Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է երեկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևը, որում ասվում է՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է։
Բանաձևը կոչ է անում երեխաներին անվտանգ վերադարձնել Ուկրաինա՝ հավելելով, որ երեխաների տեղափոխման փաստագրված ապացույցները «համընկնում են ցեղասպանության միջազգային սահմանմանը»։
Իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին այս բանաձևը որակել է կարևոր որոշում, որը կօգնի «Ռուսաստանին և նրա առաջնորդներին պատասխանատվության ենթարկել»:
Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է այցելել Ուկրաինա և օգնություն խնդրել հազարավոր երեխաների հայրենիք վերադարձնելու համար, որոնք տեղափոխվել են Ռուսաստան կամ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ Մոսկվայի ներխուժումից հետո:
Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայում ռուսական հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 տարեկան երեխա, կան նաև վիրավորներ:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ կենտրոնական Ուման քաղաքում հրթիռը հարվածել է բազմաբնակարան շենքին, Դնեպր քաղաքում հրթիռը խոցել է տունը: Կիևը նույնպես ցնցվել է պայթյուններից։
Մայրաքաղաքի ռազմական վարչակազմը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ոչնչացրել են 11 հրթիռ և 2 անօդաչու թռչող սարք, որոնց բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գիծը:
«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ կեսգիշերից հետո պայթյուններ են գրանցվել նաև Ուկրաինայի կենտրոնական Դնեպր, Կրեմենչուգ և Պոլտավա քաղաքներում, հարավում՝ Նիկոլաևում:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե Արևմուտքի իրական նպատակը Ուկրաինայում Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական հաղթանակ տանելն է, ինչպես նաև Չինաստանի համար վտանգ ներկայացնելը և սեփական մենաշնորհային դիրքը պահպանելը։
Շոյգուն պնդել է, որ ՆԱՏՕ-ի «գրեթե բոլոր» երկրներն իրենց ռազմական հնարավորությունները տեղակայել են Ռուսաստանի դեմ:
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները տևական ժամանակ է գտնվում են ցածրագույն մակարդակում, Ուկրաինայի պատերազմի ֆոնին դժվար է պատկերացնել երկու երկրների միջև ռազմավարական երկխոսություն, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում։
Անցյալ տարեվերջին այդ պաշտոնը ստանձնած դիվանագետը նշել է՝ «տխուր է տեսնել» , թե որ ուղղությամբ է գնում Ռուսաստանը:
«Տխուր և մտահոգիչ է տեսնել, թե ինչպես են կրկին խլացվում այլակարծության և հիշողության ձայները: Եվ այստեղ, գիտեք, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է այդ ամենը նպաստում Ռուսաստանի ապագային», - ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ ռուս - ամերիկյան տարաձայնությունները «Ռուսաստանի ժողովրդի հետ չեն»:
«Կցանկանայի ընդգծել, որ ԱՄՆ-ը ռուսներին թշնամի չի համարում։ Շատ է խոսվում ռուսատյացության, Ռուսաստանին վերացնելու, Ռուսաստանի ապագան չեղակելու մասին: Դա Միացյալ Նահանգների նպատակը չէ», - շեշտել է Թրեյսին։
Մոսկվայի դատարանը տուգանել է Wikimedia հիմնադրամին՝ Wikipedia առցանց հանրագիտարանի սեփականատիրոջը, 2 միլիոն ռուբլով (մոտ 25 հազար դոլար)՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեջ ներգրավված զորամասի մասին տեղեկությունները չհեռացնելու համար:
Սա արդեն 10-րդ տուգանքն է Wikimedia-ին՝ Ուկրաինայի դեմ Մոսկվայի լայնածավալ ագրեսիայի հետ կապված տեղեկատվության համար։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայի դատարանը հիմնադրամին պարտավորեցրել է այսօրինակ «խախտումների» համար վճարել մոտ 17 միլիոն ռուբլի:
Wikimedia-ն, մինչդեռ, պնդում է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից բողոքարկված տեղեկատվությունը պատշաճ աղբյուր է և համապատասխանում է Wikipedia-ի չափանիշներին:
Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում վառելիքի պահեստում պայթյուն է որոտացել, ըստ նախնական տեղեկությունների, անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։
Քաղաքային իշխանության ղեկավար Միխայիլ Ռազվոժաևի փոխանցմամբ՝ հրդեհի մակերեսը կազմում մոտ հազար քառակուսի մետր, տուժածներ չկան, կրակը չի սպառնում քաղաքացիական օբյեկտներին։
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր անօդաչու սարքերը բազմիցս հարվածներ են հասցրել բռնակցված Ղրիմում և Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին: Անցած փետրվարին դրոնի հարվածների հետևանքով ևս հրդեհ էր բռնկվել Տուապսեում նավթի պահեստում, մինչ այդ էլ նոյեմբերին՝ Բրյանսկի և Օրյոլի շրջանների նավթի պահեստներում։
Ռուսական ուժերը այսօր գնդակոծել են Խերսոնի շրջանի Բելոզերկա գյուղը, ինչի հետևանքով մի կին մահացել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում են տեղի իշխանությունները։
«Հակառակորդը հարվածել է տեղի հիվանդանոցի տարածքին, ինչի հետևանքով բաժանմունքներից մեկում կոտրվել են ապակիներ։ Տուժել են նաև մի քանի առանձնատներ։ Հրդեհներ է բռնկվել արկերի խոցման վայրերում», - ասվում է Խերսոնի շրջվարչակազմի հաղորդագրությունում։
Ռուսական կողմը այս հաղորդագրությունները չի մեկնաբանել։
Ուկրաինայում երեկվա հրթիռակոծությունների հետևանքով ավելի քան երկու տասնյակ մարդ է զոհվել։ Ուման քաղաքում հրթիռային հարված է հասցվել բնակելի շենքին, զոհվել է 23 մարդ՝ այդ թվում չորս երեխա։ Դնեպրում գնդակոծության հետևանքով երկու մարդ է սպանվել՝ այդ թվում երկու տարեկան երեխա։
Ռուսական զորքերը կիրակի առավոտյան գնդակոծել են Կուպյանսկը, հայտնել է Խարկովի մարզական զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Ըստ նրա՝ զոհեր չկան, վնասվել են տներ, հրդեհներ են բռնկվել:
Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ նախորդ օրը Կուպյանսկն է հայտնվել ռուսական զինուժի կրակոցների տակ։ Բացի այդ, վերջին մեկ օրվա ընթացքում գնդակոծվել են մարզի Խարկովի, Չուգուևսկի և Կուպյանսկի շրջանների այլ բնակավայրեր։
Ռուսական զորքերը Խերսոնի շրջանի տարածքը գնդակոծել են 27 անգամ մեկ օրվա մեջ, արձակել 135 արկ՝ ծանր հրետանուց, տանկերից, կարկտահարությունից և անօդաչու թռչող սարքերից, մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, ասել է Խերսոնի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ Նա պարզաբանել է, որ ռուս զինվորականները մտել են շրջանի բնակավայրերի բնակելի թաղամասեր։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով առաջիկա օրերին կքննարկեն հացահատիկի գործարքի երկարաձգման հարցերը, որն ավարտվում է մայիսի 18-ին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ չհստակեցնելով հանդիպման վայրը։
Հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը քննարկվել է անցյալ շաբաթ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների ընթացքում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուրբաթ օրը ասել է, որ Ստամբուլի պայմանավորվածությունները չեն իրականացվում Ռուսաստանի Դաշնության հետ կապված պայմանների առումով, և այս առումով գործարքի երկարաձգման հեռանկարները «շատ լավ չեն»։ Ըստ Hurriyet թերթի՝ թուրքական կողմը առաջիկա օրերին կքննարկի այս խնդիրը ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ։
2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է միջազգային շուկա սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման փաստաթղթերի փաթեթ։
Այս գիշեր ռուսական զորքերը նոր հրթիռային հարձակում են իրականացրել Ուկրաինայում, հայտնել են ուկրաինացի զինվորականները։ Նրանց տվյալներով՝ 18 թևավոր հրթիռ է արձակվել, դրանցից 15-ը խոցվել են։ Կիևի իշխանությունները հայտնում են, որ մայրաքաղաքի օդային տարածքում ոչնչացվել են ռուսական բոլոր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։
Ռուսական կողմն այս հաղորդումները դեռ չի մեկնաբանել:
Կիրակի երեկոյան ռուսական բանակը հարձակում է իրականացրել Դնեպրոպետրովսկի շրջանի Պավլոգրադ քաղաքի վրա։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ քաղաքում ավերվել են արդյունաբերական ձեռնարկություն և բնակելի շենքեր, տուժել է 25 մարդ, նրանցից 3-ը երեխաներ են։
Ռուսական կողմը հաղորդում է, որ Ուկրաինայի կողմից Բրյանսկի շրջանի հրթիռակոծության զոհերի թիվը հասել է 4-ի: Երեկ հաղորդվել էր 2 զոհի մասին: