Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նիստի ավարտին տարածվել է հայտարարություն, որով Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ և դադարեցնել ռազմական գործողությունները։
«Մանրամասն քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը և դրա հնարավոր հետևանքները մեր տարածաշրջանի համար: Սև ծովում լարվածության աճը ոչ մեկին ձեռնտու չէ: Ազգային անվտանգության խորհուրդը կողմերին կոչ է անում վերսկսել բանակցություններն ու անհապաղ դադարեցնել պատերազմը»,- ասված է ԱԱԽ հաղորդագրությունում:
Թուրքիայի ԱԱԽ-ն նաև կարևորել է հացահատիկի գործարքի վերականգնումը, քանի որ դա կկանխի հնարավոր բացասական հետևանքները հատկապես աղքատ պետություններում և կնպաստի պարենային կայունությանը։
Ըստ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի՝ այս գիշեր երկու անօդաչու թռչող սարքեր փորձել են գրոհել քաղաքը, դրանք խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
«Գիշերը, ժամը մոտավորապես 4-ին, հակաօդային պաշտպանությունը խոցել է քաղաքի ուղղությամբ թռչող երկու հարվածային անօդաչու թռչող սարք։ Մեկը՝ Կալուգայի մարզում, մյուսը՝ Կենտրոնական օղակաձև ճանապարհի տարածքում»,- գրել է նա՝ Տելեգրամի իր էջում։
Անցած գիշեր, ըստ Սոբյանինի և ՌԴ ՊՆ-ի, երկու անօդաչու թռչող սարք էր խոցվել Դոմոդեդովո քաղաքի մոտ և Մոսկվայի մարզի Մինսկի մայրուղու տարածքում։
ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի, «Ամերիկայի ձայն»-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները:
Ակնկալվում է, որ փաթեթը կներառի լրացուցիչ հրթիռներ HIMARS համակարգերի համար և լրացուցիչ զինամթերք Patriot զենիթահրթիռային համակարգերի համար։
Պաշտոնյաները զրուցել են «Ամերիկայի Ձայն»-ի հետ՝ անանուն մնալու պայմանով, այս շաբաթվա վերջին ակնկալվող հայտարարությունից առաջ:
Օգնության նոր փաթեթը կլինի 44-րդը 2022 թվականի փետրվարին ռուսական ներխուժման սկզբից ի վեր։ Այդ օրվանից ի վեր Ուկրաինան ԱՄՆ-ից արդեն ստացել է ավելի քան 43 միլիարդ դոլարի օգնություն:
Ուկրաինայի իշխանությունները տարհանում են Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի 37 բնակավայրերի բնակիչներին։ Պարտադիր տարհանման մասին հրահանգը հրապարակել է Կուպյանսկի շրջանային զինվորական վարչակազմը։
Վերջին օրերին ուկրաինական իշխանությունները հաղորդում էին, որ ռուսական ուժերը այս ուղղությամբ հարձակման են անցել։ Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ պարտադիր տարհանման ենթակա բնակիչների թիվը հասնում է 11 հազարի։
Կուպյանսկի շրջանը ռուսական վերահսկողության տակ էր գտնվում 2022 թվականի փետրվարից ի վեր։ Նույն թվականի սեպտեմբերին, սակայն, Կիևին հաջողվել էր վերադարձնել այս շրջանի վերահսկողությունը։
Գերմանիայի կառավարությունը մոտ ապագայում կարող է հայտարարել Ուկրաինային Taurus մակնիշի թևավոր ավիացիոն հրթիռների տրամադրման մասին։ Այս մասին հաղորդում են ռուսական աղբյուրները՝ վկայակոչելով գերմանական t-online պարբերականը։
Գերմանացի լրագրողները, հիմնվելով իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրների տրամադրած տեղեկատվության վրա, պնդում են, որ 500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռների տրամադրման սկզբունքային որոշումը Բեռլինում արդեն իսկ կայացված է, սակայն կանցլեր Օլաֆ Շոլցի թիմում այս հարցը ցանկանում են լուծել Միացյալ Նահանգների հետ սերտ համակարգման պայմաններում։
Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Զապորոժիեին։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ «Իսկանդեր» հրթիռը հարվածել է քաղաքացիական օբյեկտին, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 16-ը վիրավորվել են:
Տուժածների թվում են 3 և 14 տարեկան երկու երեխաներ։
Ուկրաինայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգող Դենիս Բրաունն ասել է, որ Զապորոժիեի հյուրանոցը, որը վնասվել է ռուսական հրթիռի հարվածից, ՄԱԿ-ը և հասարակական կազմակերպությունները հաճախ օգտագործում էին որպես բազա։
Մերձմոսկովյան Օդինցովո քաղաքի պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:
Դատելով կադրերից՝ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Անցած գիշեր ռուսական իշխանությունները հայտնել են, որ Մոսկվային մոտեցող երկու գրոհային անօդաչու թռչող սարք են խոցել, որոնցից մեկը Օդինցովոյի մարզում։
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում Կարամիշևսկայայի գետափնյա շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել, հաղորդում են ռուսաստանյան տելեգրամյան ալիքները՝ տեսանյութեր հրապարակելով։
Հրապարակված տեսանյութում այդ վայրից փոքր ծուխ է բարձրանում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ասել է, որ անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է հակաօդային պաշտպանության կողմից, տուժածեր, կամ լուրջ վնասներ չկան։
«Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակվելուց հետո վերսկսել է աշխատանքը։
Ուկրաինայի արևմուտքում, ճակատային գծից հեռու ընկած Իվանո-Ֆրանկովսկի շրջանում 8 տարեկան տղա է զոհվել ռուսական ուժերի այսօրվա հրթիռակոծության հետևանքով, հայտնում են նահանգապետն ու նահանգի դատախազությունը։ Հրթիռն ընկել է բնակելի տան տարածքում։
«Վիրավորներ կան, այդ թվում՝ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեխա։ Բժիշկները հնարավոր ամեն ինչ արել են, բայց երեխայի կյանքը փրկել չի հաջողվել»,- Տելեգրամում գրել է նահանգապետ Սվետլանա Օնիշչուկը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է բոլոր մազերի զինկոմիսարիատների ղեկավարներին։
«Այդ համակարգը պետք է ղեկավարեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ է պատերազմը, և ինչու պատերազմի ժամանակ ցինիզմն ու կաշառակերությունը պետական դավաճանություն են»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Նրա խոսքերով՝ բանակի համալրումը պետք է վստահել պատերազմն անցած մարդկանց։
Զելենսկին այս հայտարարությամբ հանդես եկավ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հատուկ նիստից հետո, որտեղ ներկայացվել են զինկոմիսարիատներում կատարված ստուգումների արդյունքները։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ստուգումների արդյունքում 112 պաշտոնեական անձանց դեմ քրեական գործ է հարուցվել, ևս 33-ը կասկածյալ են։