Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր 9 հազար 83 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 15 հազար 779 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցում:
Քաղաքացիական բնակչության շրջանում ամենամեծ թվով զոհերը 2023 թվականի հունիսի 18-ի դրությամբ, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, գրանցվել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։
Զեկույցի հեղինակները պարզաբանել են, որ զոհված կամ վիրավորված քաղաքացիական անձանց իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ որոշ վայրերից զոհերի կամ վիրավորների մասին բազմաթիվ հաղորդումներ դեռևս սպասում են հաստատման:
Անցած գիշեր ռուսական զորքերը օդային նոր հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Ուկրաինական իշխանությունների փոխանցմամբ՝ ռուսական կողմից արձակված հարվածային անօդաչուների թիրախում են հայտնվել Կիևը, Լվովը և Նիկոլաևի մարզը։
Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պնդմամբ՝ ռուսական 30 անօդաչուներից 28-ը խոցվել են։
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ միայն մայրաքաղաքի օդային տարածքում «մոտ երկու տասնյակ անօդաչու է խոցվել»։
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի պնդմամբ էլ՝ ռուսական անօդաչուներից մեկն անցած գիշեր հարվածել է «քաղաքում գտնվող կրիտիկական կարևորություն ունեցող ենթակառույցներից մեկին, զոհեր և վիրավորներ չկան»։
«Պուտինի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման վտանգը իրական է», - երկուշաբթի օրը Կալիֆորնիայում, ընտրարշավի նվիրատուների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։
«Երկու տարի առաջ, երբ ես կրկին այստեղ էի և հայտարարեցի, որ ինձ մտահոգում է Կոլորադո գետի հնարավոր ցամաքումը, բոլորն ինձ այնպես էին նայում, կարծես ես խենթացել եմ։ Հիմա ինձ նույն հայացքով են նայում, երբ ես ասում եմ, որ ինձ մտահոգում է Ռուսաստանի նախագահի կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։ Իսկ դա իրական է», - պնդել է Բայդենը։
«Ուկրաինան բանակցություններ է վարում արևմտյան պետությունների հետ՝ իր տարածքում սպառազինության արտադրության հիմնադրման մասին», - Reuters-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության փոխնախարար Սերգեյ Բոևը։
Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ բանակցությունները բավական մանրակրկիտ բնույթ են կրում, և դրանց արդյունքում արդեն մի քանի ամսից կարող են պայմանագրեր կնքվել։
Reuters-ի տեղեկություններով՝ քննարկումների օրակարգում է նաև Ուկրաինայի տարածքում անօդաչու թռչող սարքերի արտադրություն հիմնելու հարցը։
Ուկրաինայում, ենթադրաբար՝ Զապորոժիեի շրջանում, հունիսի 12-ին զոհվել է ՌԴ ԶՈւ 35-րդ բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Գորյաչևը:
Նրան հունիսի 18-ին հուղարկավորել են Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովսկի գերեզմանոցում, սակայն այդ տեղեկատվությունը հրապարակվել է հունիսի 20-ին:
Գեներալի մահվան մասին հայտնել է ռուս - ուկրաինական պատերազմը լուսաբանող բլոգեր Յուրի Կոտենոկը: Նրա գրառման համաձայն՝ Գորյաչևը սպանվել է Զապորոժիեի մարզի Վրեմևսկի շրջանի ուղղությամբ ուկրաինական ուժերի նախաձեռնած հակագրոհի ընթացքում:
Գեներալի զոհվելու լուրը հաստատել է Մոսկվայի կողմից Զապորոժիեի մարզի ղեկավար նշանակված Վլադիմիր Ռոգովը:
«Ի դեմս Գորյաչևի՝ բանակը կորցրեց ամենավառ և արդյունավետ զորավարներից մեկին», - Տելեգրամ ալիքում գրել է Ռոգովը:
Ենթադրվում է, որ Գորյաչևն Ուկրաինայում զոհված առնվազն 10-րդ ռուսաստանցի գեներալն է: Այդ կոչումը նա համեմատաբար վերջերս էր ստացել:
Մոսկովյան մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հաստատել է Ռուսաստանի մայրաքաղաքի մերձակայքում երկու անօդաչու թռչող սարքի ընկնելը և լուսանկարներ է հրապարակել այդ վայրերից։
«Այսօր առավոտյան մոտավորապես ժամը 5:30 և 5:50 ինքնաթիռային տիպի երկու սարք ընկել է զորամասերից մեկի պահեստին մոտենալով՝ զինվորականների հակազդեցության հետևանքով։ Բեկորները հայտնաբերվել են, ավերածություններ և տուժածներ չկան», - գրում է նահանգապետը:
Վորոբյովի խոսքով՝ անօդաչուները խոցվել են Նարո-Ֆոմինսկի շրջանի Կալինինեց գյուղում՝ Մոսկվայի հարավ-արևմուտքում։
Ռուսական Տելեգրամ լրատվական ալիքներն ավելի վաղ հայտնել էին, որ առավոտյան երեք անօդաչու թռչող սարք է ընկել Մոսկվայի մերձակայքում. երրորդը, ըստ դրանց տեղեկությունների, պայթել է երկնքում Լուկինո գյուղի մոտ՝ Մոսկվայի արվարձաններից մոտ 13 կմ հարավ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կանխել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի շրջանի օբյեկտների վրա։ Նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը երեքն են եղել: Չի նշվում, թե կոնկրետ ինչ թիրախներ դրանք ունեին:
Այսօր Լոնդոնում մեկնարկում է երկօրյա միջազգային կոնֆերանս՝ նվիրված Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը՝ Ukraine Recovery Conference։ Դրան կմասնակցեն Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի վարչապետները, Եվրահանձնաժողովի ղեկավարը, ԱՄՆ պետքարտուղարը և հարյուրավոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք կստորագրեն հռչակագիր պատերազմից հետո Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը մասնակցելու մասին։
Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, վարչապետ Ռիշի Սունակը համաժողովում կհայտարարի, որ իր երկիրը երեք տարով երաշխավորելու է Համաշխարհային բանկի կողմից 3 միլիարդ դոլարի վարկը։ Այդ գումարը կուղղվի Ուկրաինայի պետական կառույցների, այդ թվում՝ դպրոցների ու հիվանդանոցների աշխատանքի ֆինանսավորմանը։
Բացի այդ, Մեծ Բրիտանիան իր ներդրումային գործակալության միջոցով կտրամադրի ևս 250 միլիոն ֆունտ (319 միլիոն դոլար) Ուկրաինայում ներդրումներ կատարելու համար:
Բրիտանական կառավարությունը հայտարարում է, որ 400 ընկերություններ 38 երկրներից, այդ թվում՝ խոշոր միջազգային կորպորացիաներ, կմասնակցեն համաժողովին։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցերով միջազգային համաժողովում ասել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ևս 1 միլիարդ 300 միլիոն դոլարի օգնություն:
«ԱՄՆ Կոնգրեսի աջակցությամբ մենք կտրամադրենք այդ գումարը Կիևին՝ երկրի առաջ դրված նպատակներին հասնելու համար»,- ասել է պետքարտուղարը:
Այդ գումարից 520 միլիոնը կուղղվի Ուկրաինայի էներգահամակարգին, 657 միլիոնն էլ կտրամադրվի սահմանային անցակետերի, նավահանգիստների, երկաթուղու և կարևոր այլ ենթակառուցվածքների վերանորոգմանն ու արդիականացմանը: 100 միլիոն կտրվի Ուկրաինայի մաքսային ծառայությունների թվայնացմանը և կոռուպցիայի դեմ պայքարը խստացնելու այլ ծրագրերին: 35 միլիոն դոլար կհատկացվի ուկրաինական բիզնեսի ֆինանսավորմանը և ապահովագրմանը:
Բլինքենի փոխանցմամբ, ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ Միացյալ Նահանգներն Ուկրաինային ընդհանուր հաշվով արդեն տրամադրել է ավելի քան 20 միլիարդ դոլարի աջակցություն:
Հավաքական Արևմուտքն իսկական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Այդ մասին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր ասել է Ռուսաստանի ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր ավանդական հավաքում:
Միջոցառմանը մասնակցել և սպաներին ողջունել ու հաջողություն է մաղթել գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արևմուտքը պատերազմ է հայտարարել, անընդհատ պատժամիջոցներ է սահմանում, հարևան պետություններում հրահրում է անկարգություններ և ռազմական հակամարտություններ», - ասել է Շոյգուն:
Նա հավաստիացրել է, թե երկրի ղեկավարությունը կարող է համոզված լինել, որ «զինված ուժերն ամեն ինչ կանի ռազմական անվտանգությունը և ինքնիշխանությունը պահպանելու համար»:
Ուկրաինային ռուսական ագրեսիայից վերականգնվելու համար առաջիկա մեկ տարում անհրաժեշտ է ավելի քան 6 միլիարդ դոլար: Այդ մասին Լոնդոնում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման հարցերով միջազգային համաժողովում ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:
«Մեր գործընկերներն արդեն խոստացել են մեզ տրամադրել առաջիկա 12 ամսվա ընթացքում արագ վերականգնման համար անհրաժեշտ 14 միլիարդ 100 միլիոն դոլարից 4 միլիարդ 300 միլիոնը, բայց մեզ տակավին պետք է ևս 6,5 միլիարդ: Հուսով ենք մինչև այս համաժողովի ավարտը երաշխավորել նաև այդ գումարը», - հայտարարել է վարչապետ Դենիս Շմիհալը:
Իր ելույթում նա ասել է նաև, որ ագրեսոր Ռուսաստանը պարտավոր է հատուցում վճարել: Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և ՄԱԿ-ի հաշվարկներով անցյալ տարվա փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում այս տարվա մարտ ամսվա դրությամբ վնասը կազմել է 411 միլիարդ դոլար և շատ
է, որ այդ գումարն ի վերջո կհասնի 1 տրիլիոնի:
«Վնասը պետք է փոխհատուցի Ռուսաստանը»,- Լոնդոնում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը: