Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

14:04 26.12.2022

«Արևմուտքն Ուկրաինայում զբաղված էր սադրանքներով և այդպես էլ չկարողացավ միջնորդի դեր ստանձնել», - Էրզրումի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Արևմուտքի որդեգրած դիրքորոշման պայմաններում իր երկիրն էր ստիպված միջնորդի դերը ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև։

«Սև ծովով ուկրաինական գյուղմթերքի արտահանման համաձայնագիրը կնքվեց Թուրքիայի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում Ուկրաինայից դուրս բերված ցորենի 44 տոկոսը տեղափոխվել է Եվրոպա,16 տոկոսը՝ Թուրքիա և 14 տոկոսն՝ աֆրիկյան պետություններ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

17:05 26.12.2022

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառությունը (ФСБ) հաղորդում է Բրյանսկի մարզում ոչնչացված ուկրաինական դիվերսիոն խմբի մասին:

Գերատեսչության պնդմամբ՝ «դեկտեմբերի 25-ին Բրյանսկի մարզի սահմանագծին տեղի ունեցած մարտի հետևանքով չորս դիվերսանտ է ոչնչացվել»։

«Նրանք փորձում էին Ուկրաինայի տարածքից ներթափանցել Բրյանսկի մարզ», - հաղորդում է Անվտանգության դաշնային ծառայությունը։

Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ խմբի անդամները զինված էին գերմանական արտադրության ատրճանակներով, նրանց մոտ չորս ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել, որոնց ընդհանուր հզորությունը հավասարազոր է եղել 40 կիլոգրամ տրոտիլի։

20:51 26.12.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Էնգելսի քաղաքի օդանավակայանի վրա նոր հարձակման մասին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, երեք զինվոր է զոհվել։

Ուկրաինայի սահմանից 700 կմ հեռու գտնվող օդանավակայանը, որը երկրի գլխավոր ռազմական ավիաբազան է Ռուսաստանի եվրոպական մասում, վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է հարձակման ենթարկվում անօդաչու սարքով։

Կիևը դեռ չի մեկնաբանել այս հարձակումը, իսկ ռազմական փորձագետները ռուսական կողմի հերթական ձախողում են համարում խորը թիկունքում գտնվող օդանավակայանին հասցված հերթական հարվածը։

Մինչ այդ, Մոսկվայից իրարամերժ հայտարարություններ են հնչում։ Եթե Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր ընդարձակ հոդվածում կտրուկ հայտարարում է, որ Մոսկվան իմաստ չի տեսնում Կիևի հետ բանակցություններում և, այսպես կոչված, հատուկ ռազմական օպերացիայի բոլոր նպատակները, այդ թվում՝ Ուկրաինայի ամբողջական ապառազմականացումը պետք է իրականություն դառնան, Ռուսաստանի նախագահը դարձյալ ասել է, թե պատրաստ են բանակցել։

Ըստ Վլադիմիր Պուտինի, Մոսկվան պատրաստ է բանակցությունների «այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ»։ Կրեմլի ղեկավարը միաժամանակ շարունակում է պնդել, թե Ռուսաստանը, որն արդեն տասն ամիս ռմբակոծում է ուկրաինական խաղաղ բնակավայրերն ու էներգետիկ ենթակառուցվածները, ամեն ինչ ճիշտ է անում. - «Կարծում եմ, որ մենք գործում ենք ճիշտ ուղղությամբ: Մենք պաշտպանում ենք մեր ազգային շահերը, մեր քաղաքացիների, մեր ժողովրդի շահերը: Կրկնում եմ՝ մենք այլ ընտրություն չունենք, քան պաշտպանել մեր քաղաքացիներին: Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք բանակցել այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ ինչ-որ ընդունելի արդյունքների շուրջ։ Մենք չէ, որ հրաժարվում ենք բանակցություններից, իրենք են հրաժարվում»:

Ուկրաինայի նախագահը չի հավատում, որ ռուսները խաղաղություն են ուզում, հակառակը՝ նա համոզված է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին է'լ ավելի ուժգին են ռմբակոծվելու ուկրաինական բնակավայրերը. - «Նոր տարուն հաշված օրեր են մնացել։ Մենք հասկանում ենք, որ մեր թշնամին փորձելու է այս ժամանակը մեզ համար մութ ու դժվար դարձնել։ Գիտեմ, որ խավարը մեզ չի խանգարի օկուպանտներին տանել դեպի իրենց նոր պարտությունները։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Խնդրում ենք լսել այս օրերին օդային ահազանգերը»։

08:05 28.12.2022

Պենտագոնի անանուն պաշտոնյաները փաստացի սպառնացել են հարվածել Կրեմլին և ֆիզիկապես ոչնչացնել Ռուսաստանի նախագահին, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, թե Մոսկվային զսպելու Արևմուտքի քաղաքականությունը չափազանց վտանգավոր է և կարող է միջուկային տերությունների անմիջական զինված բախման հանգեցնել։

«Վաշինգտոնը գնաց ամենահեռուն, այնտեղ Պենտագոնի որոշ «անանուն պաշտոնյաներ» իրականում սպառնացել են «գլխատման հարված» հասցնել Կրեմլին, իրականում խոսքը ռուսական պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին է։ Եթե ինչ-որ մարդիկ նման գաղափարներ ունեն, ապա պետք է շատ լուրջ մտածեն նման ծրագրերի հնարավոր հետևանքների մասին», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը չի հստակեցրել այս տեղեկության աղբյուրը, բայց արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Լավրովը հավանաբար նկատի է ունեցել Newsweek-ի հոդվածներից մեկը։ Այն հրապարակվել էր սեպտեմբերի վերջին, երբ Կրեմլը խոսում էր միջուկային զենքի կիրառման սպառնալիքից, և հոդվածում խոսվում էր այն մասին, թե ինչպես կվարվի ԱՄՆ-ը, եթե Ռուսաստանը իսկապես միջուկային զենք օգտագործի։ Newsweek-ի զրուցակիցներն ընդգծել էին, որ նույնիսկ այդ դեպքում ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, չի պատասխանի միջուկային զենքով, քանի դեռ իր տարածքը հարձակման չի ենթարկվել և միայն այդ պարագայում հնարավոր են այլընտրանքներ, ներառյալ «գլխատման հարվածը» Կրեմլին։ Իր հերթին Միացյալ Նահանգների նախագահը բազմիցս ասել է, որ Վաշինգտոնը չի ձգտում Պուտինի ռեժիմի տապալմանը։

Լավրովը պետական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում կրկին պնդել է, թե ուկրաինական ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, իսկ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմավարական նպատակը Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն է։ Հակամարտության հիմնական շահառուն էլ, Լավրովի կարծիքով, Միացյալ Նահանգներն է. - «ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ բախման անընդունելիության մասին արևմտյան երկրների հայտարարությունները զուտ կեղծավորություն են։ Դաշինքի անդամներն արդեն դարձել են հակամարտության կողմ։ Վաշինգտոնն ու Կիևը ցանկացած պահի կարող են դադարեցնել անիմաստ դիմադրությունը։ Ապառազմականացման և դենացիֆիկացիայի մեր առաջարկները հայտնի են թշնամուն, մնում է ընդունել այդ առաջարկները: Հակառակ դեպքում՝ հարցը կլուծի ռուսական բանակը»։

Լավրովը նաև պնդել է, թե Խերսոնի, Զապորոժիեի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերի գրավված տարածքները Ռուսաստանի մասն են։

Մինչդեռ Խերսոնի մարզի մեծ մասից, այդ թվում Խերսոն քաղաքից ռուսները դուրս են եկել, իսկ Դոնցեցկի մարզում արդեն հինգ ամիս է, չեն կարողանում գրավել Բախմուտ քաղաքը։

08:06 28.12.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ 2023 թվականի փետրվարի 1-ից արգելվում է նավթ մատակարարել օտարերկրյա ընկերություններին և ֆիզիկական անձանց, եթե նրանց պայմանագրերում գների վերին շեմ է սահմանված։ Սահմանափակումները կգործեն մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը։

Գների շեմի մեխանիզմով ռուսական նավթամթերքի մատակարարման արգելքը, որը նույնպես ներդրվել է հրամանագրով, ուժի մեջ կմտնի կառավարության կողմից նշանակվող օրվանից (բայց ոչ շուտ, քան նույն փետրվարի 1-ը)։

Եվրոպական միության խորհուրդն ավելի վաղ հաստատել է ռուսական նավթի մեկ բարելի գնի վերին շեմը 60 դոլար սահմանելու որոշումը:

16:17 28.12.2022

Եվրոպայում գազի գինը հասել է նվազագույնին Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր՝ մոտ 820 եվրո հազար խորանարդ մետրի դիմաց:

Գազի գինը հասել էր առավելագույնին օգոստոսի վերջին։

Deutsche Welle հեռուստաընկերությունը մեջբերում է Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության զեկույցը, ըստ որի` գազի գնի իջեցմանը նպաստել է դեկտեմբերի վերջին Եվրոպայում հաստատված տաք եղանակը, որը նվազեցրել է գազի սպառումը, ինչպես նաև հողմակայաններից ավելի շատ էներգիայի հոսքը:

Սուրբ Ծննդյան տոներին Գերմանիայում գազի պահեստարանները 88,2 տոկոսով լցված են մնացել: Նոյեմբերի սկզբին, չնայած Ռուսաստանից մատակարարումների դադարեցմանը, Գերմանիայի գազի պահեստարանները լցված էին ավելի քան 99 տոկոսով։

16:20 28.12.2022

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում վերահաստատել է իր կառավարության լիարժեք աջակցությունը Կիևին։ Այս մասին հայտնել է Իտալիայի կաբինետի ղեկավարի գրասենյակը։

Մելոնին, ով ստանձնել է պաշտոնը հոկտեմբերին, Կիևի հաստատակամ կողմնակիցն է, չնայած իշխող կոալիցիայի ներսում խնդրի շուրջ տարաձայնություններին և երկրում հասարակական կարծիքի պառակտմանը:

Ավելի վաղ Թվիթերում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն էր հայտնել Մելոնիին «համերաշխության և համակողմանի աջակցության» համար և հայտնել, որ Իտալիան դիտարկում է Կիևին հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու հարցը։

16:21 28.12.2022

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է քաղաքի ռմբակոծության մասին։ «Խարկովը կրակի տակ է, բոլորին խնդրում եմ մնալ ապաստարաններում և նախազգուշական միջոցներ ձեռնարկել», - գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Խարկովում ծուխ է երևում, գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Խարկովի մարզում և մարզկենտրոնում օդային տագնապ է հայտարարված։ Օդային տագնապ է հայտարարվել նաև Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում։

Ռուսական կողմը հաղորդում է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրվա ընթացքում 35 անգամ հրետակոծել են Դոնեցկը, վիրավորվել է մեկ խաղաղ բնակիչ։

16:23 28.12.2022

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե հարկավոր չէ որևէ կերպ արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանի Դաշնությանը բացառելու՝ պաշտոնական Կիևի կոչին:

«Ոչինչ մի արեք: Սա հենց այն դեպքն է, երբ շունը հաչում է, իսկ քարավանը՝ գնում», - այսօր ասել է նա Sputnik ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է Մոսկվան արձագանքի Ուկրաինայի արտգործնախարարության համապատասխան հայտարարությանը։

16:24 28.12.2022

«Այն ռուսաստանցիները, որոնք իրենց երկրին պարտություն են ցանկանում, պետք է զրկվեն մինչև կյանքի վերջը Ռուսաստան վերադառնալու իրավունքից, ինչպես նաև հայրենիքում առկա բոլոր եկամտի աղբյուրներից», - այսօր հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Անբարո այս իրավիճակին, երբ դավաճանները տենչում են սեփական պետության պարտությունը, բայց դրան զուգահեռ նաև գումար են վաստակում Ռուսաստանի հաշվին, պետք է մեկընդմիշտ վերջ տալ», - գրել է Մեդվեդևը իր Տելեգրամ ալիքում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG