Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ռուսական օդուժն այս գիշեր 32 թևավոր հրթիռ է արձակել, որոնցից 14-ը խոցվել է, հրթիռներից մի քանիսը հասել են նպատակակետերին՝ հարվածելով կենսական նշանակության ենթակառուցվածքներին:
Ուկրաինայի պաշտոնական տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքում զոհվել է 79-ամյա կին, 7 մարդ վիրավորվել է, վնասվել են բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություններ։
Հաղորդվում է նաև Պոլտավայի, Լվովի, Կիրովոգրադի շրջաններին հասցված հարվածների մասին։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության համաձայն՝ ռուսական օդուժն այս գիշեր 32 թևավոր հրթիռ է արձակել, որոնցից 14-ը խոցվել է, հրթիռներից մի քանիսը հասել են նպատակակետերին՝ հարվածելով կենսական նշանակության ենթակառուցվածքներին:
Ուկրաինայի պաշտոնական տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքում զոհվել է 79-ամյա կին, 7 մարդ վիրավորվել է, վնասվել են բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություններ։
Հաղորդվում է նաև Պոլտավայի, Լվովի, Կիրովոգրադի շրջաններին հասցված հարվածների մասին։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ուրբաթ օրը կմեկնի Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիայի զարգացմանը, ինչպես նաև անվտանգությանը և պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Լուկաշենկոն այս մասին խոսել է Մինսկում արտասահմանցի լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով հարևան Ուկրաինայում շարունակվող պատերազմին Բելառուսի առաջնորդը հրաժարվել է Ռուսաստանի գործողություններն անվանել «ներխուժում»՝ պատերազմ հրահրելու համար մեղադրելով Ուկրաինային և Արևմուտքին։ Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ Բելառուսը «չի պատրաստվում իր զորքը մտցնել Ուկրաինայի տարածք», և բելառուսական բանակը կմիանա պատերազմին միայն Ուկրաինայի կողմից ագրեսիայի դեպքում։
Ինչ վերաբերում է Բելառուսի տարածքում տեղակայված ռուսական բանակին, Լուկաշենկոյի խոսքերով, երկիրը պաշտպանելու նպատակով է։
«Բանակցային գործընթացի արդյունքում փետրվարի 16-ին կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձել են 101 ռուսաստանցի զինծառայողներ», - հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Թե ինչ բանակցային գործընթացի մասին է խոսքը, ռուսական կողմը չի հստակեցնում։
Պաշտոնական Կիևը գերիների փոխանակման մասին դեռևս չի հաղորդել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխզիջում հնարավոր չէ, քանի որ հավատ չկա, BBC բրիտանական հեռուստառադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նրա փոխանցմամբ, ուկրաինական տարածքների հանձնումը Ռուսաստանին մեծ սխալ կդառնար, քանի որ Ռուսաստանը դրանից հետո ամեն անգամ կվերադառնար նոր պահանջներով:
«Այսօր մեր գոյատևումը, մեր միասնությունը մեկ նպատակ ունի․ մենք գնում ենք Եվրոպա, Ուկրաինան ընտրել է այս ճանապարհը: Այս ամենը չի կարելի կորցնել: Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ուզում։ Տարածքային զիջումները միայն կթուլացնեին ուկրաինական պետությունը և կդառնային Կիևի կենտրոնում, Եվրոպայի կենտրոնում տեղադրված ռումբ»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի ղեկավարի փոխանցմամբ, խնդիրը ոչ թե «փոխզիջում» եզրույթն է, այլ նա, ում հետ պետք է փոխզիջում արվի:
«Իսկ Պուտինի հետ դա հնարավոր չէ, քանզի նրան հավատալ չի կարելի»,- ասել է Զելենսկին:
Հարցազրույցում նա ընդգծել է, որ միայն արդիական սպառազենը կարող է խաղաղություն մոտեցնել:
«Զենքի լեզուն միակն է, որը Պուտինը հասկանում է»,- ասել է Զելենսկին, ավելացնելով, որ վերլուծաբանների կողմից ակնկալված ռուսների գարնանային հարձակումն արդեն մեկնարկել է մի քանի ուղղություններով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է Ղրիմում ռուսների ռազմական թիրախներին Ուկրաինայի հասցրած հարվածներին:
«Ռուսաստանը Ղրիմում տեղակայել է մեծ թվով ռազմական կառույցներ, դրանք Ուկրաինայի համար օրինական թիրախներ են և հարվածների են ենթարկվում, մենք աջակցում ենք դրան: Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորված չի լինի, քանի դեռ Ղրիմն առնվազն չի ապառազմականացվել», - ասել է Նուլանդը:
Անդրադառնալով այն հարցին, որ ուկրաինացիների հարձակումը Ղրիմի վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար կդառնա «կարմիր գիծ», որից հետո Ուկրաինան կարող է ռուսների կողմից ենթարկվել է՛լ ավելի հզոր հարվածների, Նուլանդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մոտ ապագայում առաջնահերթությունը ռուսների գրոհները զսպելն է:
Նա ենթադրում է, որ ռուսների խոշոր հարձակումն արդեն մեկնարկել է, այն պետք է հետ մղել և անցնել հակագրոհի:
Ռուսաստանը երեկ առնվազն 36 հրթիռներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, մասնավորապես, ծանր հարվածի է ենթարկվել նավթամշակման գործարանը: Կիևը նշել է, որ Բախմուտի համար կատաղի մարտերը շարունակվում են:
Անցյալ տարվա փետրվարի 24-ին սկսված այս արյունալի պատերազմի ընթացքում երկու կողմերից տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել:
«Այսօր շտաբում բոլոր հրամանատարների հետ խորհրդակցություն էր, լսեցինք զեկույցներ ճակատում իրավիճակի մասին, հիմա պետք է զսպել թշնամու գրոհները»,- ասել է Զելենսկին:
Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի կենտրոնական թեմաներից մեկն Ուկրաինան է:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հավաստիացրել է, որ իր երկրում արտադրված ծանր տեխնիկան առաջիկայում կհասնի Ուկրաինա:
«Գերմանական «Leopard»-ներն ամենաուշը մարտ ամսվա վերջին կլինեն Ուկրաինայում»,- ասել է նախարարը:
Նա կրկնել է ՆԱՏՕ-ի երկրներին հասցեագրված կոչը պաշտպանական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 տոկոսը հասցնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ այլապես դաշինքը չի կարողանա կատարել անհրաժեշտ ծրագրերը:
«Համոզված եմ, որ հիմա այնպիսի ժամանակ է, երբ էլ ավելի է կարևորվում Մյունխենի անվտանգության համաժողովի նշանակությունը»,- հայտարարել է Բորիս Պիստորիուսը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան զայրույթով է արձագանքել Ղրիմում ռուսական ռազմական թիրախներին ուկրաինացիների հասցրած հարվածներին հավանություն տալու մասին ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդի հայտարարությանը:
«Ահա Նուլանդի մեկնաբանությունը, տեսեք, Վաշինգտոնը սատարում է ռուսական թերակղզուն Ուկրաինայի հարվածներին, Նուլանդը նաև ասում է, թե Ղրիմը պետք է ապառազմականացնել: Վերստին ստիպված ենք փաստել, որ Միացյալ Նահանգները ներքաշված է Ուկրաինայի հակամարտությանը»,- հայտարարել է Զախարովան:
Նրա համոզմամբ, Վաշինգտոնը Կիևին հրահրում է հակամարտությունը տեղափոխել Ռուսաստանի տարածք:
«Նրանք {ամերիկացիները} առաջարկում են դա անել ուղիղ հարվածներով, մենք հենց այս վտանգի մասին էինք նախազգուշացնում, հենց դա է մեզ ստիպել սկսել հատուկ ռազմական օպերացիան»,- ասել է Զախարովան:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը համոզված է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է շարունակել ռազմական օգնություն տրամադրել ռուսների կողմից ագրեսիայի ենթարկված այդ երկրին:
Նա ասել է, թե հակամարտությունը վաղ թե ուշ պետք է ավարտվի բանակցություններով, բայց դրանց արդյունքը կախված կլինի ռազմի դաշտում ստեղծված իրավիճակից:
«Այսօր Կիևին սատարելը միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի հասնել հարատև և արդար խաղաղության»,- ասել է Ստոլտենբերգը Մյունխենում:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը դրական պատասխան է տվել այն հարցին, թե ադրյո՞ք Կիևը կարող է հաղթել:
«Այո, և դա է պատճառը, որ մենք սատարում ենք Ուկրաինային»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ռուսական կողմը պնդում է, թե Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումը սոսկ երկարաձգում է հակամարտությունը, բայց դրա ընթացքի և ավարտի վրա, իբր, ազդեցություն չի գործի: