Մոսկվայի Ավիապարկ առևտրի կենտրոնում փակվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովին պատկանող մի շարք ռեստորաններ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ նման որոշումը պայմանավորված է «AgalarovRest ընկերության կողմից անկախ նախագծերի վրա կենտրոնանալու մտադրությամբ»։
Ռուսաստանյան պետական լրատվամիջոցի աղբյուրների համաձայն՝ Աղալավորին պատկանող ռեստորանները փակվել են ոչ միայն Ավիապարկում, այլև այլ վայրերում:
Այլ մանրամասներ ՏԱՍՍ-ը չի հայտնում։
Անցած հուլիսին ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին հաղորդվեց, որ ՌԴ-ում դատական կատարողական վարույթ են սկսել Էմին Աղալարովի հոր՝ միլիարդատեր Արազ Աղալարովի նկատմամբ։
Ծագումով ադրբեջանցի Աղալարովները վերջին տարիներին մի շարք խոշոր շինարարական նախագծեր են իրականացնում Բաքվում։ Իսկ շաբաթներ առաջ Ադրբեջանի օրենսդիր մարմինը հատուկ օրենք է ընդունել, որով հնարավորություն է ընձեռվել նախագահ Ալիևի նախկին փեսային խաղատներ կառուցել Բաքվի ծովային տարածքում արհեստականորեն ստեղծված հողամասերի վրա։