Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանը կենսաթոշակի քեշբեքի ծրագրի սահմանաչափի բարձրացման մասին է ակնարկում


Քաղաքացիների սոցիալական դրությունը բարելավելու կառավարության գլխավոր խոստումներից մեկն ամենայն հավանականությամբ թղթի վրա կմնա. հնգամյա ծրագրով գործադիրը հայտարարել է մինչ 2026-ը միջին կենսաթոշակը սպառողական զամբյուղին հավասարեցնելու մասին: Դատելով պաշտոնյաների հայտարարություններից՝ առաջիկա ամիսներին այդչափ ավելացում սպասել պետք չէ:

2021-ին տրված խոստումը «Ազատությունը» նախօրեին հիշեցրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին: Արսեն Թորոսյանի պատասխանը ենթադրում է՝ գուցե միայն բարձրանա քարտով վճարումների դիմաց ստացվող քեշբեքը:

«Մենք զբաղվելու ենք կառավարության ծրագրի իրականացմամբ և տարբեր գործիքներով, որոնք մինչ օրս էլ իրականացվել են, դա հատկապես հետվճարի համակարգն է անկանխիկ գործարքների միջոցով», - ասաց Թորոսյանը:

Հայաստանի շուրջ 500 հազար կենսաթոշակառուները այժմ միջինը 49 հազար դրամ են ստանում. սրան գումարվում է անկանխիկ գործարքների դիմաց քեշբեքը՝ քարտով վճարումների ընդհանուր չափի 12 տոկոսը, որը, սակայն, չի կարող գերազանցել 6000 դրամը: Հենց պաշտոնական վիճակագրությունն է փաստում՝ ծրագրից շատերը դուրս են մնում, վերջին տվյալներով հետվճարից օգտվել է 335 հազար քաղաքացի, քեշբեքի միջին չափն էլ մոտ 4200 դրամ է:

«Շարունակելու ենք խթանել՝ միգուցե նաև փոփոխություններ իրականացնելով սահմանաչափերի մեջ դեպի աճ, աճման ուղղությամբ», - նշեց նախարարը:

Նվազագույն սպառողական զամբյուղի վերաբերյալ երկու վիճակագրություն կա. մեկը՝ Համաշխարհային բանկի, մյուսը Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ: Առաջին հաշվարկով՝ այն 2024-ի ավարտին 61 հազար դրամ է կազմել: Հաշվի առնելով շարունակվող գնաճը՝ Վիճակագրական կոմիտեի հաջորդ զեկույցում ավելի բարձր թվեր կարտացոլվեն: Հնգամյա ծրագրով տրված խոստումը կատարելու համար միջին կենսաթոշակը պետք է ավելացնել ավելի քան 12 հազար դրամով: Քեշբեքի ծրագրով այսչափ ավելացումը գործնականում անհնար է:

Մյուս՝ Հայաստանի առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ նվազագույն սպառողական զամբյուղը 76 հազար դրամ է կազմել. այս դեպքում էլ միանգամից առնվազն 25 հազար դրամի ավելացում է պետք, տնտեսական հրաշքն անգամ չի կարող օգնել մի քանի ամսում այսչափ կենսաթոշակ ավելացնել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարը քեշբեքի ծրագրի սահմանաչափի բարձրացումն ակնարկեց, սակայն, չհստակեցրեց՝ ինչ չափով ու պայմաններով. «Երբ որ որոշումները կկայացվեն, դրա մասին պատշաճ կտեղեկացվի հանրությունը»:

Իր թիմի 2021-ին տված խոստումների մասին Արսեն Թորոսյանն այսօր էլ էր հիշել. մեկ այլ առիթով արված ֆեյսբուքյան հրապարակմամբ նախարարը գրել է՝ գերատեսչության առաջիկա անելիքներն ամրագրված են հնգամյա ծրագրով ու հավելել՝ հետևողականորեն շարունակելու են իրականացնել այն:

Գործադիրի հնգամյա ծրագրով կենսաթոշակների ավելացումը սոցիալական ոլորտին առնչվող միակ խոստումը չէ. այդ առանցքային փաստաթղթում աղքատությունը կրկնակի կրճատելու մասին են նշել: Վերջին տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը 23.7 տոկոս է, 2021-ին այն պաշտոնապես 26.5 տոկոս էր: Աղքատությունը կրկնակի նվազեցնելու դեպքում 2026-ին այս ցուցանիշը 13.5 տոկոսից էլ ցածր պետք է լինի: Վերջին տվյալներով՝ կառավարությանը չի հաջողվել նաև ծայրահեղ աղքատությունը վերացնել, հազարավոր մարդիկ այսօր էլ թերսնված են, ի վիճակի չեն բավարար մթերք ձեռք բերել:

Հնգամյա ծրագրի թիրախներից մեկն էլ նվազագույն աշխատավարձին է վերաբերում՝ մինչ 2026-ը այն սահմանել 85 հազար դրամ: Անցնող տարիներին այն մեկ անգամ ավելացել է և այժմ 75 հազար դրամ է կազմում: Խոստումը կատարելու համար մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, այսինքն, մինչև 2026-ի ամառը կառավարությունը նվազագույն աշխատավարձը պետք է ևս 10 հազար դրամով ավելացնի:





XS
SM
MD
LG