- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով միութենական պետության պաշտպանությունը, Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքը, մի շարք տնտեսական հարցեր, այդ թվում՝ Կալինինգրադի տրանզիտը։ Գլխավոր թեմաներից մեկը վերաբերել է ռուսական էներգակիրների Եվրոպա մատակարելու խնդիրներին։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտոնական տեղեկագրում այսօր հրապարակվել է Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագիրը, ըստ որի Ուկրաինայի բոլոր քաղաքացիների համար հեշտացվում է ռուսական անձնագիր, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը։
Ավելի վաղ նման կարգը գործում էր Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակիչների համար, իսկ վերջերս ավելացվել էին նաև Խերսոնի և Զապորոժյեի մարզերը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինացի շուրջ 7200 զինծառայող այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած։ Այս մասին ուկրաինական «Суспільне» պարբերականին ասել է անհետ կորածների հարցերով հանձնակատար Օլեգ Կոտենկոն։
Ուկրաինայի զինված ուժերը անհետ կորածների թիվը գնահատում է մոտավորապես 2 հազար։ Բայց Կոտենկոն ասել է, որ իրենց գրասենյակի ստացած նամակների, դիմումների, տեղեկատվության համաձայն` անհետ կորածների թիվը շուրջ 7200 է կազմում։
Նա պարզաբանել է, որ զինված ուժերի գնահատականը վերաբերում է միայն իրենց շարքերին, իսկ անհետ կորածներ կան նաև Ազգային գվարդիայի, սահմանապահ ուժերի, տարածքային պաշտպանության ուժերի շարքերից, որոնք զինված ուժերի հաշվառման մեջ չեն մտնում։ Օրինակ` «Ազով» գումարտակը Ազգային գվարդիա է, այնտեղ նույնպես անհետ կորածներ կան, «Ազովստալից» դուրս գալուց հետո նրանք հարազատների հետ կապի մեջ չեն մտել, նշել է նա։
Օլեգ Կոտենկոն հավանական է համարել, որ անհետ կորածների մեծ մասը գտնվում է ռուսական գերության մեջ։ Նա նշել է, որ քանի դեռ նրանք կապի մեջ չեն մտել կամ չեն ներառվել գերիների փոխանակման ցուցակներում, անհետ կորած են համարվում։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է՝ իր երկրում ռուսական զորքի օպերատիվ դադարի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր անցած օրերին հայտարարել, որ ռուսական զորքերը Դոնբասում դադար են վերցնում հանգստանալու և իրենց մարտական կարողությունները վերականգնելու համար։
«Նրանք, ովքեր հորինել են այդ «դադարը»… ուկրաինական բանակը դիմանում է, պինդ է և տարբեր ուղղություններով հարձակումներ է կատարում», - երեկ ուշ երեկոյան իր հերթական տեսաուղերձում հայտարարել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով` ռուսական օդուժը միայն վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան երեք տասնյակ հարվածներ է հասցրել ուկրաինական բնակելի շրջաններին` թիրախավորելով բացառապես քաղաքացիական կառույցներ։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
Օսթինը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է ամերիկյան ռազմական օգնությունը, այդ թվում՝ 400 միլիոն դոլար արժողությամբ վերջին փաթեթը։ Ռեզնիկովն, իր հերթին, խոսել է մարտական գործողությունների գոտում իրավիճակի մասին։
Բացի այդ, ինչպես նշում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը, Օսթինը և Ռեզնիկովը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հարցով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման օրակարգը, որը կանցկացվի առցանց ձևաչափով հուլիսի 20-ին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Շաբաթ ուշ երեկոյան Դոնեցկի մարզի Չասիվ Յար քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 33-ի, այդ թվում՝ մեկ երեխա: Փլատակներում 9 մարդ ողջ է հայտնաբերվել:
Ռուսական կողմն էլ հաղորդում է, որ իր վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզում Նովայա Կախովկայի վրա ուկրաինական հարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, մոտ 80-ը՝ վիրավորվել, 7 անձ համարվում է անհետ կորած:
Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական բանակը հարվածները Նովայա Կախովկային հասցրել է հուլիսի լույս 12-ի գիշերը, պայթել են սելիտրայով լի պահեստներ, վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոց և քաղաքային այլ ենթակառուցվածքներ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը պատրաստվում է անօդաչուներ տրամադրել Ռուսաստանին։ CNN-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի երեկոյան, Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այս տեղեկատվությունը հիմնված է ամերիկյան հետախուզության հայթայթած տվյալների վրա։
«Ակնկալվում է, որ Իրանը արագացված գրաֆիկով Ռուսաստանին հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ հարվածային դրոններ կփոխանցի, որոնք պետք է օգտագործվեն Ուկրաինայում ծավալված պատերազմում։ Իրանը այս ամիս արդեն մարզումներ կկազմակերպի ռուսաստանցի զինվորականների համար՝ նրանց փոխանցելով անօդաչու սարքերի կառավարման հմտությունները», - նշել է Սալիվանը։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսքով, սակայն, առայժմ հստակ չէ՝ արդյոք իրանական դրոնների առաջին խմբաքանակը ժամանել է Ռուսաստան, թե՝ ոչ։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
«Ուկրաինական նավահանգիստներում կուտակված հացահատիկի պաշարների դուրսբերման հարցով հերթական բազմակողմ բանակցությունները կկայանան վաղը՝ Ստամբուլում», - այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ռուս, ուկրաինացի և թուրք զինվորականներից կազմված պատվիրակությունները հանդիպելու են ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Ուկրաինայի արտգործնախարարը դատապարտել է ուկրաինացիներին Ռուսաստանի քաղաքացիություն պարզեցված տարբերակով տրամադրելու մասին Պուտինի հրամանագիրը: Դմիտրի Կուլեբայի երեկ երեկոյան հրապարակված ուղերձում մասնավորապես ասված է, որ օկուպացված տարածքներում ռուսական անձնագրերի տրամադրումն իրավաբանորեն առոչինչ է, և այդ պրակտիկայի տարածումը Ուկրաինայի բոլոր քաղաքացիների վրա «երկիրը գրավելու կուրսի շարունակությունն է»։
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ է արել արևմտյան գործընկերներին ավելի ծանր զենք տրամադրել Ուկրաինային և նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Արևմուտքը Ուկրաինային անհատույց ֆինանսական օժանդակության հերթական չափաբաժինն է տրամադրել՝ 1 միլիարդ 700 միլիոն ամերիկյան դոլար։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Ուկրաինական կառավարության ղեկավարի խոսքով` օժանդակությունը տրամադրվել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Համաշխարհային բանկի կողմից ստեղծված հատուկ հիմնադրամի միջոցով։
«Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին և այդ երկրի նախագահին այս անհավանական աջակցության համար», - Twitter-ում գրել է Ուկրաինայի վարչապետը՝ մանրամասնելով, որ տրամադրվող ֆինանսական միջոցները կուղղվեն երկրի առողջապահական համակարգի ընթացիկ ծախսերը հոգալուն։