- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինան այսօր առավոտյան հրթիռակոծել է Սև ծովում գտնվող ռուսական նավթային պլատֆորմներից մեկը», - Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով բռնակցված Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի Telegram ալիքը։
Նրա խոսքով՝ պլատֆորմը պատկանում է «Չերնոմորնեֆտեգազ» ընկերությանը։ «Հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել, փրկարարական աշխատանքները շարունակվում են», - նշել է Ակսյոնովը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերը Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությանը ներգրավելու հարցը չի քննարկվել», - այսօր պատասխանելով լրագրողների հարցին՝ նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման տարբերակ չի քննարկվել։ Դրա հետ մեկտեղ ՀԱՊԿ նշանակությունը շատ մեծ է, այս կառույցը ոչ վաղ անցյալում ի ցույց է դրել իր արդյունավետ, պետական և օպերատիվ բնույթը», - հայտարարել է Պեսկովը։
«ՀԱՊԿ զարգացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության առաջնահերթություններից մեկն է», - նշել է Կրեմլի խոսնակը։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Սովի վտանգն աշխարհում իրական է», - պնդում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Ժոզեպ Բորելը։
Այս մասին եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր Լյուքսեմբուրգում մեկնարկող ԵՄ արտգործնախարարների հավաքից առաջ։ Նիստի քննարկման գլխավոր թեմաներից մեկը ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատիկի ճակատագիրն էր։
«Ես պետք է մեկ անգամ ևս կրկնեմ, որ աշխարհում՝ մասնավորաբար Աֆրիկայում, մեծ սովի վտանգ կա։ Պատերազմի հետևանքով գներն աճում են, էներգետիկ պաշարների և սննդամթերքի պակաս է նկատվում», - նշել է Բորելը՝ հավելելով. - «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի գործադրած ջանքերին, որոնց նպատակն է վերաբացել Ուկրաինայից սննդամթերքի արտահանման ուղիները։ Ես հուսով եմ, ավելին՝ ես վստահ եմ, որ ՄԱԿ-ի քայլերն ի վերջո հաջողությամբ կպսակվեն։ Որևէ մեկը չի կարող պատկերացնել, որ հացահատկի միլիոնավոր տոննաները արգելափակված են մնում Ուկրաինայում, երբ աշխարհի մյուս հատվածներում մարդիկ տառապում են սննդամթերքի պակասից»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանյան «Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովը 103,5 միլիոն դոլարով վաճառել է իր Նոբելյան մեդալը ԱՄՆ-ի Heritage աճուրդի տանը: Ամբողջ հասույթը լրագրողը կնվիրաբերի ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջազգային օգնության հիմնադրամին՝ ուկրաինացի փախստական երեխաներին և նրանց ընտանիքներին օգնելու համար։
Մուրատովը 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել խոսքի և արտահայտվելու ազատության պաշտպանությանն ուղղված իր ջանքերի համար, ինչը ժողովրդավարության և կայուն խաղաղության հիմնարար պայման է։ Լրագրողն իր մեդալն աճուրդի էր հանել հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանում Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերը կանչվել է ՌԴ արտգործնախարարություն՝ Լիտվայի կողմից իր տարածքով բեռների մի մասը Կալինինգրադի մարզ տեղափոխելու արգելքի կապակցությամբ։ Ինչպես РИА "Новости"-ն ասել է Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովը, այսօր Էդերերին Արտգործնախարարությունում «համապատասխան պայմաններ կներկայացվեն»։
Հունիսի 18-ից պաշտոնական Վիլնյուսը, համաձայն Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների, արգելել է դրանց ցանկում ընդգրկված բեռների տարանցումը Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ և հակառակ ուղղությամբ։ Արգելքը վերաբերում է երկաթուղով փոխադրվող բեռների մինչև 50 տոկոսին՝ ներառյալ շինանյութերը, բետոնը և մետաղները: Բացի այդ, օգոստոսի 10-ից հետո սահմանափակումները կարող են ազդել նաև նավթամթերքի մատակարարման վրա։
Ալիխանովն ասել է, որ Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստների արգելափակումը, գյուղատնտեսական և այլ ապրանքների արտահանման արգելքը «պատերազմական հանցագործություն է», հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա կարծիքով՝ ուկրաինական պարենի արտահանման հետ կապված ճգնաժամը կարող է սովի հանգեցնել աշխարհի տարբեր անկյուններում:
«Դուք չեք կարող սովի սպառնալիքը օգտագործել որպես պատերազմի գործիք: Ուկրաինայում միլիոնավոր տոննաներ ցորեն է արգելափակված, մինչդեռ աշխարհի բազմաթիվ մասերում մարդիկ տառապում են սովից: Սա իսկական պատերազմական հանցագործություն է», - Բրյուսելում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանն ընդառաջ ասել է Բորելը։
Ռուսաստանը հերքում է մեղադրանքները՝ պատրաստակամություն հայտնելով նավերի անվտանգ անցում ապահովել ուկրաինական հացահատիկը ծովով արտահանելու համար, սակայն համապատասխան ջրային տարածքը պետք է մաքրվի ականներից։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «հպարտ է» ռուս զինվորների գործողություններով Ուկրաինայում։
«Մենք հպարտ ենք, որ հատուկ ռազմական գործողությունների ընթացքում մեր մարտիկները գործում են խիզախ, պրոֆեսիոնալ, ինչպես իսկական հերոսներ», - հայտարարել է Պուտինը։
Անդրադառնալով Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, Կրեմլի ղեկավարը հավաստիացրել է՝ «դրանք կհաղթահարվեն»։
Եվ «ի դեմս նոր սպառնալիքների և ռիսկերի՝ մենք ավելի կզարգացնենք և կամրապնդենք մեր զինված ուժերը», - հայտարարել է Պուտինը՝ խոստանալով նոր «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը շահագործման հանձնել մինչև տարեվերջ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Գերմանիայի տրամադրած Panzerhaubitze2000 ինքնագնաց հաուբիցներն արդեն ռազմաճակատում են՝ պատրաստված անձնակազմի հետ միասին։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքերով՝ սա 155 միլիմետր տրամաչափի հրետանու վեցերորդ տեսակն է, որը համալրել է Ուկրաինայի զինանոցը։ Ռեզնիկովը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Կիևը դաշնակիցներից ավելի մեծ ռազմական օգնություն է ակնկալում։
Գերմանիայի կառավարությունը երեքշաբթի օրը հրապարակել է առաջիկայում Ուկրաինա ուղարկվելիք ռազմական օգնության ցանկը, որը ներառում է այդ թվում COBRA ռադիոտեղորոշիչ կայան, 3 MARS բազմակի հրթիռային համակարգ, 7 PzH 2000 ինքնագնաց հրետանային կայան, 30 ինքնագնաց Gepard հակաօդային կայան, 54 M113 զրահամեքենա:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Milliyet թուրքական պարբերականի փոխանցմամբ, հաջորդ շաբաթ Ստամբուլում կարող է տեղի ունենալ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, որի օրակարգում Ուկրաինայում ամբարված հացահատիկի արտահանումն է:
Պարբերականը չի բացառում, որ հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուկրաինայից տարբեր երկրներ հացահատիկի փոխադրման հարցը քննարկվում է թուրքական կողմի հետ, նշելով, այդ բանակցություններում ներգրավված են պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինական բանակի կորուստների մասին երկրի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինացի 10 հազար զինվորական է զոհվել, 30 հազարը վիրավորվել են։
Այսօրվա դրությամբ ռազմաճակատի ծայրահեղ ծանր իրավիճակը Սևերոդոնեցկ քաղաքում է։ Մարտերն արդեն ընթանում են քաղաքի արդյունաբերական շրջանում։ Ուկրաինական ուժերը մնացել են միայն քիմիական «Ազոտ» գործարանի տարածքում, որտեղ նաև մոտավորապես 300 խաղաղ բնակիչ կա։ Այս մասին հայտնել է Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայը, հարևան Լիսիչանսկի մասին ասելով, որ այնտեղ աղետալի ավերածություններ են՝ ռուսական ուժերը տասնյակ բնակելի շենքեր են հրետակոծել։
Երկու քաղաքները կապող բոլոր կամուրջները պայթեցված են։ Սևերոդոնեցկն ու Լիսիչանսկը Լուգանսկի մարզի վերջին բնակավայրերն են, որտեղ դեռ ուկրաինական ուժեր կան։