Հայաստանի վարչապետ «Փաշինյանը բավարարել է Ադրբեջանի հերթական պահանջը», անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին, այսօր «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Իրավապահները Սարգսյանին մեղադրում են 20 տարվա վաղեմությամբ գործաքրի՝ Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար:
«Կապիտուլյացիան շարունակական երևույթ է, և այդ ընթացը հնարավոր է կասեցնել, միայն եթե փոխվեն այդ կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները», - ասաց Սարգսյանը:
Երրորդ նախագահը վերահաստատեց՝ Հանրապետականը շարժվում է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգով, չնայած նրան որ իր ուժին չհաջողվեց այս գործընթացի շուրջ կոնսոլիդացիայի հասնել։ Դրան հասնելու համար Սարգսյանը չբացառեց փողոցային պայքարը։ «Ազատությունը» հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀԿ-ն 2026-ի ընտրություններին մասնակցելու է, եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։ Երրորդ նախագահն ասաց, որ ընդդիմադիր ուժն այդ մասին դեռ որոշում չունի։
«Մեր օրակարգը անվստահություն հայտնելն է, հետո կերևա», - հավելեց նա:
Արդյոք կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հետ ևս կգործակցի՞ Հանրապետականը, երրորդ նախագահը հայտարարեց, թե ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում են, եթե «այդ գործակցության ձևերն ու մեթոդները մեզ համար ընդունելի են»:
«Ինչ վերաբերում է պարոն Սամվել Կարապետյանին, ապա ես պիտի ասեմ բացահայտ, որ Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ինքը ձեռք բերի «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որովհետև «էլեկտրական ցանցերը» իրոք շատ վատ վիճակում էին, և պետք էր մարդ, ով սրտացավություն ցուցաբերեր, պետք էր մարդ, ով կցանկանար տևական ժամանակ շահույթ չհետապնդել, այլ ներդրումներ անել, ինչը գոնե մինչև 18 թվականը Սամվել Կարապետյանը կատարել է, ես չգիտեմ՝ դրանից հետո շարունակվել է, թեև կարծում եմ, որ շարունակված կլինի», – ասաց նա:
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին ավելի վաղ հայտարարել էր, թե գործարարի նոր ստեղծվելիք քաղաքական ուժը չի պատարստվում նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի հետ համագործակցել: Սարգսյանն, ի դեպ, այսօր իր աջակցությունը հայտնեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող մեծահարուստ գործարարին։
Սերժ Սարգսյանն այսօր նախընտրեց չպատասխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին հարցերին:
«Ես առնվազն 2 անգամ խնդրել եմ, որ ինձ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր չտաք: Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք: Իչ վերաբերում է իմփիչմենթին, մենք շարունակելու ենք, իսկ ո՞վ կարող է բացառել, որ միացողներ կլինեն: ԱՄՆ նախագահ Ռուզվելտի տիկնոջն են վերագրում այս միտքը, որ «ավելի լավ է մի մոմ վառել, քան հավերժ անիծել խավարը»: Այսինքն՝ ավելի լավ է մի ստորագրություն դնել, քան թե հավերժ անիծել այս իշխանություններին», - շեշտեց ՀՀԿ ղեկավարը:
Դատական այսօրվա նիստում դատավորը մերժեց Սարգսյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Չվերացրեց նաև նրա խափանման միջոցը՝ չբացակայելու ստորագրությունը և գրավը: