Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

10:55 28.7.2022

Ապրիլի կեսին Սև ծովում ուկրաինացիների կողմից հրթիռակոծվելու հետևանքով խորտակված «Մոսկվա» հածանավում զոհվել է Ռուսաստանի Սևծովյան ռազմական նավատորմի դիվիզիայի հրամանատար, ծովակալ Օլեգ Կրիվորոգի որդին՝ Վալերին: Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, այդ մասին հայտնել է «Ագենտստվո» կայքը, որը հղում է անում իր անանուն աղբյուրի վրա:

Պաշտոնապես 37-ամյա կապիտան-լեյտենանտ Վալերի Կրիվորոգը համարվում է անհետ կորած: Հայտնի է, որ նա «Մոսկվա» հածանավի զինծառայող էր 2019 թվականից:

10:56 28.7.2022

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 27-ին ասել է, որ առաջիկա օրերին մտադիր է զրուցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Դա կլինի երկու գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջին զրույցն Ուկրաինա փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից հետո:

Էնթոնի Բլինքենը նշել է, որ Ուկրաինայի պատերազմի թեման չի քննարկվի:

10:56 28.7.2022

Չեռնոգորիան սկսել է սառեցնել Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքը։ Համապատասխան փաստաթուղթը երեկ հրապարակվել է հանրապետության նախարարների կաբինետի կայքում։

Հունիսի 10-ին Չեռնոգորիայի ներքին գործերի նախարար Ֆիլիպ Աջիչը հայտարարել է, որ երկրում սառեցվելու է Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող 44 անշարժ գույք։ Դա կարվի Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմի պահպանման շրջանակներում։

17:22 28.7.2022

Ուկրաինական բանակի կողմից Խերսոնի ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների հետևանքով այստեղ տեղակայված ռուսական զորքերը «շատ խոցելի վիճակում են հայտնվել»։ Այսօր հրապարակված ամենօրյա ամփոփագրում այդ մասին գրել են Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության մասնագետները։

Բրիտանացի հետախույզների պնդմամբ, ուկրաինական զորքերին վերջին օրերին ըստ ամենայնի հաջողվել է «պլացդարմ ստեղծել Ինգուլեց գետի հարավային ափին, ինչպես նաև արևմտյան սպառազինության նոր մատակարարումների, մասնավորաբար, հեռահար հրետանու շնորհիվ, վնասել Դնեպր գետի վրա գտնվող և ռուսների կողմից վերահսկվող երեք կամուրջները»։

«Ուկրաինական կողմի այս գործողությունների հետևանքով Դնեպրի արևմտյան ափին տեղակայված ռուսական 49-րդ բանակի վիճակը շատ խոցելի է թվում։ Խերսոն քաղաքն այժմ գործնականում կտրված է ռուսական զորքերի կողմից գրավված մյուս շրջաններից», - պնդում է Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը։

17:24 28.7.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պնդմամբ` անցած մեկ օրում ռուսական բանակը ծանր կորուստներ է պատճառել Խերսոնի ուղղությամբ կռվող ուկրաինական ստորաբաժանումներին։

«Խերսոնի մարզի Տոպոլինոե բնակավայրի մոտ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կողմից բարձր ճշգրտության զենքով հասցված հարվածների հետևանքով մարտունակությունն է կորցրել ուկրաինական բանակի 60-րդ հետևակային բրիգադի գումարտակներից մեկը։ Միայն վերջին 24 ժամերին ոչնչացվել է տվյալ ստորաբաժանման ավելի քան 130 զինծառայող», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

17:25 28.7.2022

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը դատապարտել է «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբի երկրպագուների պահվածքը, որոնք երեկ Կիևի «Դինամոյի» հետ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ վանկարկում և երգում էին Ռուսաստանի նախագահի անունը։

«Ֆեներբահչեի» երկրպագուների շուրթերից ցավալի է լսել աջակցության խոսքեր՝ ուղղված ռուս մարդասպանին և ագրեսորին, որը ռմբակոծում է մեր երկիրը», - գրել է դեսպանը Twitter-ի իր օգտահաշվում։

Թուրք երկրպագուները Պուտինի անունը սկսեցին վանկարկել Կիևի «Դինամոյի» խփած առաջին գոլից հետո։ Հանդիպումն ավարտվեց ուկրաինացի ֆուտբոլիստների 2-1 հաշվով հաղթանակով, ինչի արդյունքում «Ֆեներբահչեն» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի մրցաշարից։

17:49 28.7.2022

Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանն այսօր մեղավոր է ճանաչել ռուսական Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովային «Ռուսաստանի բանակը վարկաբեկելու» հոդվածով՝ դատապարտելով նրան 50 հազար ռուբլու (822 ամերիկյան դոլար) վարչական տուգանքի։

Առաջին ալիքի նախկին աշխատակցուհու դեմ վարչական վարույթը հարուցվել էր հուլիսի 17-ին՝ ընդդիմադիր Իլյա Յաշինի դատավարությանը զուգահեռ Օվսյաննիկովայի հնչեցրած հայտարարությունների պատճառով։ Դրանցում ռուսաստանցի իրավապահները «բանակի վարկաբեկման» տարրեր էին հայտնաբերել՝ որակելով դա վարչական իրավախախտում։

Օվսյաննիկովան լայն հանրությանը հայտնի դարձավ մարտի կեսերին, երբ Ռուսաստանի հեռուստատեսության Առաջին ալիքի գլխավոր լրատվական ծրագրի ընթացքում մուտք գործեց տաղավար «Ոչ պատերազմին» գրությամբ պաստառով։

17:50 28.7.2022

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետների կարծիքով՝ ռուսական բանակն առաջիկայում կարող է իրականացնել տեղական հարձակումներ միայն երկու ուղղությամբ՝ դեպի Սևերսկ և Բախմուտ:

Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը պնդում է, թե ուկրաինական ուժերը արևմտյան նոր հեռահար սպառազինության շնորհիվ կարող են ազատագրել Խերսոնը և ընդհանրապես երկրի հարավային շրջանները, ինչպես նրանց հրամայել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

08:20 29.7.2022

Միացյալ Նահանգների Սենատը քվեարկությամբ միաձայն ընդունել է բանաձև, որով Պետական դեպարտամենտին կոչ է արել Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել ահաբեկչությունը հովանավորող երկիր:

The New York Times պարբերականի փոխանցմամբ` բանաձևում ասվում է, որ Ռուսաստանն է հովանավորել ահաբեկչական գործողությունները Չեչնիայում, Վրաստանում, Սիրիայում և Ուկրաինայում:

Նմանօրինակ բանաձևի նախագիծ է շրջանառության մեջ դրվել նաև Կոնգրեսի մյուս պալատում՝ Ներկայացուցիչների տանը:

Միայն Կոնգրեսի երկու պալատները չեն կարող այդ որոշումն ինքնուրույն ընդունել, քանի որ ըստ գործող օրենքի՝ այն պետք է կայացնի Պետական դեպարտամենտը:

Ռուսաստանն ահաբեկչության հովանավորող ճանաչելու խնդրանքով մայիսին ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներին դիմել են Ուկրաինայի նախագահը և արտգործնախարարը:

Այսօրվա դրությամբ Վաշինգտոնի կողմից ահաբեկչությանը սատարող պետություններ են ճանաչվել Սիրիան, Իրանը, Կուբան և Հյուսիսային Կորեան:

Որևէ երկիր ահաբեկչության հովանավորող ճանաչելը գործնականում հանգեցնում է դիվանագիտական կապերի դադարեցման և ենթադրում է կոշտ պատժամիջոցների սահմանում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ավելի վաղ այդ նախաձեռնությունն անվանել է «ապուշ միջոց» և զգուշացրել, որ եթե ամերիկյան կողմն ընդունի նման բանաձև, ապա Ռուսաստանը դրան անպայման կտա համարեք պատասխան:

16:04 29.7.2022

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն կհատկացնի հեռախոսազրույցի մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խնդրանքին, երբ նրա ժամանակը թույլ կտա, երեկ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն կհատկացնի այդ խնդրանքին, երբ ժամանակը թույլ կտա: Այժմ նա ունի միջազգային շփումների զբաղված գրաֆիկ», - ասել է Զախարովան «Ինտերֆաքս»-ին տված մեկնաբանությունում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեկ ավելի վաղ ասել էր, որ ամերիկյան կողմն աշխատում է Բլինքենի և Լավրովի միջև հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Բլինքենը մտադիր է շոշափել միայն մի շարք թեմաներ, և զրույցը բանակցություն չի լինելու Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ և չի կարող համարվել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխգործակցության նորմալացում։

Բլինքենը նախօրեին ասել էր, որ մտադիր է մոտ օրերս զրույց ունենալ Լավրովի հետ։ Նա ակնկալում է, մասնավորապես, քննարկել Ռուսաստանում պահվող ամերիկացիներ Բրիթնի Գրեյների և Փոլ Ուիլանի ճակատագիրը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG