Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան երեքշաբթի հանդիպել են Իրանի հետ՝ փորձելով վերակենդանացնել միջնորդական ջանքերը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:
Ժնևում կայացած հանդիպումը միջուկային հարցի շուրջ բանակցությունների 2-րդ փուլն էր:
Որպես E3 հայտնի եռյակն առաջարկել է որոշ ժամանակով հետաձգել ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկումն Իրանի նկատմամբ, եթե Թեհրանը վերսկսի ՄԱԿ-ի տեսչական ստուգումները՝ ներառյալ իր հարստացված ուրանի մեծ պաշարների հաշվառումը և ներգրավվի բանակցություններում ԱՄՆ-ի հետ։
Թեհրանը նախազգուշացրել է «դաժան արձագանքի» մասին, եթե պատժամիջոցները վերականգնվեն։
Խորհրդակցություններից հետո Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը շարունակում է մնալ դիվանագիտության և վիճելի հարցերի փոխշահավետ լուծման կողմնակից:
«Ժամանակն է, որ Եվրաեռյակը և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ճիշտ ընտրություն անեն՝ դիվանագիտությանը ժամանակ և տարածք տալով»,- նշել է նա սոցիալական ցանցում արված գրառման մեջ:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան տեղեկացրել էին ՄԱԿ-ին, որ պատրաստ են վերականգնել Թեհրանի նկատմամբ սահմանափակումները, եթե մինչև օգոստոսի վերջ Իրանի միջուկային ծրագրի հարցում դիվանագիտական լուծում չգտնվի։
ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունները դադարել են այն բանից հետո, երբ Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների: