Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:29 22.10.2022

Եվրոպական միությունը 2023 թվականից ամեն ամիս Ուկրաինային կհատկացնի 1.5 միլիարդ եվրո Ռուսաստանի հարձակմանը դիմակայելու համար:

Այդ մասին երեկ հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա այդ հայտարարությամբ հանդես է եկել Բրյուսելում՝ Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովում՝ ռուս-ուկրաինական պատերազմի 240-րդ օրը:

«Շատ կարևոր է, որ Ուկրաինան ունենա կանխատեսելի և կայուն եկամուտ: Ուկրաինան մեզ փոխանցել է, որ ամեն ամիս պետք է 3-ից 4 միլիարդ եվրո տարրական կարիքները հոգալու համար»,- ասել է Ուրսուլա ֆոն դր Լայենը:

Ենթադրվում է, որ պահանջված գումարի մնացած մասն Ուկրաինային կտրամադրի Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ, Եվրոպական միությունն այսօրվա դրությամբ Ուկրաինային արդեն տրամադրել է 19 միլիարդ եվրոյի օգնություն:

16:30 22.10.2022

Խերսոնի զավթված շրջանի ռուսական վարչակազմը շրջկենտրոն Խերսոնի բնակիչներից պահանջել է անհապաղ հեռանալ քաղաքից:

«Խաղաղ բնակիչները և քաղաքացիական վարչակազմի բոլոր աշխատակիցները պարտավոր են այսօր տեղափոխվել Դնեպրի ձախ ափ, մի մոռացեք վերցնել ձեր անձնական իրերը և փաստաթղթերը»,- նշված է ռուսական իշխանության Տելեգրամ ալիքում տեղադրված հաղորդագրությունում:

Ռուսական վարչակազմը պարտադիր տարհանման պահանջը պատճառաբանել է ռազմաճակատում ստեղծված լարված իրավիճակով, հրետակոծությունների և ահաբեկչական գործողությունների վտանգով:

Ռուսաստանի կողմից նշանակված վարչակազմը դեռ նախանցած շաբաթվա ընթացքում է բնակիչներին հորդորել հեռանալ Խերսոնից և խոստացել է ժամանակավոր կացարաններ տրամադրել զավթված Ղրիմում կամ ռուսաստանյան այլ շրջաններում, սակայն անհապաղ կատարում ենթադրող պահանջով առաջին անգամ է դիմել մարդկանց:

Պատերազմի ընթացքում ռուսական իշխանությունները տևական ժամանակ պնդել են, թե Խերսոնի շրջանի բնակիչներին որևէ վտանգ չի սպառնում:

Ուկրաինական աղբյուրները հաղորդում են, որ Խերսոնում ռուսական բոլոր պետական գրասենյակներն արդեն փակ են, իսկ քաղաքային վարչակազմն ավելի շուտ է հեռացել:

11:21 23.10.2022

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսների կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառումը կլինի մարդկության դեմ թշնամական գործողություն:

«Միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին ակնարկները համաշխարհային անվտանգության և խաղաղության լուրջ սպառնալիք են և բացարձակապես անընդունելի են»,- ասել է Կիշիդան:

«Այդ զենքի կիրառումը մարդկության դեմ թշնամական գործողություն է: 77 տարի այն չի գործադրվել, միջազգային համայնքը պետք է այնպես անի, որ միջուկային զենք այլևս երբեք չօգտագործվի»,- ասել է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի առիթներով ակնարկել է որոշակի հանգամանքներում մարտավարական միջուկային սպառազեն օգտագործելու հնարավորության մասին, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել աշխարհում:

11:23 23.10.2022

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Բրյուսելում գումարված Եվրամիության գագաթնաժողովի որոշումները հաստատում են, որ կառույցն ընտրել է առճակատման ճանապարհը:

«Եվրամիության խորհրդի նիստում ընդունված որոշումները ևս մեկ անգամ հաստատում են Եվրամիության առճակատման քաղաքականությունը», - նշվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված Զախարովայի հայտարարության տեքստում:

Խոսնակի պնդմամբ, Եվրամիությունը չի դրսևորում Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ կարգավորելու մտադրություն:

«Եվրոպական միությունը շարունակում է անխոհեմաբար մեծ ներդրումներ կատարել ռազմական գործողությունները երկարացնելու համար: Այդ նպատակով ԵՄ-ն որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 500 միլիոն եվրո, ֆինանսավորում է զենքի մատակարարումը և ստեղծում է Ուկրաինային ռազմական օգնության հարցով ԵՄ հատուկ առաքելություն», - ասվում է հայտարարությունում:

Խոսնակի փոխանցմամբ՝ ԵՄ-ն վարժելու և հանդերձանք է տալու ուկրաինացի զինյալներին, «ովքեր կշարունակեն սպանել խաղաղ բնակիչներին և ոչնչացնել քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»:

«Պատրա՞ստ է Եվրամիությունը պատասխանատվություն ստանձնել այդ հանցանքների համար»,- հռետորական հարց է տալիս Զախարովան:

Նրա պնդմամբ, Եվրամիությունը չունի Ռուսաստանին քննադատելու բարոյական իրավունք, «քանի որ 8 տարի շարունակ անտեսել է Դոնբասի բնակիչների սպանությունները և տառապանքները»:

ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայում հոկտեմբերի 2-ի դրությամբ սպանվել է 6 հազար 114 և վիրավորվել է 9 հազար 132 խաղաղ բնակիչ:

14:51 23.10.2022

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Մոտոր Սիչ» ձեռնարկության պատվավոր նախագահ, նախկին տնօրեն 83-ամյա Վյաչեսլավ Բոգուսլաևին՝ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով: Բոգուսլաևի հետ ձերբակալվել է նաև ձեռնարկության արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի ղեկավարը:

Ձերբակալվածներին կասկածում են կոլաբորացիոնիստական գործունեության և ագրեսոր պետության հետ հանցակցության հոդվածներով:

Ըստ Ուկրաինայի Անվտանգության ծառայության, գործը վերաբերում է ռուսաստանյան գրոհային օդուժին «Մոտոր Սիչ»-ի կողմից ռազմական նշանակության ապրանքների մատակարարմանը: Քննության տվյալներով՝ Զապորոժիեում ձեռնարկության գործարանի ղեկավարները կարող են առնչություն ունենալ ապօրինի մատակարարումներին՝ գործելով ռուսաստանյան «Ռոստեխ»-ի ներկայացուցիչների հետ համաձայնությամբ: «Մոտոր Սիչ»-ի արտադրանքը ենթադրաբար օգտագործվել է ռուսական ռազմական ուղղաթիռների վերանորոգման համար:

Վյաչեսլավ Բոգուսլաևը Ուկրաինայի հերոս է, Գերագույն Ռադայի երեք գումարումների պատգամավոր, «Մոտոր Սիչ»-ը գլխավորում է 1994 թվականից և Ուկրաինայի 25 ամենահարուստ մարդկանց ցուցակում է:

20:31 23.10.2022

Այսօր հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Շոյգուն և Հուլուի Աքարը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում:

«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն թուրք գործընկերոջն է փոխանցել իր մտահոգությունը Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» գործադրման միջոցով հնարավոր սադրանքների կապակցությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ռուսական կողմը ենթադրում է, թե Կիևը «կեղտոտ միջուկային ռումբի» կիրառմամբ սադրանք է ծրագրում՝ Մոսկվային միջուկային զենք գործադրելու մեջ մեղադրելու համար:

Շոյգուն իր այդ մտահոգություններն այսօր փոխանցել է նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հետ հեռախոսազրույցում, երկու օր առաջ էլ հեռախոսազրույց էր ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ:

17:37 24.10.2022

«Ռուսաստանի Զինված ուժերը այլևս պատրաստ են գործել նաև միջուկային ախտահարման պայմաններում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը։

Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ զորքերը պատրաստության բարձր աստիճանի են բերվել՝ «Ուկրաինայի կողմից կեղտոտ միջուկային զենքի կիրառման սպառնալիքից ելնելով»։

«Ռադիոլոգիական սարքի պայթեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածքի ճառագայթային ախտահարմանը», - հայտարարել է ռուսաստանցի զինվորականը։

Նրա խոսքով՝ զորքերը բերվել են պատրաստության այնպիսի մակարդակի, որը դրանց թույլ կտա մարտական առաջադրանքներ կատարել նաև միջուկային ախտահարման պայմաններում։

17:38 24.10.2022

Ռումինիայի Պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն այսօր հրաժարական է ներկայացրել։ Դա տեղի է ունեցել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ նախարարի վիճահարույց հայտարարություններից հետո։

Հոկտեմբերի սկզբին Դինկուն նշել էր, թե Ուկրաինան պետք է դաշնակիցների օգնությամբ խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ վարի Ռուսաստանի հետ։ Հետագայում նախարարը հայտարարել էր, որ իր հայտարարությունները կոնտեքստից կտրված են ներկայացվել։

Դինկուի հայտարարությունները խիստ քննադատության էին ենթարկել Ռումինիայի կառավարական կոալիցիայի անդամները, ինչպես նաև երկրի նախագահ Կլաուս Յոհանիսը։ Վերջինը պնդել էր, թե միայն ուկրաինացիներն իրավունք ունեն որոշելու՝ երբ և ինչ պայմաններով է հարկավոր բանակցել Մոսկվայի հետ։

18:17 24.10.2022

Պաշտոնական Թեհրանը հերքում է Վաշինգտոնից հնչող պնդումները, որոնց համաձայն իրանցի ռազմական մասնագետները գտնվում են Ղրիմում՝ օգնելով ռուսաստանցի զինվորականներին Իրանի կողմից արտադրված և Ուկրաինայի դեմ պատերազմում լայնորեն կիրառվող անօդաչու հարվածային սարքերի կիրառման գործում։

Այս մասին հայտարարել էր Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, սակայն, այսօր հերքել է Վաշինգտոնից հնչող այս պնդումները։

«Իսլամական հանրապետությունը շարունակաբար հայտարարել է, որ չի մասնակցում Ուկրաինայում ծավալված պատերազմին։ Մենք հակամարտող կողմերից և ոչ մեկին զենք չենք մատակարարում։ Մենք նաև կտրականապես հերքում ենք Միացյալ Նահանգներից հնչող մեղադրանքները։ Դրանցով Վաշինգտոնը փորձում է հանրային ուշադրությունը շեղել այն ապակառուցողական դերակատարությունից, որ ստանձնել է Ուկրաինայում՝ պաշտպանելով կռվող կողմերից մեկին և մինչ ատամները զինելով նրան», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

16:22 25.10.2022

Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը դժգոհություն է հայտնել Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների կապակցությամբ՝ դրանք անվանելով «թույլ» և կոչ անելով «երկրի երեսից ջնջել ուկրաինական քաղաքները»:

Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամը համարվող և նրա հրամանագրերով բազում մեդալներ, պարգևներ ու զինվորական կոչումներ ստացած Կադիրովը հատուկ հայտարարություն է տեղադրել իր Տելեգրամ-ալիքում:

«Մենք թույլ ենք պատասխանում, եթե մեր կողմ, մեր շրջան այնտեղից ական է եկել, ապա պետք է երկրի երեսից ջնջել նրանց քաղաքները, այնքան, որ հեռավոր հորիզոնը երևա, որ նրանց մոտ մեր կողմ կրակ բացելու միտքն իսկ վերանա: Պետք չէ մտածել, թե ինչ կլինի վաղը, երբ մենք ինչ-որ վճիռներ ենք կայացնում»,- ասել է Կադիրովը:

Նա պնդել է, թե Ուկրաինա ռուսական զորքի ներխուժումն այլևս պետք է անվանել ոչ թե «հատուկ ռազմական օպերացիա»՝ ինչպես «Ռոսկոմնադզորն» է (ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն) պահանջում, այլ «պատերազմ», քանի որ մարտական գործողություններն արդեն տեղի են ունենում Ռուսաստանի տարածքում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG