Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

13:31 10.8.2022

Ուկրաինական իշխանությունները պնդում են, որ անցած գիշեր Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ և Մարգանեց քաղաքների հրթիռակոծության հետևանքով 13 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 11-ը վիրավորվել են, նրանցից 5-ի վիճակը ծանր է։

Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն այսօր առավոտյան սոցիալական ցանցերում գրել է, որ ռուսական զորքերի հարվածի հիմնական թիրախը Մարգանեց քաղաքն էր, որտեղ առնվազն 20 բնակելի շենք է վնասվել։

13:32 10.8.2022

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը վերահաստատում է Վաշինգտոնի անվերապահ աջակցությունն Ուկրաինային ինչպես նաև ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամներին։

«Մենք շարունակելու ենք սերտորեն համագործակցել ձեզ հետ, ՆԱՏՕ-ի մյուս անդամների և աշխարհում մեր մյուս դաշնակիցների հետ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան և կանխամտածված ագրեսիայի պայմաններում ուկրաինացի ժողովրդին աջակցելու նպատակով։ Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ուժեղացմանն ուղղված միջազգային ջանքերը շարունակում են փոխել իրավիճակը մարտի դաշտում», - հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը Լատվիա կատարած այցի շրջանակներում վարչապետ Կրիսյանիշ Կարինշի հետ բանակցությունների մեկնարկին։

18:02 10.8.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ վերջին 24 ժամերին Նիկոլաևի մարզի օդային տարածքում երեք ուկրաինական ռազմական օդանավ է խոցվել։

«Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կործանիչ ավիացիան Նիկոլաևի մարզում ծավալված օդային մարտերի ընթացքում ոչնչացրել է ուկրաինական մեկ Սու-25, մեկ Սու-27 և մեկ ՄիԳ-29 օդանավ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Ռուսական կողմն այսօր հայտարարել է նաև Նիկոլաևի մարզում տեղակայված գերմանական արտադրության «Հեպարդ» տեսակի ՀՕՊ համակարգի ոչնչացման ինչպես նաև ամերիկյան արտադրության HIMARS տեսակի հթրիռային համակարգերից արձակված յոթ արկերի խոցման մասին։

«Հեպարդ» համակարգը ոչնչացվել է Նիկոլաևի մարզի Նովոպավլովկա բնակավայրի հարևանությամբ իսկ HIMARS-ների հթրիռները՝ Խերսոնի մարզի տարածքում», - հայտարարել է Կոնաշենկովը։

16:13 11.8.2022

Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել ներկայացնել Ուկրաինայի շահերը Ռուսաստանի տարածքում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, երեկ հաղորդել է SRF հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը։

Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ «Ուկրաինան ցանկություն է հայտնել, որ Շվեյցարիան ներկայացնի իր շահերը Ռուսաստանի տարածքում: Այդ հարցի շուրջ բանակցություններն ավարտվել են: Որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը պետք է իր համաձայնությունը հայտնի»

16:14 11.8.2022

Դիվանագիտական շրջանակների ևս մեկ աղբյուր հայտնել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրները կհանդիպեն Ռուսաստանի խնդրանքով։

Երեկ Telegram-ի իր ալիքում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին գրել էր, որ Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման հարցով Ռուսաստանն օգոստոսի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել:

Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրում են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանին սպառնացող վտանգի համար։

16:15 11.8.2022

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ, ռուսները փորձում են հսկողության տակ առնել ամբողջ Դոնբասի շրջանը և այդ նպատակով ծանր հարվածներ են հասցնում ուկրաինացիների ավելի քան 60՝ թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական թիրախներին:

Անցած գիշերվա ընթացքում ռուսները «Գրադ» տեսակի առնվազն 120 հրթիռ են արձակել Նիկոպոլ քաղաքի ուղղությամբ:

«Թշնամին ուժեր է կենտրոնացնում, ցանկանալով ամբողջական հսկողություն սահմանել Լուգանսկի և Դոնեցկի շրջանների վրա, պահել ժամանակավոր զավթած Խերսոնի շրջանը և մասամբ զավթած Նիկոլաևի, Խարկովի ու Զապորոժիեի շրջանները, բարենպաստ պայմաններ ստեղծել տարբեր ուղղություններով գրոհներ իրականացնելու և սևծովյան հաղորդակցության ուղիների արգելափակումը շարունակելու համար», - ասել է Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի խոսնակ Օլեքսանդր Շտուպունը:

16:16 11.8.2022

Լատվիայի խորհրդարանը՝ Սեյմը Ռուսաստանը ճանաչեց ահաբեկչությունը հովանավորող պետություն: Հայտարարությունն ընդունվել է խորհրդարանի այսօրվա նիստում:

Հայտարարության տեքստում ասվում է, որ «Ռուսաստանը նպատակաուղղված թիրախավորում է Ուկրաինայի տարածքում ապրող խաղաղ բնակիչներին»:

Սեյմի հայտարարության նախագիծն ընդունվել է 67 կողմ քվեներով, չի քվեարկել 16 պատգամավոր:

20:27 11.8.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Արևմուտքին կոչ է արել շարունակել Ուկրաինային զենք և ֆինանսական միջոցներ տրամադրելու և միջուկային ահաբեկչություն իրականացնող Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու քաղաքականությունը:

Նա հայտարարել է, թե ռուսները պատանդ են դարձրել Զապորոժիեի ատոմակայանը: Նրա խոսքով, Չերնոբիլի աղետից հետո Ուկրաինան միջոցներ է ձեռնարել ատոմակայանների անվտանգությունը երաշխավորելու համար:

Տարիներ շարունակ Եվրոպայում ոչ ոք չի մտածել, թե նորից կառաջանա միջուկային աղետի սպառնալիք, բայց հիմա այն կա, որովհետև Ռուսաստանը, Զելենսկու փոխանցմամբ, ահաբեկչական գործողություններ է կատարում:

«Մեմք համոզված ենք, որ ռուսների արձակած թևավոր հրթիռների հետագիծը պատահական չի անցնում ուկրաինական ատոմակայանների վրայով: Դա ռուսական միջուկային ահաբեկչության վկայությունն է: Ռուսաստանը վերածվել է ահաբեկչական պետության և ատոմակայանները պատանդ դարձրել ու միջուկային աղետի վտանգով շանտաժի է ենթարկում բոլորին»,- ասել է Զելենսկին:

20:29 11.8.2022

Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանը Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության նախկին աշխատակից, զինված ուժերը վարկաբեկելու հոդվածով մեղադրվող Մարինա Օվսյաննիկովայի համար խափանման միջոց է սահմանել տնային կալանքը:

«Դատարանը բավարարել է հետաքննության հայտը և Մարինա Օվսյաննիկովային դատապարտել է տնային կալանքի մինչև հոկտեմբերի 9-ը»,- հայտարարել է դատավորը:

Նախօրեին Օվսյաննիկովային ներկայացվել է մեղադրանք Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 207 հոդվածի 3-րդ կետի երկրորդ մասով՝ «Ռուսաստանի Զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության տարածում»: Այդ մեղադրանքով Օվսյաննիկովան կարող է դատապարտվել մինչև 10-ը տարվա ազատազրկման:

20:31 11.8.2022

Դանիայում տեղի ունեցած «Կոպենհագեն-Ուկրաինա 2022» դոնորականհամաժողովը որոշել է Կիևին տրամադրել մեկ և կես միլիարդ եվրո զենք գնելու համար, այսօր հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը:

«Ընդհանուր հաշվով համաժողովը հավաքել է 1.5 միլիարդ եվրո»,- ասել է նախարարը և ավելացրել, թե որոշ երկրների պատվիրակներ կվերադառնան տուն և կքննարկեն թեման, ուստի, հանգանակված գումարը կարող է ավելանալ:

Նախարարի խոսքով, նշված գումարը կտրամադրվի սպառազենի արտադրման և գնումների, ուկրաինացի զինծառայողների ուսուցման, ինչպես նաև ականազերծման համար:

Սեպտեմբերին նախատեսվում է համաժողովի ներկայացուցիչների նոր հավաք, որի ընթացքում կքննարկվեն կատարված աշխատանքի ընթացքն ու նոր հանգանակություններ հայթայթելու հնարավորությունը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG