Հունվարի 18-ի առավոտյան Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա առաջին տեղակալն ու պետքարտուղարը։
Արտակարգ իրավիճակների ծառայության ուղղաթիռը ընկել է բնակելի տան ու մանկապարտեզի միջև։ Վթարի վայրում հրդեհ է բռնկվել։
«Առաժմ հայտի է 16 զոհերի մասին, որոնցից երկուսը երեխաներ են։ Զոհվածներից 9-ը գտնվել են ուղղաթիռի մեջ։ 22 տուժածներ գտնվում են հիվանդանոցում, այդ թվում՝ 10 երեխա»,- հայտնել է Ազգային ոստիկանության պետ Իգոր Կլիմենկոն։
Մոսկվան Կիևից պահանջում է հրաժարվել կորցրած տարածքներից՝ բանակցություններ սկսելու համար, և դրա հետ համաձայնվելը անընդունելի է, հունվարի 17-ինասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլիքենը Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Կլևերլիի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։
Բլինքենն ասել է, որ մոտ օրերս Վաշինգտոնը կհայտնի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, նշելով, որ մինչ այժմ Վաշինգտոնը 25 միլիարդ դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել Կիևին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր հանդես է եկել Կիևին ավելի շատ ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր մատակարարելու օգտին՝ Ռուսաստանի ներխուժմանը դիմակայելու համար։
«Գրեթե մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը վարում է ոչնչացնելու ռազմավարություն, ահաբեկչության ռազմավարություն, փորձելով ռումբերով հպատակեցնել Ուկրաինայի ժողովրդին։ Բայց ուկրաինացիները դիմադրում են։ Մենք, Եվրամիությունը կշարունակենք աջակցել նրանց որքան անհրաժեշտ է։ Հիմա է ժամանակը, նրանք հրատապ կարիք ունեն ավելի շատ տեխնիկայի և ես անձամբ կողմ եմ, որ Ուկրաինային տանկեր մատակարարվեն»,- «Ռոյթերսի» փոխանցմամբ` ասել է Շառլ Միշելը։
Բելառուսի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել, ըստ որի Վրաստանի քաղաքացի Գեորգի Զիրակաշվիլին մտադիր էր Բելառուսի տարածքից մտնել Ուկրաինա և միանալ Ռուսաստանի դեմ կռվող «Վրացական լեգիոնին»։
Այդ հաղորդման մեջ բաց տեքստով մեղադրանքներ են հնչել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզմինի հասցեին՝ իբր նա մարդիկ է հավաքագրում Ուկրաինայում պատերազմելու համար։
Դեսպանը ի պատասխան պրոպագանդիստների մեղադրանքnերի, հայտնել է, որ Ուկրաինայի դեսպանությունը արդեն նոտա է հղել Բելառուսի արտգործնախարարությանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հետ այսօր կայացած հանդիպմանը ասել է, որ Ուկրաինայի իրադարձությունների ողբերգությունը սկսվել է 2014 թվականից։
2014-ին Ուկրինայի նախագահ ռուսամետ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնանկ էր արվել Գերագույն ռադայի կողմից։ Նա հեռացել էր Կիևից Խարկով, այնուհետև Ղրիմ, իսկ հետո փախել Ռուսաստան։
Պուտինի խոսքերով՝ Ուկրաինայի ողբերգական իրավիճակը սկսվել է այդ «հակասահմանադրական, հակապետական, զինված հեղաշրջումով», իսկ ինչ իրենք այսօր անում են, այդ թվում՝ հատուկ ռազմական գործողությունը՝ փորձում են «դադարեցնել պատերազմը»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Գերմանիան այլևս կախված չէ ռուսական էներգետիկայից, BBC-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։
Նրա խոսքով՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Գերմանիան ամբողջությամբ դիվերսիֆիկացրեց իր էներգետիկ ենթակառուցվածքը և գտավ ներմուծման այլ աղբյուրներ։
«Այո՛, իհարկե, Գերմանիան դեռևս կախված է էներգակիրների ներկրումից, բայց արդեն ոչ թե Ռուսաստանից, այլ համաշխարհային շուկաներից»,- ասել է նա։
Բեռլինը թույլ չի տա իր դաշնակիցներին գերմանական արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա քանի դեռ ԱՄՆ-ը չի հաստատել սեփական մարտական տանկերը Կիևին մատակարարելու որոշումը, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Լոնդոնում տեղակայված Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն իրենց տրամադրության տակ ունեն ավելի քան 2000 գերմանական արտադրության Leopard տանկեր, որոնք իրենց տեսակի մեջ աշխարհում ամենա ամենառաջադեմն ու արդյունավետն են։ Եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Լեհաստանի, Ֆինլանդիայի և Դանիայի կառավարությունները հայտարարել էին, որ պատրաստ են գերմանական տեխնիկա ուղարկել Ուկրաինա, եթե Բեռլինը թույլ տա։
Ուկրաինայի նախագահն այսօր կրկին հորդորել է Արևուտքին չհապաղել և հնարավորինս շուտ Ուկրաինային հակաօդային համակարգեր և տանկեր տրամադրել։
«Հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը պետք է ավելի արագ լինի, քան Ռուսաստանի հաջորդ հրթիռային հարձակումները: Արևմտյան տանկերի մատակարարումները պետք ավելի արագ լինեն, քան ռուսական տանկերի հերթական ներխուժումը», - տեսակապով դիմելով Դավոսի տնտեսական համաժողովի մասնակիցներին՝ ասել է Վլադիմիր Զելենսկին։
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես հայտարարել է, թե անհրաժեշտ է ակտիվացնել Ուկրաինային սպառազինության մատակարարումը, և անել դա հենց այս փուլում՝ պատերազմի վճռորոշ պահին։ Նրա կարծիքով, դա է արդեն 11 ամիս շարունակվող պատերազմն ավարտելու միակ հնարավորությունը. - «Պուտինը խաղաղության պատրաստ լինելու նշաններ ցույց չի տվել, ուստի նա պետք է գիտակցի, որ չի կարող հաղթել մարտի դաշտում: Սա պատերազմի առանցքային պահն է, և մենք այսօր պետք է ավելի շատ զենք տրամադրենք»։
Կիև է ժամանել Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ քննարկելու Երոպական դաշինքի հետագա օգնությունը Ուկրաինային։
«Վերադարձել եմ Կիև քննարկելու բազմակողմ համագործակցությունը։ Թող 2023 թվականը դառնա հաղթանակի և խաղաղության տարի», - Թվիթերում գրել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։
Նախօրեին Միշելը հայտարարել է, որ անձամբ կողմ է, որպեսզի Արևմուտքը Կիևին տանկեր հատկացնի։ Եվրամիությունը անցած շաբաթներին Կիևին 18 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու մասին որոշում է ընդունել, բացի այդ քննարկում է գերմանական Leopard տանկերը Ուկրաինային փոխանցված սպառազինությունների ցանկում ներառելու հարցը։
Ինչպես խոստացվել էր այս շաբաթվա սկզբին, երեկ Պենտագոնը հայտարարեց Ուկրաինային 2,5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության փաթեթի տրամադրման մասին, ներառյալ Stryker զրահափոխադրիչները և Bradley մարտական մեքենաները:
Փաթեթը ներառում է նաև պահեստամասեր՝ HIMARS հրթիռային համակարգերի, այլ զինամթերքի և հակաօդային պաշտպանության համակարգերի համար։
Փաթեթը մեծությամբ երկրորդն է ԱՄՆ-ի կողմից մինչ օրս տրամադրված օգնության:
Ամենամեծը 3 միլիարդ դոլարից ավելի փաթեթն էր, որի մասին հայտարարվել էր հունվարի սկզբին։