Առնվազն 5 մարդ է վիրավորվել այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակման հետևանքով, հայտնում են տեղական իշխանությունները:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ անօդաչուի բեկորներն ընկել են երկհարկանի շենքի վրա։
Գիշերը հարվածներ են հասցվել նաև Օդեսայի շրջանին։ X-22 հրթիռները խոցել են սննդի ձեռնարկություններից մեկի պահեստը և Սև ծովի ափին գտնվող հանգստի գոտին, տուժածներ չկան, հայտնում է «Հարավ» միացյալ հրամանատարությունը։
Եվրամիությունը նախատեսում է առաջին անգամ պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների նկատմամբ, որոնց մեղադրում է ռուսական ռազմական մեքենային աջակցելու համար սարքավորումներ վաճառելու մեջ, հաղորդում է The Financial Times-ը։
Ըստ պարբերականի՝ չինական 7 ընկերություններ գտնվում են պատժամիջոցների նոր փաթեթում, որը ԵՄ անդամ երկրները կքննարկեն այս շաբաթ:
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ԵՄ-ը պատժամիջոցների 10 փաթեթ է ընդունել ռուս անհատների և կազմակերպությունների դեմ, որոնք տնտեսական դժվարություններ են առաջացրել՝ բարդացնելով պատերազմի ֆինանսավորումը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Հաղթանակի օրվա տոնը մայիսի 9-ի փոխարեն նշել մայիսի 8-ին և համապատասխան օրինագիծ է ներկայացրել Գերագույն ռադա։
Եվրոպական երկրները Հաղթանակի օրը նշում են մայիսի 8-ին։
«Այժմ, ինչպես 80 տարի առաջ, Ուկրաինան կռվում է տոտալ չարիքի դեմ։ Ուկրաինան պայքարում է ամբողջ ազատ աշխարհի ապագայի համար», - ասել է Զելենսկին Հաղթանակի օրվա ուղերձում։
Նա հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակում ուկրաինական ժողովրդի ներդրումը չի մոռացվի, և ասել է, թե Ուկրաինան թույլ չի տա յուրացնել հակահիտլերյան կոալիցիայի ժողովուրդների ընդհանուր հաղթանակը։
«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինն այսօր ասել է, թե իր զինյալները Բախմուտում առաջ են շարժվել։
«Այսօր «Վագների» ստորաբաժանումների առաջխաղացումը տարբեր ուղղություններով կազմել է մինչև 280 մետր։ Շարժվում ենք առաջ՝ սպասելով զինամթերքի մատակարարմանը», - ասել է նա՝ հրապարակված տեսանյութում։
Անցած շաբաթավերջին Պրիգոժինը հայտարարել էր, որ մայիսի 10-ին «Վագները» հեռանալու է Բախմուտից, քանի որ անհրաժեշտ քանակի զինամթերք չեն ստանում, որի համար նա մեղադրել էր Ռուսաստանի ՊՆ նախարարին և ԳՇ պետին։
Նացիզմի դեմ հաղթանակի օրվա նախորդ գիշերը Ուկրաինայի մայրաքաղաքը ռուսական ուժերի կողմից ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման, որի հետևանքով առնվազն 5 մարդ է վիրավորվել։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ իրանական արտադրության 60 կամիկաձե դրոններ են արձակվել ուկրաինական թիրախների ուղղությամբ, այդ թվում՝ 36-ը՝ Կիևի վրա։ Դրոնները ոչնչացվել են, սակայն բեկորներն ընկել են շենքերի ու տների վրա։
«Հիմա մենք գտնվում ենք շենքի բնակարաններից մեկում։ Այսօր ամենազանգվածային գրոհներից մեկն էր մեր հայրենի քաղաքի վրա։ Մեր հայրենի քաղաքի ուղղությամբ իրանական 36 կամիկաձե դրոններ են արձակվել, և շնորհիվ հակահրթիռային համակարգերի դրանք բոլորը ոչնչացվել են։ Հինգ մարդ է տուժել, երկուսը հիմա գտնվում են հիվանդանոցում։ Բայց ոչ մեկը չի զոհվել, ինչը շատ կարևոր է»,- նշել է Կիևի քաղաքապետը։
Այսօր Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային անվտանգության ոլորտում 1,2 միլիարդ դոլարի երկարաժամկետ օգնություն տրամադրելու մասին, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով հարցին ծանոթ պաշտոնյաների:
Ինչպես հայտնում է CNN-ը, փաթեթը ներառում է անօդաչու թռչող սարքեր, հրետանային արկեր և հրթիռներ հակաօդային պաշտպանության համակարգերի համար, ինչպես նաև այլ զինատեսակներ։
Աջակցությունը Ուկրաինային անվտանգության օգնության նախաձեռնության (USAI) մաս կկազմի: Զենքը ձեռք է բերվելու անմիջապես արտադրողներից, այլ ոչ թե Պենտագոնի պահեստներից:
Հաշվի առնելով նաև այս փաթեթը, ԱՄՆ-ը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, Ուկրաինային ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր արդեն տրամադրել է գրեթե 37 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:
Այս գիշեր Կիևի վրա ռուսական զորքերի կողմից արձակված բոլոր հրթիռները խոցվել են, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Նրա տվյալներով՝ գիշերային հարձակումն իրականացվել է Կասպից ծովի տարածքից Տու-95ՄՍ չորս ռազմավարական ռմբակոծիչներից: Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ արձակված X-101 հրթիռները չեն հասել իրենց թիրախներին:
Ըստ նույն աղբյուրի՝ մայիսի սկզբից ի վեր սա արդեն հինգերորդ օդային հարձակումն էր Կիևի վրա։
Այսօր առավոտյան Կիևում, ինչպես նաև Ուկրաինայի տարածքի մեծ մասում՝ բացառությամբ արևմտյան մի քանի շրջանների, օդային տագնապ է հայտարարվել ռուսական հրթիռակոծության վտանգի պատճառով։
Մոսկվայի Կարմիր հրապարակում այսօր ռազմական շքերթ է անցկացվել ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին ԱՊՀ 7 երկրների ղեկավարներ՝ Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի նախագահները։
Միջոցառմանը ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի դեմ պատերազմ է «սանձազերծվել», դրա համար մեղադրելով «արևմտյան գլոբալիստական էլիտաներին», նրանց համեմատել նացիստների հետ։
Պուտինի համոզմամբ՝ Արևմուտքի նպատակը Ռուսաստանի «քայքայումն ու կործանումն» է։
Մոսկովյան ռազմական շքերթը տևել է ընդամենը 45 րոպե՝ ներառյալ զորքի քայլերթը և Պուտինի ելույթը, մինչդեռ անցած տարիներին այս միջոցառման տևողությունը հասնում էր մեկուկես ժամի:
Կիև է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Այցի նախաշեմին՝ անցած գիշեր, ռուսական ուժերը կրկին թիրախավորել են Ուկրաինայի մայրաքաղաքը, ըստ պաշտոնական աղբյուրների՝ Կիևի վրա արձակված բոլոր հրթիռները խոցվել են:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին Գերագույն Ռադա է ներկայացրել օրինագիծ, որով մայիսի 8-ը պաշտոնապես հայտարարվում է Հիշատակի և նացիզմի դեմ հաղթանակի օր, իսկ մայիսի 9-ը, երբ Ռուսաստանը նշում է Հաղթանակի օրը, ուկրաինացիների համար կդառնա Եվրոպայի օր։
Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր Եվրահանձնաժողովի նախագահն արդեն հինգերորդ անգամ է այցելում այդ երկիր: Ֆոն դեր Լայենի խոսնակի փոխանցմամբ՝ Եվրամիության գործադիր իշխանության ղեկավարն այցի ընթացքում «վերահաստատելու է Եվրամիության անսասան աջակցությունն Ուկրաինային»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե ուկրաինական պատերազմում հրադադարի հասնելու հնարավորություն չի տեսնում, քանի որ երկու կողմերն էլ համոզված են, որ կարող են հաղթել։
«Այս պահին, մենք չենք խոսում ապագայի մասին, ես չեմ տեսնում անհապաղ համապարփակ զինադադարի, խաղաղ բանակցությունների հասնելու հնարավորություն», - ասել է Գուտերեշը։
Նրա խոսքով, դա գիտակցելով՝ ՄԱԿ-ը կենտրոնացել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կոնկրետ հարցերի շուրջ բանակցությունների, կոնկրետ խնդիրների լուծման վրա։ Գուտերեշը նշել է, որ այժմ գլխավոր առաջնահերթությունը հացահատիկի գործարքի երկարաձգումն է, որի ժամկետը լրանում է մայիսի 18-ին: