Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ ռուսական ուժերի դեսանտային ստորաբաժանումները Սոլեդար քաղաքը շրջափակել են հյուսիսից և հարավից, իսկ քաղաքի ներսում մարտեր են ընթանում։
Ուկրաինական կողմի տարբեր աղբյուրները ևս հայտնում են քաղաքում ընթացող մարտերի մասին, որտեղ ուկրաինական ուժերի համար ծանր իրավիճակ է ստեղծվել։
Դոնեցկի մարզի Սոլեդար փոքր քաղաքը գտնվում է Բախմուտից 10 կիլոմետր հյուսիս։ Վերջին շրջանում այս ուղղության վրա ռուսները մեծ ուժեր են կենտրոնացրել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնեց, որ Ուկրաինայում ռուսական միացյալ զորախմբի հրամանատար է նշանակվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Նախկին հրամանատար գեներալ Սերգեյ Սուրովիկինը կլինի նրա երեք տեղակալներից մեկը։
Լեհաստանի և Լիտվայի նախագահները նախօրեին Լվովում հանդիպել են Ուկրաինայի ղեկավարի հետ։
Լեհաստանի նախագահը խոստացել է Կիևին Լեոպարդ 2 գերմանական արտադրության տանկեր փոխանցել, իսկ Լիտվայի ղեկավարը՝ հակաօդային պաշտպանության միջոցներ։
ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաղորդել է, որ անցած տարվա փետրվարից մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինայից Եվրոպա է տեղափոխվել մոտ 8 միլիոն փախստական:
Ռուսաստանի Դաշնության պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 17-ին կգումարի նիստ, որի օրակարգում կլինի իրավիճակն Ուկրաինայում:
«Այն մասին, թե ինչ կլինի նիստում՝ ես դեռ չեմ խոսի, թող մեր ընդդիմախոսները տեղյակ չլինեն, թեպետ մենք արդեն նրանց վարժեցրել ենք, որ «հակառուսական» օրակարգով նիստերին մենք պատասխանում ենք մեր նիստերով»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հունվարի 12-ին և 13-ին նախատեսվում են քննարկումներ Ուկրաինայի թեմայով:
«Նրանց [Ռուսաստանի ընդդիմախոսների] գործողությունների դրդապատճառը շատ պարզ է՝ ամեն անգամ Անվտանգության խորհուրդ բերել հակառուսական բնույթի ուկրաինական սյուժե»,- ասել է Պոլյանսկին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «հատուկ ռազմական օպերացիայի բոլոր նպատակները մնում են ուժի մեջ:
Ռուսաստանում 2022 թվականի փետրվարի 24-ին մեկնարկած հարձակումն Ուկրաինայի վրա անվանում են «հատուկ ռազմական օպերացիա»:
«Նոր նպատակների մասին գերագույն գլխավոր հրամանատարը չի հայտնել, բոլոր նախկին նպատակներն օրակարգում են»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը շարունակում է հետապնդել Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման նպատակները:
Նա դրական է արձագանքել նաև Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ազատագրումը 2014 թվականի սահմաններին համապատասխան իրականացնելու հարցին:
«Այո, իհարկե, դրանք Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ են և պետք է ազատագրվեն»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանը շարունակում է հզորացնել ռազմական խմբավորումն Ուկրաինայում, սակայն ուկրաինական բանակը պահում է դիրքերը Սոլեդարում: Այդ մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը:
«Սոլեդարի ուղղությամբ՝ Բախմուտի մոտակայքում, կատաղի մարտեր են: Չնայած ծանրագույն կացության, ուկրաինացի զինծառայողները շարունակում են կռվել և պահում են դիրքերը: Փորձելով գրավել Սոլեդարը, թշնամին մեծ կորուստներ է կրում, քաղաքի մատույցներում ամենուր Պուտինի զինվորների դիակներն են: Նրանք հազարներով են զոհվում, բայց մենք դիմադրում ենք: Ռուսներն իրենց դիակների վրայով են փորձում առաջ շարժվել»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը:
Նրա խոսքով, ռուսներն Ուկրաինայում ռազմական ստորաբաժանումների ընդհանուր թիվը 250-ից հասցրել են 280-ի:
Ռազմաճակատում ստեղծված վիճակի մասին խոսել է նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, բրիգադի գեներալ Օլեքսի Գրոմովը:
Նա ասել է, թե երկրի արևելյան հատվածում ծանր կացություն է, բայց կա նաև հյուսիսից՝ Բելառուսի տարածքից հարձակման վտանգ, «որը հրատապ կլինի ամբողջ 2023 թվականի ընթացքում»:
«Վագներ» ռուսական մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ արևելյան Ուկրաինայում հայտնաբերել են երկու անհետացած բրիտանացի կամավոր աշխատողներից մեկի դին:
Ուկրաինայում անհետ կորած են համարվում բրիտանացիներ Էնդրյու Բագշոուն և Քրիստոֆեր Փարրին:
«Վագների» խումբը հայտնել է նրանցից մեկի դին գտնելու մասին, նշելով, թե «տեղում գտնվել են երկու բրիտանացիների փաստաթղթերը»: Այլ մանրամասներ չկան:
48-ամյա Էնդրյու Բագշուն և 28-ամյա Քրիսթոֆեր Փարրին հունվարի 7-ից են անհետացել: Ռուսական իշխանամետ լրատվամիջոցները պնդում են, թե երկու բրիտանացիները վարձկաններ են:
Բագշոուի և Փարրիի ընտանիքները հակադարձում են, որ նրանք կամավոր աշխատողներ են, ովքեր օգնել են ռազմաճակատի գծից մարդկանց հեռացնել:
Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լաբրեխտն այսօր տեղեկացրել է, որ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտը Marder տեսակի 40 զրահամեքենաներ կուղարկվի Ուկրաինա:
«Մենք ամեն ինչ կանենք, որ 40 Marder-ները և դրանց հետ աշխատելուն պատրաստ ուկրաինացի զինծառայողները մինչև այս եռամսյակի ավարտը ուղարկվեն Ուկրաինա»,- ասել է նախարարը:
Հունվարի 11-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ Վարշավան որոշել է Կիևին տրամադրել մեկ վաշտի հաշվով Leopard տեսակի գերմանական արտադրության հրասայլեր:
Նա նշել է, որ «մինչ այդ պետք է լուծվեն մի շարք պաշտոնական պահանջներ, և կատարվի հարցի համաձայնեցում»:
Ըստ վերլուծաբանների, խոսքը Գերմանիայի կառավարության դիրքորոշման մասին է, քանի որ Բեռլինն է հավանությունը տալիս գերմանական արտադրության սպառազենի վերջնական օգտագործման ծրագրերին:
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) ռազմաճակատում իրավիճակի վերաբերյալ իր հերթական զեկույցում առաջին անգամ նշում է, որ «ռուսական ուժերը վերահսկում են Սոլեդարի տարածքի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, և նրանց, ըստ երևույթին, հաջողվել է ուկրաինական զորքերը դուրս մղել բնակավայրի արևմտյան ծայրամասերից»։
Միևնույն ժամանակ, ինստիտուտի փորձագետները կարծում են, որ «հունվարի 11-ին Սոլեդարի հավանական գրավումը իրավիճակի օպերատիվ կարևոր զարգացում չէ, և այն չի հանգեցնի Բախմուտի շրջապատմանը»: