- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի 146 անդամների (սենատորների), ինչպես նաև 14 անվանի օլիգարխների նկատմամբ:
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում կրիպտոարժույթի շուկայի և նավաշինության արտադրության նկատմամբ:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկացի աստղանավորդ Սքոթ Քելլին, ով չորս տիեզերական թռիչք է կատարել՝ այդ թվում ռուսական «Սոյուզով», դատապարտել է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա և ի նշան բողոքի վերադարձնում է «Տիեզերքի նվաճման գործում ծառայության համար» ռուսական պետական պարգևը:
Թվիթերում տեղադրած գրառմամբ աստղանավորդը դիմել է 2011 թվականին իրեն պարգևը շնորհած Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին, հայտնելով, որ վերադարձնում է մեդալը և խնդրում է այն հանձնել «ռուս մորն, ում որդին զոհվել է այդ անարդար պատերազմում»:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնում է ռուսական բանակի գիշերային նոր ավիահարվածների մասին Սումիի և Ախտիրկայի ուղղությամբ։ Ռմբակոծվել են Սումիի արվարձանները, Բիտիցա գյուղը և Ախտիրկայի բնակելի թաղամասերը։
Ախտիրկայում գիշերային հրետակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել՝ երկու կին և 13-ամյա դեռահաս, հաղորդում է ВВС-ն։
Կողմերը պայմանավորվել են, որ հինգշաբթի առավոտյան ժամը 9-ից կրկին «լռության ռեժիմ» կհայտարարվի, և կսկսվի Սումիից, ինչպես նաև Կրասնոպոլյե և Տրոստյանեց քաղաքներից տարհանումը Պոլտավա։
Սա Սումիից տարհանման երրորդ օրն է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Մարիուպոլի ծննդատան ռմբակոծումը:
Նա Թվիթերի իր էջում գրել է, որ ռուսական ավիահարվածը Մարիուպոլի ծննդատան և մանկական հիվանդանոցի վրա «սարսափեցնող» է։
Մարիուպոլի հիվանդանոցին և ծննդատանը հասցված ավիահարվածների հետևանքով 17 մարդ է վիրավորվել:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության տրամադրմանը։
Այդ գումարից մոտ 6,5 միլիարդը նախատեսվում է հատկացնել Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական օգնության համար, իսկ մնացածը՝ մարդասիրական և տնտեսական օգնության նպատակով՝ այլ գերատեսչությունների։
Այժմ փաթեթը պետք է հաստատի Սենատը, ինչից հետո այն կուղարկվի նախագահ Ջո Բայդենի սեղանին։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը կստորագրի նախաձեռնությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, զրուցակիցները քննարկել են Ուկրաինային լրացուցիչ օգնություն և մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցը, նաև պատերազմը դադարեցնելու շարունակական դիվանագիտական ջանքերը:
Պետքարտուղարը վերահաստատել է աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հավանություն է տվել Ուկրաինային 1,4 միլիարդ դոլարի օգնության փաթեթին։ Այդ գումարը պետք է օգնի Ուկրաինային մեղմել պատերազմի հետևանքները։
Հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևան նշել է, որ պատերազմը կհանգեցնի Ուկրաինայի տնտեսության խորը անկման, հսկայական հումանիտար և տնտեսական ճգնաժամի, ենթակառուցվածքների ու արդյունաբերության կործանման։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Մարտի 10-11-ը Եվրամիության առաջնորդները կհանդիպեն Վերսալում։ Գագաթնաժողովը քննարկելու է ԵՄ ռազմական ներուժը, Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցներն ու օգնությունը Ուկրաինային:
Այսօր ուշադրության կենտրոնում կլինի Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի հայտը:
Հինգշաբթի օրը Վերսալում եվրոպացի առաջնորդները կքննարկեն նաև ռուսական գազից կախվածության նվազեցման հարցը։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հրապարակել էր Ռուսաստանից գազի մատակարարումները մինչև այս տարվա վերջ երկու երրորդով կրճատելու պլանը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ գիշերը ռուսական ուժերի կողմից Իզյումի շրջանի Սլոբոժանսկոյե գյուղի հրետակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել՝ 2 կին և 2 երեխա։ Հինգ տարեկան մի աղջկա հաջողվել է ողջ մնալ, սակայն նա տուժել է։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսական օդուժը երեկ ռմբակոծել է շրջափակված Մարիուպոլ քաղաքի ծննդատունն ու մանկական հիվանդանոցի շենքը։ Այս մասին հաղորդում է ուկրաինական կողմը, ցուցադրելով ռմբակոծության հետևանքները՝ եռահարկ շենքը խիստ վնասվել է, հրդեհվել, ներսում փլատակներ կան, հաղորդվում է վիրավորների մասին։
Կրեմլը հերքում է ռուսական ուժերի կողմից քաղաքացիական հաստատությունների թիրախավորումը։
Սպիտակ տունը դատապարտել է հարձակումը, այն համարելով բարբարոսություն։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին ասել է․ «Սարսափելի է տեսնել ռազմական ուժի կիրառման նման բարբարոսություն ինքնիշխան երկրում անմեղ քաղաքացիներին հետապնդելու համար»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկվա հեռուստաելույթում ասել է, որ ռուսական ուժերի ռմբակոծությունները ոչնչացում են հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ, տներ, սպանվում են խաղաղ բնակիչներ ու երեխաներ։
«Ծննդատան ռմբակոծումը դրա վերջին ապացույցն է, ապացույց, որ տեղի է ունենում ուկրաինացիների ցեղասպանություն»,-ասել է Զելենսկին։
Ռմբակոծվող քաղաքներից խաղաղ բնակիչներին տարհանելու մասին նա ասել է, որ իշխանությունները մարտի 10-ին ևս պլանավորում են 6 ճանապարհներ բացել խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Ուշադրության տակ են լինելու ծանր հրետակոծությունների ենթարկվող Իզյումն ու Մարիուպոլը։