- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն է իր Twitter-ում գրել է այն պայմանները, որոնք Ուկրաինան մտադիր է առաջադրել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններում։
Պայմանները հետևյալն են՝
. անհապաղ զինադադար
. զորքերի դուրսբերում [Ուկրաինայից]
. գողացված քաղաքացիների վերադարձ
. պատերազմական հանցագործների արտահանձնում
. Փոխհատուցման մեխանիզմ
. [Ուկրաինայի] ինքնիշխան իրավունքների ճանաչում:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Բրիտանիան հայտարարել է, որ տնտեսական, առևտրային և տրանսպորտային պատժամիջոցների նոր փաթեթ են սահմանելու Բելառուսի դեմ:
Նշվում է, որ նոր պատժամիջոցները պաշտոնապես կհայտարարվեն և ուժի մեջ կմտնեն այսօր: Բելառուսը պատերազմի անմիջական մասնակից չէ, սակայն նյութատեխնիկական օգնություն է ցուցաբերում ռուսական զորքերին:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Բելառուսի մասնակցությունն ուկրաինական պատերազմին գրեթե անհնարին է», - այսօր Վարշավայում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` արևմտյան պետությունները, Ուկրաինային զենք մատակարարելով, նպատակ ունեն արհեստականորեն ձգձգել ռազմական գործողությունները։
«Հավաքական Արևմուտքը Ուկրաինայում ծագած հակամարտությունը ձգձգելու հույսով շարունակում է Կիևի վարչակազմին սպառազինության ծավալուն մատակարարումներ իրականացնել», - հայտարարել է Շոյգուն Մոսկվայում կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Ուկրաինայի Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը կոչ է արել տեղի բնակիչներին՝ հեռանալ շրջանից՝ ռուսական զինված ուժերի ուժգնացած գրոհների պատճառով:
Ըստ ուկրաինական իշխանությունների, ներկայում ավելի քան 350 հազար մարդ է բնակվում Դոնեցկի մարզի այն հատվածում, որը դուրս է ռուսական օկուպացիայից։
Մարզի Կրամատորսկ քաղաքում ժամեր առաջ լրագրողների հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ Պավլո Կիրիլենկոն ասել է, թե խաղաղ բնակիչների դուրս գալը թույլ կտա ուկրաինական բանակին «ավելի շատ կենտրոնանալ թշնամու ուղղությամբ»։
- Հեղինակ՝ Սարգիս Հարությունյան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է անելու «Մեծ քսանյակի» (G20) երկրների արտգործնախարարներին՝ ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի Կրեմլը ընդառաջ գնա ՄԱԿ-ի նախաձեռնությանը՝ վերաբացել դեպի Ուկրաինա գնացող ծովային ուղիները՝ ուկրաինական ցորենը միջազգային շուկա վերադարձնելու համար։
Տնտեսական ու բիզնես հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռամին Տոլուին լրագրողներին նաև հայտնել է, որ Բլինքենը կրկնելու է Չինաստանին հասցեագրված նախազգուշացումը՝ ձեռնպահ մնալ Մոսկվային աջակցելուց։
ԱՄՆ պետքարտուղարն առաջիկա ժամերին մեկնելու է Ինդոնեզիա, ուր հուլիսի 8-ին Բալի կղզում կայանալու է «Մեծ քսանյակի» երկրների արտգործնախարարների հանդիպումը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 17 լրագրող, ևս 14-ը վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։
Կառույցի ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, տուժած լրագրողներից 4-ը հայտնել են, որ հետապնդումների են ենթարկվել՝ իրենց մասնագիտական գործունեության պատճառով։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Անցած գիշեր Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում հայտարարվել է օդային հարձակման տագնապ։ Հարաբերականորեն անվտանգ համարվող արևմտյան շրջաններում նույնպես հնչել են ազդանշաններ։ Բացի այդ, տեղական աղբյուրները հաղորդում են Խարկովում պայթյունների մասին։
Պաշտոնական Կիևը հայտարարել է, որ ուկրաինական զորքերին հաջողվել է հետ մղել ռուս զինվորականների գրոհը Սլավյանսկի շրջանում և Խերսոնի մերձակայքում։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այսօր վաղ առավոտյան երկրի ռազմատիեզերական ուժերը հրթիռակոծել են Սև ծովի հյուսիս-արևմուտքում գտնվող Զմեինի կղզին։ Օդեսայից և Դանուբ գետի դելտայից ոչ հեռու գտնվող այս կղզուց ռուսական զորքերը հեռացել էին նախորդ շաբաթ, Մոսկվայի պնդմամբ, «որպես բարի կամքի դրսևորում»։
«Հինգշաբթի առավոտյան ժամը 5-ին կղզում մոտորանավակից ափհանում են իրականացրել մի խումբ ուկրաինացի զինվորականներ, որոնք դրոշով լուսանկարներ են կատարել։ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի օդանավերը անհապաղ հարվածներ են իրականացրել Զմեինի կղզուն, որի հետևանքով ուկրաինացի զինվորականների մի մասը ոչնչացվել է։ Ողջ մնացածները փախուստի են դիմել Օդեսայի մարզի Պրիմորսկոյե բնակավայրի ուղղությամբ», -հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 6-ի ուշ երեկոյան տեսաուղերձում ասել է, որ հրետանին, որը Ուկրաինան ստացել է արևմտյան գործընկերներից, ազդեցություն է ունեցել մարտի դաշտում։
«Վերջապես, զգացվում է, որ արևմտյան հրետանին`այն զենքերը, որը մենք ստացել ենք մեր գործընկերներից, շատ հզոր են աշխատել», - ասել է նա՝ բարձր գնահատելով դրանց ճշգրտությունը:
Ուկրաինացի զինվորականները «շատ նկատելի հարվածներ են հասցրել պահեստներին և այլ կետերին, որոնք կարևոր են օկուպանտների նյութատեխնիկական ապահովման համար», - ասել է նա՝ շարունակելով. - «Եվ դա զգալիորեն նվազեցնում է ռուսական բանակի հարձակողական ներուժը»: