Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:14 24.3.2023

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է պատերազմի ընթացքում Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձի վերաբերյալ համաժողով կազմակերպելու մտադրության մասին։

«Սա սարսափելի հիշեցում է մեր պատմության ամենամութ ժամանակների մասին: {…} Սա ռազմական հանցագործություն է», - ասել է նա Եվրամիության գագաթնաժողովից հետո:

16:15 24.3.2023

Ռուսական զորքերն այս գիշեր իրանական Shahed անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կրիվոյ Ռոգի վրա, հաղորդում են Ուկրաինայի իշխանությունները:

Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ ոչնչացվել է մեկ անօդաչու թռչող սարք, 5-ը խոցել են թիրախները։ Ըստ նրա՝ զոհեր և վիրավորներ չկան։

«Հարձակման հետևանքները պարզվում են», - գրել է Լիսակը Տելեգրամում։

16:16 24.3.2023

Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել ծանր վիրավոր գերիների, հայտնել են ուկրաինական պաշտոնական աղբյուրները։

«Այս դեպքում խոսքը ոչ թե ռազմագերիների փոխանակման, այլ հայրենադարձության մասին է՝ ծանր վիրավոր գերիներին վերադարձնել առանց որևէ պայմանի, ինչպես նախատեսված է միջազգային մարդասիրական իրավունքով», - ասված է ուկրաինական կողմի պաշտոնական հաղորդագրությոնում։

Ռուսաստանին հանձնված ծանր վիրավորների ստույգ թիվը չի նշվում՝ Կիևը նրանց թիվը չի հայտնել, Մոսկվան առայժմ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

12:54 25.3.2023

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինայում 6 հազար խաղաղ բնակիչ է տուժել, որոնցից 1600-ը սպանվել է։ Կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն ընդգծում է՝ իրականում կորուստները կարող են ավելի մեծ լինել:

Երեկ հրապարակված զեկույցի համաձայն՝ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետևանքով անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 400-ը՝ վիրավորվել։

ՄԱԿ-ի պաշտոնյաները փաստագրել են ռուս զինվորականների կողմից 21 խաղաղ բնակիչների սպանություն, այդ թվում՝ արտադատական մահապատիժներ, քաղաքացիական անձանց վրա հարձակումներ:

ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է նաև ռուս ռազմագերիների սպանության առնվազն 25 դեպք, ևս 15 ուկրաինացի ռազմագերի էլ սպանվել է ռուսաստանցի զինվորականների կողմից։

ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգների խոսքով՝ ուկրաինացի զինվորների 15 մահապատիժներից 11-ը իրականացրել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները։

15:59 26.3.2023

ԱՄՆ-ն արձագանքել է Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությանը։ Պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը CNN-ին ասել է, որ գերատեսչությունը կշարունակի վերահսկել իրավիճակը։ Սակայն, ընդգծել է նա, ԱՄՆ Պետդեպարտամենտը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում, և անհրաժեշտ չի համարում սեփական միջուկային ուժերը բարձր պատրաստության բերել։

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) Պուտինի հարցազրույցն անվանել է «այլ տեղեկատվական օպերացիա»։ Ինստիտուտի փորձագետները կարծում են, որ Պուտինը ուռճացնում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրը մոբիլիզացնելու հնարավորությունը՝ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին վախեցնելու համար։

Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է Բելառուսում տեղակայել իր մարտավարական միջուկային զենքը՝ երկրի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով։ ՌԴ նախագահի խոսքով՝ Բելառուսում մարտավարական միջուկային զենքի պահեստավորման շինարարությունը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը։ Բացի այդ, Պուտինի խոսքով, Բելառուսին է հանձնվել «Իսկանդեր» հրթիռային համակարգը, որը կարող է օգտագործել այս զենքը։

20:47 26.3.2023

Ուկրաինան պահանջել է շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Կիևը վճռական քայլեր է ակնկալում Անվտանգության խորհրդի մշտական անդամներից՝ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Չինաստանից։

Ռուսաստանը նույնպես այս կազմակերպության մշտական անդամ է և դրանում վետոյի իրավունք ունի։

Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի մտադրությունները Ուկրաինան «հերթական սադրիչ քայլն» է անվանում։

15:39 27.3.2023

ՆԱՏՕ-ն կիրակի օրը քննադատել է Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին Մոսկվայի որոշումը՝ այն անվանելով վտանգավոր և անպատասխանատու:

Միևնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում նշվում է, որ մինչ այժմ որևէ նախանշան չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է կիրառել միջուկային զենք: ՆԱՏՕ-ի դաշնակիցների մարտունակության մակարդակը նույնպես չի փոխվում:

15:42 27.3.2023

Ֆրանսիան Ռուսաստանին կոչ է անում վերանայել Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշումը:

Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում նշվում է, որ «այս համաձայնությունը Եվրոպայում սպառազինությունների վերահսկման և ռազմավարական կայունության միջազգային ճարտարապետության էրոզիայի լրացուցիչ տարր է»։

15:45 27.3.2023

Ռուս զինվորականների հսկողության տակ գտնվող Մելիտոպոլում մի քանի պայթյուն է որոտացել։ Չորս մարդ վիրավորվել է, տներ են վնասվել, հայտնել է Զապորոժիեի շրջանի Ռուսաստանի կողմից նշանակված վարչակազմի անդամ Վլադիմիր Ռոգովը։ Նա նաև հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս հրետակոծության հետևանքները:

Մելիտոպոլի ուկրաինացի քաղաքապետ Իվան Ֆեդորովը հայտնել է, որ հրթիռակոծված շենքերից մեկում տեղակայված են «թշնամի ուժային կառույցները»։

15:48 27.3.2023

Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Մարիուպոլում այսօր պայթյուն է որոտացել Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքային ոստիկանության ղեկավարի մեքենայում։ Ըստ ռուսաստանյան աղբյուրների՝ պաշտոնյան թեթև վնասվածքներ է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ռուսական ՏԱՍՍ պետական գործակալության տվյալներով՝ տեղի ունեցածը մահափորձ էր ոստիկանապետ Միխայիլ Մոսկվինի դեմ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG