Մատչելիության հղումներ

Հայաստանը Ասիական զարգացման բանկից վարկ կվերցնի՝ առողջապահության ոլորտի բարեփոխումների համար


Հայաստանի կառավարությունը 45.3 միլիոն եվրոյի վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից: Ծրագրի նպատակն է առողջապահության ոլորտում մի շարք հիմնական ուղղություններով խթանել բարեփոխումները։ Օրինակ՝ առողջապահական հաստատությունների կառուցում, բարելավում, ծառայությունների որակի գնահատում, հաշվետվողականության թվայնացում, բժշկական հաստատությունների լիցենզավորում, մարդկային կապիտալի զարգացում՝ լիցենզավորման համակարգի ներդրմամբ, հեռաբժշկության պիլոտային ծրագրերի իրականացում, որ հեռավոր համայնքների համար ծառայություններն ավելի հասանելի դառնան:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը երեկ խորհրդարանում հայտարարեց՝ վարկը կտրամադրվի 18 տարով, գումարն էլ կհատկացվի ըստ կատարած աշխատանքի. «Մասնահանման վերջնաժամկետը 2028 թվականի դեկտեմբերի 31-ն է և նախատեսվում է, որ ծրագիրն այդ ժամկետում պետք է ավարտվի: Այսինքն, մինչև դեկտեմբերի 31-ը մենք պետք է ավարտած լինենք բոլոր այդ թիրախների մեր առջև դրված խնդիրների իրականացումը»:

Կառավարությունը 102 մլն եվրոյի վարկ էլ կստանա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից: Այդ գումարը նույնպես կուղղվի առողջապահության ոլորտի զարգացմանը, այս ծրագրով էլ նախատեսվում է բարելավել պոլիկլինիկական ծառայությունները, առողջապահական ծախսերն արդյունավետ օգտագործելու մեխանիզմներ մշակել:

Առողջապահության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանն «Ազատությանն» ասաց՝ խոստացվող ու ձգձգվող առողջության համապարփակ ապահովագրությունը ձգձգվում էր, որովհետև հենց նշված ուղղություններով էին խնդիրները: Պնդեց՝ վարկով վերցվող այս գումարները դրանց լուծմանն են ուղղվելու:

«Իհարկե դրա մասին առանձնապես չի բարձրաձայնվում, բայց սա ուղղակի և նաև անուղղակի ապացույց է նրան, որ ինֆրաստրուկտուրաները պատրաստ չեն առողջապահական ապահովագրության ներդրմանը: Հիմա 2 էտապով արդեն իսկ, գուցե և շարունակվի, վարկային հոսքեր են բացվում, որպեսզի համակարգը պատրաստ լինի առողջապահության ապահովագրության ներդրմանը», - նշեց Վարդանյանը:

Առողջապահության կազմակերպիչը կարծում է, որ վարկային այդ միջոցներով ստացվող գումարը դեռ քիչ է։ Ի դեպ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեռ նախորդ տարի էր նշել, որ որոշ թերություններ են նկատել ու հենց այդ պատճառով էլ գումար չեն հատկացրել ապահովագրության ներդրման համար։

«Նախապատրաստական որոշակի աշխատանքներ են գտել, որ պետք է արվի այդ համակարգը սահուն և առանց որևիցե ռիսկերի ներդնելու համար՝ ոլորտի բարեփոխումների, թվային համակարգերի, ռիսկերի կառավարման, հիվանդանոցային կարողությունների», - ասել է Հովհաննիսյանը:

Այս անգամ ուշադրության կենտրոնում են լինելու նաև լաբորատորիաները: Նախարարի տեղակալ Նանուշյանն ասաց՝ եթե մինչև այսօր լաբորատորիաներին լիցենզիա էր տրամադրվում շենքերի ու սարքերի վիճակը հաշվի առնելով, ապա հիմա բուն գործընթացն է հաշվի առնվելու: Օրինակ՝ պետք է ապահովվեն անալիզների արդյունքների ճշգրտությունն ու ոչ միայն:

«Եթե կազմակերպությունները չկարողանան ապահովել հետազոտությունների ճշգրտությունը, ժամանակի տրամադրումը, համապատասխանությունը, ապա, բնականաբար, և՛ բուժումը, և՛ իհարկե վերականգնումը ամբողջը սխալ ճանապարհով կարող է գնալ, և որակի մասին մենք չենք կարողանա ընդհանրապես խոսել», - ընդգծեց փոխնախարարը:

Առողջապահության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանի կարծիքով՝ սա կնպաստի նրան, որ փոքր լաբորատորիաները կփակվեն, իսկ մեծերը կմնան դաշտում։ Նախարարի տեղակալ Նանուշյանի պնդմամբ էլ՝ այս պահի դրությամբ արդեն 131 լաբորատորիա դրական եզրակացություն է ստացել։ Սա նշանակում է, որ որակի ապահովման համակարգերն արդեն ունեն։

ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվեց՝ լաբորատորիաները, որոնք այս ընթացքում դեռ չեն ստացել այդ լիցենզիաները և դեռ ժամանակ ունեն դրանք ստանալու համար, ինչպե՞ս են աշխատելու։

Լուսինե Բադալյանը հետաքրքրվեց՝ խախտումներ անողները տուգանվելու են։ Նանուշյանը պատասխանեց՝ տուգանքի մասին չեն խոսում, միանգամից լիցենզիայից են զրկելու։ Պատգամավորը նաև հարցրեց՝ որակի ստուգումներն ովքե՞ր են անելու, հանձնաժողովներն ինչպե՞ս են կազմակերպելու, հնարավո՞ր է, որ նույն բուժհաստատությունում կամ լաբորատորիայում ստեղծվի այդ հանձնաժողովը, որն էլ պետք է քննի տեղում ծագած խնդիրները։ Նախարարի տեղակալը հակադարձեց՝ ոչ, դրանք կազմվելու են նախարարությունում։ Լուսինե Բադալյանը դժգոհեց, իսկ ինչո՞ւ այդ մասին մանրամասն շարադրված չէ հենց օրենքում։

Ի դեպ, առողջապահության ապահովագրության ներդրման արդեն երրորդ ժամկետն է հնչել: Այս անգամ էլ, ըստ իշխանականների, 2026-ի հունվարի 1-ից այն կսկսի գործել, թեև ծրագրվում էր, որ առաջին փուլն արդեն պետք է մեկնարկած լիներ։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG