Բենոնին 5 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակել մինչև բուն գործի քննությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Բենոնին բերման են ենթարկել Կոնեկտիկուտ նահանգի առափնյա ջրերում խարսխված շքեղ զբոսանավից: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Դոնալդ Թրամփի նախկին ավագ խորհրդականը մեղադրվում է իր երեք ենթադրյալ հանցակիցների հետ «Մենք պատ ենք կառուցում» առցանց արշավի շրջանակում հազարավոր դոնորներից խաբեությամբ միջոցներ շորթելու մեջ: Խոսքը, ըստ իրավապահների, հարյուր հազարավոր դոլարների մասին է, որոնք նախատեսված էին Թրամփի գլխավոր նախընտրական խոստումներից մեկի՝ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին պատի կառուցման համար։ Արշավի շրջանակում հանգանակվել է ավելի քան 25 միլիոն դոլար, այդ գումարների յուրացման մեջ մեղադրվող անձանց մեղքը ապացուցվելու դեպքում սպառնում է երկարամյա ազատազրկում:
66-ամյա քաղտեխնոլոգը հանգանակված գումարներից ստացել է ավելի քան մեկ միլիոն դոլար, որի մեծ մասը ծախսել է անձնական կարիքների համար, պնդում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը:
Երեկ դատարանում Սթիվ Բենոնը հայտարարել է, թե չի ընդունում մեղքը:
Իր գաղափարակցի և երբեմնի մերձավոր թիմակցի ձերբակալության կապակցությամբ Սպիտակ տան ղեկավարն ափսոսանք է հայտնել՝ պնդելով, թե արդեն մի քանի տարի է նրա հետ շփում չունի և ի սկզբանե դեմ էր պատը մասնավոր միջոցներով կառուցելուն։ Փոխարենը այդ նախագծում ակտիվ դերակատարում ուներ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ով նախագծի քարոզչական հոլովակներում անձամբ էր դիմում ամերիկացիներին հանգանակության խնդրանքով:
Սթիվ Բենոնը նախկին սպա է, ապա զբաղվել է բանկային գործունեությամբ: Մինչ քաղաքական ասպարեզում հայտնվելը նա առավելապես հայտնի էր որպես մեդիամենեջեր, ռադիոհաղորդավար և կինոռեժիսոր: Աջակողմյան քաղաքական հայացքներ ունեցող գործիչը նախագահ Թրամփի ավագ խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է շուրջ ութ ամիս՝ 2017 թվականի հունվարից մինչև օգոստոս։ Սպիտակ տունը լքելուց հետո էլ Բենոնը, ըստ ամերիկյան մամուլի, շարունակում էր մնալ Թրամփի հավատարիմ դաշնակիցը: Ամեն ինչ, սակայն, փոխվեց Մայքլ Վուլֆի «Հուր և ցասում. Թրամփի Սպիտակ տան ներսում» աղմկահարույց գրքի լույսընծայումից հետո, որում հեղինակը պատմում է Թրամփի զավակների հասցեին Բենոնի հնչեցրած վիրավորական արտահայտությունների մասին։ Ի պատասխան՝ Թրամփը խզել է կապերը իր նախընտրական քարոզարշավի ճարտարապետը համարվող Բենոնի հետ և հայտարարել, թե վերջինս «խելքը թռցրել է»:
Բենոնը Թրամփի առաջին խորհրդականը չէ, որը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտն ազատազրկման է դատապարտվել ֆինանսական մեքենայությունների համար, մեկ այլ խորհրդական՝ Ռոջեր Սթոունը՝ սուտ վկայություններ տալու և վկաների վրա ճնշում գործադրելու համար: Ազգային անվտանգության հարցերով նախագահ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինն էլ իրեն մեղավոր է ճանաչել Հետախուզության դաշնային բյուրոյի հարցաքննության ժամանակ սուտ վկայություն տալու համար և համագործակցել է իրավապահների հետ, սակայն միառժամանակ անց հրաժարվել է մեղադրանքից, նրա գործով դատարանն առայժմ վճիռ չի կայացրել: