- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Զապորոժիեի ԱԷԿ-ում աշխատող վերջին` վեցերորդ էներգաբլոկը կանգնեցվել է, ռուսական ՌԻԱ Նովոստիին ասել է շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Նրա խոսքով՝ ռեակտորների ու տուրբինների աշխատանքի անընդհատ փոփոխվող ռեժիմը կարող է վթարի հանգեցնել։ Այս դեպքում անջատման ռեժիմը, ինչպես նշված է, թույլ է տալիս վերագործարկել էներգաբլոկը:
«Ռոսէներգոատոմ» կոնցեռնի ղեկավարի խորհրդական Ռենատ Կարչաան էլ ասել է, որ ռեակտորի անջատումը ամբողջապես չի վերացնում «միջուկային աղետի սպառնալիքը շարունակվող հարվածների պայմաններում»։
Զապորոժիեն Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և հզորությամբ։ Այն գտնվում է Էներգոդար քաղաքում:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Կրեմլը` նշելով, որ այն կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնն անդրադարձել են Ուկրաինայում տիրող իրավիճակին` շեշտը դնելով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման վրա։
Ռուսաստանի նախագահը, ըստ հաղորդման, տեղեկացրել է կայանի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար ռուս մասնագետների ձեռնարկած միջոցառումների մասին և ընդգծել «Կիևի իշխանությունների վրա ազդելու անհրաժեշտությունը, որպեսզի կայանի հրետակոծությունն անմիջապես դադարեցվի»։ Երկու երկրների առաջնորդները պատրաստակամություն են հայտնել ՄԱԳԱՏԷ-ի մասնակցությամբ ԶԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ չքաղաքականացված փոխգործակցության համար։
Համաշխարհային պարենային անվտանգության խնդիրները քննարկելիս հաստատվել է այն դիրքորոշումը, որ սևծովյան նավահանգիստներից արտահանվող հացահատիկը պետք է առաջին հերթին ուղղվի զարգացող երկրների կարիքներին, ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Երեկ ուկրաինական հակահարձակումը Խարկովի մարզում շարունակվել է և ազատագրվել են նոր բնակավայրեր։ Ռուսական կողմն էլ ավելի վաղ հայտնել էր, թե ռուսական բանակը թողնում է Խարկովի մարզը՝ ռազմական վերադասավորման նպատակով, իր ուժերը կենտրոնացնելով Դոնեցկի մարզում։
Ռուսական ուժերն երեկ հրթիռային հարվածներ են հասցրել կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածներին։ Երեկ երեկոյան Ուկրաինայի մի շարք շրջաններ, այդ թվում՝ Խարկովի մարզը մնացել էին առանց լույսի, որոշ շրջաններ նաև առանց ջրի։
Ավելի ուշ ուկրաինացի պաշտոնյաները հայտնեցին մի շարք շրջաններում էներգիայի մատակարման վերականգման մասին։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարել է, որ քաղաքում վերականգնվել է ջրամատակարարումը, սկսել են աշխատել մետրոն և վերգետնյա տրանսպորտը, որոնց աշխատանքը դադարեցվել էր նախօրեին Խարկովի ՋԷԿ-ին ռուսական կողմի հասցրած հարվածների պատճառով։
Կիրակի երեկոյան Ուկրաինայի տարբեր շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ էին սկսվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՋԷԿ-երին և այլ կարևոր ենթակառուցվածքներին ռուսական հարվածների հետևանքով ամբողջությամբ հոսանքազրկվել են Խարկովի և Դոնեցկի շրջանները, մասամբ՝ Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի և Սումիի շրջանները։
Ռուսական կողմը դեռ չի մեկնաբանել Ուկրաինայի իշխանությունների մեղադրանքները։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Նովայա Կախովկայի ռուսամետ վարչակազմի ղեկավարի տեղակալ Վիտալի Գուրայի և փոխոստիկանապետ Սերգեյ Տոմկոյի սպանությունները Անվտանգության դաշնային ծառայությունների (ԱԴԾ) բեմականացում էր, ռուսաստանյան Առաջին ալիքին տված հարցազրույցում պատմել են իրենք՝ պաշտոնյաները։
Այսօր եթեր հեռարձակված տեսանյութը պատմում է ԱԴԾ-ի հատուկ գործողության մասին, որն ինչպես նշվում է, պետք է կանխեր Ուկրաինայում ռուսաստանցի պաշտոնյաների դեմ մահափորձը։
Ըստ ռուսաստանյան Առաջին ալիքի՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցը նռնակով պայթյուն է կազմակերպել սրճարանում, որտեղ հավաքվել էին ռուսաստանցի պաշտոնյաներ։
Պայթյունը, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել, ոչ ոք, սակայն, չի տուժել։ Գուրայի սպանության մասին ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները հայտնել են օգոստոսի 6-ին, պնդելով, որ նա սպանվել է իր տան մոտ։ Տոմկոյի դեմ մահափորձի մասին հայտարարվել էր հուլիսի 8-ին
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Կրեմլը նույնպես բանակցությունների առաջարկ հրապարակավ չի արել։
Նախագահ Զելենսկու խոսքերով՝ Ուկրաինան չի նստի բանակցությունների այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է։
«Նրանք համաձայնագրերով, բանակցություններով կսառեցնեն հակամարտությունը, կուժեղանան և կրկին առաջ կընթանան։ Սա է նրանց ռազմավարությունը՝ քայլ առ քայլ, դանդաղ, կտոր-կտոր մեզ ուտել։ Ես չեմ ցանկանում այդ խաղը խաղալ»,- հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ Մոսկվայի հետ պայմանագիր կարող է ստորագրել միայն Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական բոլոր տարածքները ազատագրվելուց հետո։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Երեկ հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների միջև։
Հուլուսի Աքարն ուկրաինացի պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկի հետ զրույցում հայտարարել է, որ Անկարան կշարունակի «հումանիտար օգնությունն ուկրաինացի ժողովրդին»։
«Ընդգծվել է, որ ուկրաինացի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օգնությունը կշարունակվի», - ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Թուրքիան Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր փորձում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև: Անցած հուլիսին Անկարայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ հակամարտող կողմերը համաձայնության եկան սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կրեմլը հայտարարում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների համար այս պահին նախադրյալներ չի տեսնում։
«Ներկայումս մենք բանակցությունների որևէ հեռանկար չենք տեսնում և շարունակում ենք արձանագրել, որ նման բանակցությունների համար որևէ նախադրյալ չկա», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Կիևի հետ հնարավոր բանակցությունների մասին հարցին։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք խոսքը նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկի մասին է, Պեսկովը պատասխանել է․ - «Ըստ ամենայնի, դրա համար որևէ նախադրյալ հիմա չկա»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կիևն ու Մոսկվան հետաքրքրված են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության(ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) ներկայացրած առաջարկով՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի շուրջ պաշտպանական գոտի ստեղծելու վերաբերյալ, հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
Նրա խոսքով՝ այդ առաջարկը նպատակ ունի կանխել ռազմական գործողություններն, այդ թվում՝ հրթիռակոծությունները, որոնք վնասել են ատոմակայանի էլեկտրահաղորդման գծերը և վտանգել կառույցի անվտանգությունը:
Գրոսսի գլխավորած միջազգային թիմն անցած օրերին, այցելելով Զապորոժիեի ԱԷԿ, արձանագրել է, որ կես տարի առաջ ռուսների վերահսկողության տակ անցած կայանն այս ընթացքում մի քանի հարված է կրել, և տեղում անվտանգությունը կայուն չէ։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
ՄԱԿ-ի տվյալներով, պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում սպանվել է 5827 խաղաղ բնակիչ, այդ թվում 375 երեխա, 8421 բնակիչ վիրավորվել է։ Մեծ մասը զոհվել է հրթիռակոծոթւյան պատճառով։ Միաժամանակ ՄԱԿ-ն ընդգծել է, որ զոհերի և վիրավորների իրական թիվը շատ ավելի մեծ է։