- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը որոշում է ընդունել Կիևի տարածքում և Ուկրաինայի այլ շրջաններում ռուսական զորքերի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին, ինչը, ըստ Ռուսաստանի, հավասարազոր է քաղաքական հաշվեհարդարի:
Ըստ Reuters-ի, խորհրդի անդամները, ճնշող մեծամասնությամբ, որոշում են ընդունել՝ հանձնարարելով հետաքննող հանձնաժողովին ուսումնասիրել իրադարձությունները Կիևի և այլ շրջաններում:
Բանաձևին կողմ են քվեարկել 33 պետությունների ներկայացուցիչներ։ Դեմ էին Չինաստանն ու Էրիթրեան։ 12 անդամ երկրներ ձեռնպահ են մնացել։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապաշրջափակել Օդեսան և Ուկրաինայի այլ նավահանգիստներ՝ միլիոնավոր մարդկանց սովից փրկելու համար:
«Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կմահանան, քանի որ այս նավահանգիստներն արգելափակված են», - CNN-ին ասել է Բիսլին:
CNN-ը հիշեցնում է, որ Ուկրաինան եգիպտացորենի, ցորենի, վարսակի, արևածաղկի ձեթի և սերմերի աշխարհի առաջատար արտահանողներից է։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ֆինլանդիան, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա կեսերին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի, ճապոնական NHK հեռուստաալիքին ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։
«Եթե խորհրդարանը գա այն եզրակացության, որ մենք պետք է դիմում ուղարկենք, ապա մենք դա կանենք հաջորդ շաբաթվա կեսերին»,- ասել է Հաավիստոն։
«Շվեդիան ծրագրում է նմանատիպ քայլեր ձեռնարկել և մոտավորապես նույն ժամանակացույցով», - հավելել է նա։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ կողմերը «պետք է համաձայնություն գտնեն», որպես պայման՝ վերջնագրեր չներկայացնելով։
Իտալական RAI պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս։
«Ղրիմը միշտ ունեցել է ինքնավարություն, միշտ ունեցել է իր խորհրդարանը, բայց որպես Ուկրաինայի մաս», - ասել է Զելենսկին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Կենտուկիի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը արգելափակել է Ուկրաինային գրեթե 40 միլիարդ դոլար լրացուցիչ օգնություն տրամադրելու վերաբերյալ օրինագիծը:
Ռենդ Փոլը և սենատոր Ջոն Քենեդին՝ Լուիզիանայից, աջակցել են նախագծին, սակայն հանդես են եկել հատուկ տեսուչի ներդրման օգտին, որը կվերահսկի միջոցների բաշխումը: Արդյունքում ԱՄՆ Սենատը հաջորդ շաբաթ կրկին կքննարկի փաստաթուղթը։
Ռենդ Փոլը «նվեր» է անվանել Ուկրաինային ռազմական օգնության միջոցները և նշել, որ եթե օրինագիծն ընդունվի, ապա Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության ընդհանուր գումարը կհավասարվի ռուսական ռազմական բյուջեին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ճապոնիան ընդլայնում է այն ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, որոնք արգելված է արտահանել Ռուսաստան՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Ցանկը կներառի 3D տպիչներ և քվանտային հաշվարկների համար նախատեսված սարքավորումներ:
Ընդհանուր առմամբ, թարմացված փաստաթուղթը պարունակում է 14 նոր անվանում։
Ճապոնիան ավելի վաղ ընդունել էր Ռուսաստանի դեմ սահմանափակումների մի քանի փաթեթ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Եվրոպական մի շարք ընկերություններ զրկվում են Եվրամիության շուկայում ռուսական գազը վաճառելու, տեղափոխելու իրավունքից:
«Պատասխան պատժամիջոցներ»՝ այսպես կարելի է բնութագրել Մոսկվայի կողմից հինգշաբթի օրը կայացված որոշումը։
Պատժամիջոցների թիրախում է հայտնվել մասնավորաբար 1999 թվականին շահագործման հանձնված «Յամալ-Եվրոպա» գազատարի լեհական հատվածի սեփականատեր EuRoPol GAZ ընկերությունը։ «Գազպրոմին» արգելված է Լեհաստանի տարածքով գազ մատակարարել ԵՄ երկրներին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ դաշինքը լրացուցիչ 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային։
G7-ի անդամ երկրների արտգործնախարարների հավաքի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ԵՄ պաշտոնյան նշել է, որ ռազմական աջակցությունը կտրամադրվի ծանր սպառազինությունների տեսքով՝ տանկեր ու հրետանի, այդպիսով Ուկրաինային ԵՄ օգնությունը կհասցվի մոտ 2 միլիարդ եվրոյի:
Բորելը նաև կոչ է արել G7-ի անդամ երկրներին՝ մեծացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ, սահմանել նոր պատժամիջոցներ, փորձել մեկուսացնել Ռուսաստանին միջազգային ասպարեզից և միասնական ճակատ ստեղծել Ուկրաինային աջակցելու համար։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի, այդ թվում՝ Ալինա Կաբաևայի նկատմամբ, որոնց Լոնդոնը անվանում է «Պուտինի դրամապանակներ»։
Բրիտանական իշխանությունները թիրախավորել են նաև Պուտինի նախկին կնոջը՝ Լյուդմիլային, Կաբաևայի տատիկին՝ Աննա Զացեպիլինային (բրիտանական ԱԳՆ փաստաթղթում նա ներկայացվում է որպես Գենադի Տիմչենկոյի մերձավոր), Պուտինի երեք հարազատներին և նրա դստեր հարազատներին։
Բրիտանական կառավարության կայքում տեղադրված պարզաբանման մեջ նշվում է, որ Ռուսաստանի առաջնորդի պաշտոնական ունեցվածքը բավական համեստ է, սակայն ընկերներն ու ռուսական էլիտայի անդամները ֆինանսավորում են նրա ճոխ ապրելակերպը։
Կաբաևայի դեմ պատժամիջոցներ են պահանջել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները` պնդելով, որ Պուտինի հետ մտերմությամբ հայտնի մարզուհին մեծ դեր ունի ռուսական քարոզչության մեջ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կոչ է արել հնարավորինս շուտ հրադադար հաստատել Ուկրաինայում, տեղեկացնում է գերմանական կառավարության մամլո ծառայությունը։
«Ուկրաինայում հումանիտար իրավիճակը բարելավելու և հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է հրադադար», - փոխանցել է կանցլերի խոսնակը՝ հավելելով, որ Պուտինի հետ 75 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Շոլցը մատնանշել է Ռուսաստանի պատասխանատվությունը համաշխարհային պարենային իրավիճակի հարցում:
Կրեմլի հաղորդագրության համաձայն, Գերմանիայի առաջնորդի հետ զրույցի ընթացքում «Վլադիմիր Պուտինը մանրամասն ներկայացրել է Դոնբասի ժողովրդական հանրապետությունների պաշտպանությանն ուղղված ռազմական հատուկ օպերացիայի հիմնական խնդիրներն ու տրամաբանությունը, պատմել խաղաղ բնակիչների անվտանգության ապահովմանն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին»։