«Կարծում եմ, որ երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով առաջիկայում Հայաստանի վարչապետի Ռուսաստան մեկնելու և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին:
«Հնարավոր է, որ պարոն վարչապետը հանդիպում է ունենում վարչապետների ֆորմատով, որը պայմանավորված է մեր երկրի պառլամենտական լինելու, մնացածի՝ նախագահական, բայց երկրի ղեկավարի այցը, եթե դա պաշտոնական է կամ աշխատանքային, չի կարող լինել առանց նման հանդիպման», - ասաց Սիմոնյանը:
Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում:
Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի վերջին մեկնելու է Ռուսաստան:
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել էին վերջին տարիներին՝ հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտելդաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։