«Եթե «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը նահանջեն Բախմուտից, ռազմաճակատը կփլուզվի», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել այդ կառույցի ղեկավար Եվգենի Պրիգոժինը։ Նրա տեսաուղերձը տեղադրված է «Վագներ»-ի պաշտոնական Տելեգրամ ալիքում։
«Եթե մենք նահանջենք, ապա պատմության մեջ ընդմիշտ կմնանք որպես մարդիկ, որոնք հիմնական քայլն արեցին դեպի պարտությունն այս պատերազմում», - ասել է Պրիգոժինը։
Ուկրաինանի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Կիևում կայացած խորհրդակցության ընթացքում հրահանգել է շարունակել Բախմուտի պաշտպանությունը։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, որի փոխանցմամբ՝ խորհրդակցությունը մասնակցել են զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին և զորքերի «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական խմբավորման հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Նախագահը հարցրել է գեներալների կարծիքը ընթացող գործողության մասին։ Նրանք հանդես են եկել պաշտպանական գործողության շարունակության և Բախմուտում ուկրաինական զորքերի դիրքերի ամրապնդման օգտին», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ արևմտյան մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Ուկրաինայի նախագահի և ԶՈւ հրամանատարի միջև Բախմուտից նահանջի նպատակահարմարության հարցում տարաձայնություններ են ի հայտ եկել։
«Եթե անգամ ռուսական զորքերին հաջողվի գրավել Բախմուտ քաղաքը, դա ռազմական գործողություններում բեկման չի հանգեցնի», - հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լոյդ Օսթինը։
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ինքը չի կարող ասել՝ արդյոք ուկրաինացիներին կհաջողվի պահել Բախմուտը, թե ոչ, սակայն անգամ դրա կորուստը ռուսական զորքերի լուրջ հաջողություն համարելը սխալ կլինի։
«Բախմուտն առավեապես խորհրդաշնական, այլ ոչ թե ռազմավարական կամ օպերատիվ նշանակություն ունի», - հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը։
Միացյալ Նահանգների և Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ կազմակերպությունների ցանկը, որոնք վերջերս ԱՄՆ պատժամիջոցների թիրախ են դարձել Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիային աջակցելու համար, ներառում է երկու կանադական ընկերություններ:
Ըստ ԱՄՆ առևտրի նախարարության, երկու էլեկտրոնիկա ներմուծողներ Մոնրեալից՝ Cpunto Inc. և Electronic Network Inc., ենթակա են ԱՄՆ-ի արտահանման սահմանափակումների: Չի նշվում, թե կոնկրետ ինչ են ուղարկել կամ փորձել ուղարկել Ռուսաստան երկու ընկերությունները։
Առևտրի նախարարությունը վերջերս արտահանման սահմանափակումներ էր մտցրել Ռուսաստանից և երրորդ երկրներից մոտ 90 ընկերությունների համար և արգելել նրանց գնել մասնավորապես կիսահաղորդիչներ:
Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակն այսօր ասել է, որ Լեհաստանի ջանքերի շնորհիվ Ուկրաինան արդեն ստացել է գերմանական «Լեոպարդ» տանկեր ու ամերիկյան հակաօդային պաշտպանության «Փեթրիոթ» համակարգեր։
Նա ասել է, որ պատերազմի սկզբից ի վեր Լեհաստանը 2 միլիարդ 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային և կշարունակի աջակցությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է, որ Բախմուտի գրավումը ռուսական ուժերին հնարավորության կտա շարունակելու հարձակողական գործողությունները Ուկրաինայի արևելքում։
Ռուսները Բախմուտը կոչում են հին, խորհրդային ժամանակների անվանումով՝ Արտյոմովսկ, իսկ ուկրաինական բնակավայրեի գրավումը համարում են ազատագրում։
«Շարունակվում է Արտյոմովսկի ազատագրումը։ Այդ քաղաքը Դոնբասում ուկրաինական զորքերի պաշտպանության կարևոր հանգույց է հանդիսանում։ Նրան վերահսկողության տակ վերցնելը թույլ կտա շարունակել հետագա հարձակողական գործողությունը», - նշել է նախարարը։
Շոյգուն նաև ասել է, որ Արևմուտքը ավելացրել է զենքի մատակարարման ծավալները Ուկրաինային, բայց նրա կարծիքով՝ դա իրավիճակը չի փոխի։
Ուկրաինայում իշխանությունները քրեական գործ են հարուցել՝ ռազմական հանցագործությունների հոդվածով, համացանցում տարածված տեսանյութից հետո, որում երևում է, թե ինչպես է ենթադրաբար անզեն ռազմագերին սպանվում «Փառք Ուկրաինային» կարգախոսը բացականչելուց հետո։
Թե որտեղ և երբ է նկարահանվել տեսանյութը, հստակ չէ։ Պաշտոնական Կիևը դիմել է Միջազգային քրեական դատարանին՝ հորդորելով հետաքննություն իրականացնել։ Նախագահ Զելենսկին հայտարարել է, թե բարբարոսական սպանությանը Ուկրաինան կարող է մեկ պատասխան տալ՝ մնալ միասնական ու հաղթական։
Ու մինչ Կիևը մեղադրում է Մոսկվային հերթական ռազմական հանցագործության մեջ, Մոսկվան կրկին հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ պատերազմը Ուկրաինայում ավարտվի։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չինաստանի արտգործնախարարության հայտարարությունը, թե ուկրաինական ճգնաժամը վերահսկվում է «անտեսանելի ձեռքով». - «Այստեղ թերևս կարող ենք չհամաձայնել չինացի ընկերների հետ։ Սա տեսանելի ձեռք է, սա Միացյալ Նահանգների ձեռքն է։ Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմի ավարտը, հակառակը՝ ամեն ինչ անում է այն շարունակելու համար»։
Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ անտեսանելի ուժերը փորձում են ձգձգել Ուկրաինայում հակամարտությունը սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար։
Անցած ամիս Պեկինը ներկայացրել էր ուկրաինական ճգնաժամի կարգավորման տասներկու կետանոց ծրագիր, որը, սակայն, կողմերի հավանությանը չի արժանացել։
Սեուլն առաջին անգամ թույլատրել է, որպեսզի հարավկորեական բաղադրիչներ պարունակող զենքը Ուկրաինային մատակարարվի: Խոսքը Լեհաստանի զինանոցում գտնվող համատեղ արտադրության Krab հաուբիցների մասին է, որոնք Վարշավան ցանկանում է Կիևին փոխանցել։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հարավկորեական իշխանությունների նման քայլը հարվածի տակ կդնի Մոսկվայի և Սեուլի հարաբերությունները, ինչին ի պատասխան Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հավաստիացրել էր, որ Սեուլը Ուկրաինային տրամադրում է բացառապես մարդասիրական օգնություն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Կիև։ Պատերազմի մեկնարկից ի վեր սա ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի երրորդ այցն է Ուկրաինա։
Այսօր Գուտերեշը բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման գործարքի երկարաձգումը, որի ժամկետը լրանում է մարտի 19-ին։
ՄԱԿ-ը փորձում է համոզել հակամարտող կողմերին երկարաձգել գործարքը, որը կնքվել է անցած տարվա հուլիսին ՄԱԿ-ի և Անկարայի միջնորդությամբ։ Պայմանավորվածության շնորհիվ ուկրաինական հացահատիկը սևծովյան նավահանգիստներից արտահանվում է արտերկիր։
Ուկրաինան հացահատիկ արտահանող աշխարհի խոշորագույն երկրներից մեկն է։ Մինչև պատերազմը Ռուսաստանն ու Ուկրաինան ապահովում էին հացահատիկի համաշխարհային արտահանման մոտ մեկ քառորդը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, թե չի բացառում ռուսական ուժերի կողմից Բախմուտի գրավումը առաջիկա օրերին։ Ելույթ ունենալով Եվրամիության և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը՝ Ստոլտենբերգը մեկնաբանել է Դոնեցկի մարզի Բախմուտի մերձակայքում շարունակվող ծանր մարտերը։
«Ռուսաստանը որակի պակասը փորձում է լրացնել քանակով։ Նրանք [ռուս զինվորականները-խմբ.] մեծ կորուստներ են կրել, բայց միևնույն ժամանակ չենք կարող բացառել, որ Բախմուտն ի վերջո մոտ օրերս կարող է ընկնել: Կարևոր է ընդգծել, որ դա չի նշանակում, որ պատերազմում միանշանակ բեկում է տեղի ունեցել։ Սա պարզապես ընդգծում է, որ մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին», - ասել է նա։
Չորեքշաբթի առավոտյան ԱՄՆ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի փորձագետները հայտնել են, որ ուկրաինական բանակը Բախմուտի արևելյան մասից նահանջել է, իսկ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ խմբավորումը գրավել է այդ շրջանը։
Ավելի ուշ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկու շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ ժամանել է Բախմուտ։ Գեներալի տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում նա պարգևներ է հանձնում քաղաքի պաշտպաններին։