Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պատերազմի սկզբից ի վեր երկրում վիրավորվել է 1052 երեխա, զոհվել՝ 494-ը։
831 երեխա համարվում է անհետ կորած: Բացի այդ, Ուկրաինայի գնահատականներով, ռուսները երկրից դուրս են բերել գրեթե 19,5 հազար երեխայի։
Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ այս գիշեր ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 15 կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, որոնցից 11-ը խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից և միջոցներով։
Հուլիսի լույս 12-ի գիշերը օդային տագնապը հնչել է ամբողջ Ուկրաինայում, այն տևել է գրեթե հինգ ժամ։
Երկրորդ գիշերն է անօդաչուների հարձակմանն է ենթարկվում նաև Կիևը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ասել է, որ դաշինքին Ուկրաինայի միանալու հարցում Ռուսաստանն ընդհանրապես ասելիք չունի:
«Մենք շատ լավ վճիռ ենք կայացրել Ուկրաինայի հարցով և դա միաձայն ենք արել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ է ընդհանուր առմամբ ողջունել մեր որոշումը: Այս խնդիրը քննարկում են միայն այն կողմերը, որոնք ներգրավված են բանակցություններում: Ռուսաստանն այստեղ ասելիք չունի: Դա շատ հստակ է»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Նրա փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի երկրները ձեռք են բերել պայմանավորվածություններ ուկրաինացի զինվորների պատրաստման վերաբերյալ:
«Իհարկե, մենք կշարունակենք մեր համագործակցությունն Ուկրաինայի հետ, նույնիսկ եթե վերջապես խաղաղություն հաստատվի և Ուկրաինան կարողանա պաշտպանել իր ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Բայց հիմա պետք է կենտրոնանալ առաջնահերթությունների վրա»,- ասել է Շոլցը:
«Մեծ յոթնյակի» երկրները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո ընդունել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու բանաձևը:
Փաստաթուղթը ենթադրում է երկարաժամկետ կտրվածքով Ուկրաինան պաշտպանելու և ապագայում ռուսական հնարավոր ագրեսիան զսպելու գործողություններ:
«Մեծ յոթնյակը» պարտավորվում է Ուկրաինային մատակարարել արդիական սպառազեն, իրականացնել ուկրաինական զինվորականների ուսուցումը և հետախուզական տվյալներ փոխանակել:
Ուկրաինան, իր հերթին, պարտավորվում է շարունակել բարեփոխումները և դրանով վերահաստատել հավատարմությունը ժողովրդավարական վերահսկողության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ապահովման և խոսքի ազատության սկզբունքներին:
«Մեծ յոթնյակի» երկրները Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո ընդունել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու բանաձևը:
Փաստաթուղթը ենթադրում է երկարաժամկետ կտրվածքով Ուկրաինան պաշտպանելու և ապագայում ռուսական հնարավոր ագրեսիան զսպելու գործողություններ:
«Մեծ յոթնյակը» պարտավորվում է Ուկրաինային մատակարարել արդիական սպառազեն, իրականացնել ուկրաինական զինվորականների ուսուցումը և հետախուզական տվյալներ փոխանակել:
Ուկրաինան, իր հերթին, պարտավորվում է շարունակել բարեփոխումները և դրանով վերահաստատել հավատարմությունը ժողովրդավարական վերահսկողության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ապահովման և խոսքի ազատության սկզբունքներին:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դատապարտել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու «Մեծ յոթնյակի» նախաձեռնությունը և այն «չափազանց վտանգավոր» է անվանել:
«Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալով, այդ երկրները գործնականում կանտեսեն անվտանգության անբաժանելիության միջազգային սկզբունքը», - հայտարարել է Պեսկովը:
Նրա փոխանցմամբ, դա կլինի ոտնձգություն Ռուսաստանի անվտանգության նկատմամբ, ինչը հղի է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բացասական հետևանքներով: Ռուսաստանը, Պեսկվի խոսքով, ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Վիլնյուսում ասել է, որ պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու խնդրում, սակայն նման առաջարկ դեռ չի ստացել:
«Եթե կողմերը ցանկանան՝ մենք ուրախ կլինենք դա անել: Թուրքիան երկիր է, որը հանգիստ կարող է խոսել թե՛ Ուկրաինայի և թե՛ Ռուսաստանի հետ», - ասել է Էրդողանը:
Նա հիշեցրել է, որ Ստամբուլը «հացահատիկի միջանցք» է դարձել, միանալով ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված ռուս-ուկրաինական գործարքին, որի շնորհիվ ուկրաինական նավահանգիստներում պաշարված պարենը փոխադրվել է արտերկիր:
Էրդողանն ասել է, որ նույն օրինակով Թուրքիան պատրաստ է նաև միջնորդել ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում:
Այդ հայտարարություններով Էրդողանը հանդես է եկել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսում:
Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ընդունել է գործողությունների ծրագիր, որի համաձայն, Լեհաստան կուղարկվի 100 հազար զինվոր այն դեպքում, եթե այդ երկիրը հայտնվի հարձակման ենթարկվելու վտանգի տակ:
Այդ մասին հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լեհական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Նրա փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն նաև զինապահեստներ կտեղակայի Լեհաստանի տարածքում:
«Ես կասեմ, թե ինչ կլինի, եթե [Բելառուսի տարածքից] հարձակման ենթարկվի Բրեստի դարպասը: Եթե, օրինակ, նման բան պատահի, ՆԱՏՕ-ն պաշտպանությունն ապահովելու համար անհապաղ Լեհաստան կուղարկի 100 հազար զինծառայողներ»,- ասել է Դուդան:
Նրա խոսքով, այդ մեխանիզմը ներառվել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ծրագրերում: Այսօրվա դրությամբ Լեհաստանում տեղակայված են Հյուսիսատլանտյան դաշինքի մոտ 10 հազար զինծառայողներ, որոնց մեծ մասը Միացյալ Նահանգներից է:
F-16 կործանիչների փոխանցումը Ուկրաինայի զինված ուժերին Ռուսաստանի կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ը և նրա ՆԱՏՕ-ական արբանյակները ստեղծում են Ռուսաստանի հետ անմիջական զինված բախման վտանգ, և դա հղի է աղետալի հետևանքներով», - ասել է Լավրովը:
«Չափազանց վտանգավոր զարգացման ընդամենը մեկ օրինակ՝ ԱՄՆ-ի պլանները F-16 կործանիչներ փոխանցել Կիևի ռեժիմին: Մենք տեղեկացրել ենք ԱՄՆ միջուկային ուժերին, Բրիտանիային և Ֆրանսիային, որ Ռուսաստանը չի կարող անտեսել այդ ինքնաթիռների՝ միջուկային զենք կրելու հնարավորությունը: Այստեղ ոչ մի հավաստիացումներ չեն օգնի», - նշել է Լավրովը Lenta.ru առցանց հրատարակությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ընթացքում ռուս զինվորականները չեն պարզելու՝ նշված տիպի յուրաքանչյուր կոնկրետ ինքնաթիռ միջուկային զենք կրո՞ւմ է, թե՞՝ ոչ։
«Ուկրաինայի զինված ուժերում նման համակարգերի հայտնվելու փաստը մեր կողմից կդիտվի որպես միջուկային ոլորտում Արևմուտքի սպառնալիք», - ընդգծել է Լավրովը։
Այս գիշեր ռուս զինվորականները հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Կիևում դրա հետևանքով մեկ մարդ մահացել է, հայտնում են տեղական իշխանությունները։ «Պոդոլսկի թաղամասում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհը մարելիս հայտնաբերվել է մահացածի մարմինը», - ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Տեղի իշխանությունների տվյալներով, Դարնիցկի թաղամասում վիրավորվել է երկու մարդ՝ 18-ամյա աղջիկ և 25-ամյա մի երիտասարդ։ Երկուսն էլ վնասվածքներ են ստացել ապակու բեկորներից։
Ռուս զինվորականների արձակած անօդաչու սարքերի մեծ մասը հարձակվել է Կիևի և Կիևի շրջանի վրա։
«Այս գիշեր իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը զանգվածային է եղել։ Անօդաչու թռչող սարքերը տարբեր ուղղություններով ներխուժել են մայրաքաղաք։ Կիևի օդային տարածքում հակաօդային պաշտպանության ուժերի և միջոցների կողմից հայտնաբերվել և ոչնչացվել են մոտ մեկ տասնյակ թշնամական թիրախներ», - գրել է Կիևի մարզային զինվորական վարչություն ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Հուլիսի լույս 13-ի գիշերը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում՝ բացառությամբ Օդեսայի և Խարկովի։ Ուկրաինայի գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրում նշվում է 15 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մասին, որոնցից 11-ը խոցվել են պաշտպանության ուժերի կողմից։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, 60-ից ավելի ավիահարվածներ են հասցվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել Ուկրաինայի տարածքին հասցված հարվածները։