Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

15:51 11.6.2023

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամանագիր է ստորագրել, որով բոլոր «կամավորական ջոկատներին» պարտավորեցնում է մինչև հուլիսի 1-ը պայմանագիր կնքել Պաշտպանության նախարարության հետ, փոխանցում է գերատեսչության կայքը։

Թե կոնկրետ որ ստորաբաժանումների մասին է խոսքը, չի նշվում, սակայն գերատեսչությունը ռազմական մասնավոր ընկերությունների մարտիկներին բազմիցս անվանել է «կամավորներ»։

Ինչպես նշել է պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը կոնֆերանսի ժամանակ, նման որոշումը թույլ կտա կամավորական կազմավորումներին տալ անհրաժեշտ իրավական կարգավիճակ և ընդլայնել ստորաբաժանումների հավաքագրման հնարավորությունները ինչպես զինվորականներով, այնպես էլ «կամավորներով»:

Ընդ որում, անհատ «կամավորները» հնարավորություն ունեն անհատական պայմանագրեր կնքել ինչպես ջոկատների, այնպես էլ անմիջականորեն ՊՆ-ի հետ։

Ռուսաստանյան Տելեգրամ մի շարք ալիքներ գրում են, որ այս հրամանով ՊՆ-ն ցանկանում է իրեն ենթարկել ռուսական ռազմական մասնավոր ընկերություններին, այդ թվում՝ «Վագներին», որոնք այժմ կամավորական կազմավորումների կարգավիճակում են։

«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը բազմիցս հրապարակայնորեն քննադատել է ՌԴ պաշտպանության նախարարությանը և անձամբ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուին։ Մասնավորապես, 2023 թվականի առաջին ամիսներին Պրիգոժինը մի քանի անգամ մեղադրել է կառույցին իր ստորաբաժանումներին զինամթերք տրամադրելուց հրաժարվելու մեջ։

07:29 12.6.2023

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախազգուշացրել է իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիին Ռուսաստան անօդաչու սարքերի մատակարարման հետևանքների մասին, շաբաթ օրը հայտնել են Մակրոնի գրասենյակից։

Հեռախոսազրույցում Մակրոնը Իրանին կոչ է արել «անհապաղ դադարեցնել» աջակցությունը, որը ցուցաբերում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և Ուկրաինան պնդում են, որ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականի որոշումը, որն ամրագրում է Իրանի միջուկային համաձայնագիրը:

Ուրբաթ օրը Սպիտակ տունը հայտարարեց, որ Ռուսաստանը, կարծես, խորացնում է իր պաշտպանական համագործակցությունը Իրանի հետ և ստացել է հարյուրավոր միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար:

16:00 12.6.2023

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հաջորդ շաբաթ կժամանի Կիև և կայցելի Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ), ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Ստույգ ժամկետներ չեն նշվում։

Ավելի վաղ ԱԷՄԳ-ը հայտարարել էր Զապորոժիեի ատոմակայան այցելելու Գրոսսիի պլանների մասին, բայց Կիև մեկնելու մասին չէր հաղորդվել։

Գործակալությունը նաև նշել է, որ Գրոսսին կրկնել է ԶԱԷԿ-ի մոտ գտնվող Զապորոժիեի ՋԷԿ մուտք գործելու անհրաժեշտությունը՝ պարզելու համար պահուստային ավազանում ռեակտորների և օգտագործված վառելիքի պահեստավորման կենտրոնի հովացման ջրի բարձրության չափումների միջև «զգալի անհամապատասխանության» պատճառը:

Ավելի վաղ ԱԷՄԳ- հայտնել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում «շարունակվում են աշխատանքները՝ ապահովելու հովացման համար ջրի առավելագույն մատակարարումը, եթե կայանն այլևս չկարողանա օգտագործել Կախովկայի ջրամբարի պաշարները»։ Գործակալությունը պարզաբանել է, որ չնայած ԶԱԷԿ-ի բոլոր վեց ռեակտորների աշխատանքը դադարեցված է, դրանց դեռ ջուր է պետք՝ ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտազատումը կանխելու համար:

16:03 12.6.2023

Կիևն ու Մոսկվան ռազմագերիներ են փոխանակել. Ուկրաինա է վերադարձել 95 մարդ, Ռուսաստան՝ 94։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքով՝ Կիևը վերադարձրել է Մարիուպոլում (ներառյալ՝ «Ազովստալ»-ի պաշտպանները), Չեռնոբիլի ատոմակայանում, Զմեինի կղզում և Բախմուտի մոտակայքում գերեվարված զինվորականների, նրանց թվում երկու սպա կա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնել է, որ «բանակցային գործընթացի արդյունքում Կիևի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 94 ռուս զինծառայող, ովքեր գերության մեջ հայտնվել էին մահացու վտանգի տակ»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Գերիների նախորդ լայնածավալ փոխանակման մասին հաղորդվել էր մայիսի 25-ին:

16:05 12.6.2023

Հաագայի միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչները սկսել են հետաքննել Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ճեղքումը, որի հետևանքով Ուկրաինայի հարավում տասնյակ բնակավայրեր են հեղեղվել։ Այս մասին երեկոյան ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին խոստացել է նպաստել Միջազգային քրեական դատարանի հետաքննությանը։

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 6-ի գիշերը։ Այն գտնվում է Խերսոնից վերև՝ Դնեպրի երկայնքով, Նովայա Կախովկա գյուղում։

Ուկրաինան, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան կատարվածի համար մեղադրեցին Ռուսաստանին, Կիևը կարծում է, որ խոսքը «ներսից կառույցները խարխլելու» մասին է՝ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը կասեցնելու հույսով։ Ռուսական կողմը հերքում է մեղադրանքները և ՀԷԿ-ի փլուզումը որակում «Ուկրաինայի կանխամտածված դիվերսիա»։

16:07 12.6.2023

Միացյալ Նահանգները որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 1 միլիարդ 100 միլիոն դոլարի ռազնական օգնություն: Այդ մասին ասվում է Պենտագոնի հրապարակած հաղորդագրությունում:

Նոր փաթեթով Ուկրաինան կստանա հակաօդային պաշտպանության համակարգեր և զինամթերք:

Մասնավորապես, խոսքը Hawk տեսակի զենիթահրթիռային համակարգերի, 105 և 203 միլիմետր տրամաչափի հրետանային արկերի և Puma տեսակի անօդաչու թռչող սարքերի մասին է:

Բացի այդ, ամերիկացիները պատրաստ կլինեն այդ զինատեսակներով աշխատելու համար կազմակերպել ուկրաինացի զինծռառայողների ուսուցումը:

Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցները կշարունակեն Ուկրաինային տրամադրել մարտի դաշտում անհրաժեշտ միջոցներ և երկարատև կտրվածքով օգնել Կիևին անվտանգության ամրապնդման ոլորտում:

16:10 12.6.2023

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը համագործակցության պայմանագիր է կնքել «Ախմատ» չեչենական ջոկատի հետ: Փաստաթուղթը ստորագրվել է «կամավորական միավորումների ծառայության կազմակերպման ծրագրի շրջանակներում»:

Ավելի վաղ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պահանջել է, որ բոլոր ոչ կանոնավոր զորամիավորումները մինչև հուլիսի 1-ը համագործակցության պայմանագրեր կնքեն պաշտպանական գերատեսչության հետ:

«Ախմատի» պայմանագիրը կնքել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմը և Հատուկ նշանակության ուժերի ռուսաստանյան համալսարանի տնօրեն Ադամ Դադաշևը:

Ստորագրման արարողությանը ներկա են եղել «Ախմատ» ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը և Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը:

«Հուսամ, այս մեր առաջին փորձը հաշվի կառնեն և պայմանագրեր կկնքեն նաև մնացած կամավորական ջոկատները»,- ստորագրումից հետո ասել է Ալեքսեյ Կիմը:

«Ախմատ» ջոկատը կրում է Չեչնիայի հանգուցյալ նախագահ, Չեչնիայի ներկայիս ղեկավար Ռամզան Կադիրովի հոր՝ 2004 թվականի մայիսի 9-ին ահաբեկչական գրոհի զոհ դարձած Ախմատ Կադիրովի անունը:

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ իր կառույցը պայմանագիր չի ստորագրի: Նրա խոսքով, «Վագներն» առանց այն էլ գործողությունները համակարգում է Ռուսաստանի զինված ուժերի հետ և բոլորից արդյունավետ է գործում:

«Դժբախտաբար, Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների մեծ մասը մեր արդյունավեուտությունը չունի, և պատճառն այն է, որ Սերգեյ Շոյգուն ունակ չէ նորմալ ղեկավարել զորամիավորումները»,- հայտարարել է Պրիգոժինը:

19:13 12.6.2023

Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին ասել է, որ Միջազգային քրեական դատարանի մակարդակով արդեն հետաքննություն է սկսվել Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման գործով:

«Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներն այցելել են Խերսոնի շրջան: Աղետի հենց առաջին օրը Ուկրաինայի գլխավոր դատախազը հետաքննության հայտ է ուղարկել այդ դատարան»,- ասել է Զելենսկին:

Ամբարտակի ոչնչացումից հետո մեծ թվով բնակավայրեր հայտնվել են ջրի տակ: Կողմերը միմյանց են մեղադրում ամբարտակի պայթեցման համար:

Զելենսկին ասել է, թե կարևոր է, որ միջազգային փորձագետները տեսնեն աղետի հետևանքները, այդ թվում՝ հեղեղված տարածքների գնդակոծման դեպքերը:

Նրա խոսքով, ուկրաինացի փրկարարներն այս ընթացքում տարհանել են մոտ 4000 բնակիչների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Դնեպր գետի արևելյան ափից:

20:35 12.6.2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Հաղթանակի օրը մայիսի 8-ին նշելու մասին օրենքը:

Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի կայքում նշվում է, որ նախագահը հունիսի 12-ին է իր ստորագրությամբ վավերացրել օրենքը:

Հաղթանակը նախկինում նշվել է մայիսի 9-ին, հետայսու մայիսի 9-ին Ուկրաինայում կնշեն Եվրոպայի օրը:

15:49 13.6.2023

Ուկրաինայի տարածքի մեծ մասում այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինական գլխավոր շտաբն առավոտյան հաղորդագրությունում նշել է, որ գիշերը ռուսական զորքերը երկրի վրա 14 թևավոր հրթիռ և իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են արձակել։

Հրթիռակոծության հետևանքով Կրիվոյ Ռոգում վնասվել են մի քանի քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ հինգհարկանի շենք: Զոհվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 25-ը, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Դնեպրոպետրովսկի մարզի դատախազությունը Կրիվոյ Ռոգի հրթիռակոծության փաստով հետաքննություն է սկսել պատերազմի օրենքների և սովորույթների խախտման հոդվածով:

Կիևի և Խարկովի իշխանությունները ևս հաղորդել են օդային հարձակումների մասին:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG