Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երկամսյա դադարից հետո հերթական նիստն է գումարելու


Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երկամսյա դադարից հետո հաջորդ շաբաթ հերթական նիստն է գումարելու: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հայտնեց, թե խորհրդի անդամներին արդեն ուղարկել են հրավերը։

«Նոր նյութերի շարքն արդեն իսկ ուղարկվել է խորհրդի անդամներին, նախատեսում ենք եկող շաբաթվա ընթացքում ունենալ մեկ նիստ, եթե իհարկե խորհրդի անդամների մեծամասնությանը ընտրված օրը հարմար լինի: Մեր պլաններում կա ևս մեկ նիստի անցկացում սեպտեմբեր ամսվա ընթացքում, և հետզհետե կինտենսիվացնենք խորհրդի աշխատանքները», - ասաց Գալյանը:

Արդյոք Մայր օրենքից Անկախության հռչակագրի հղման հեռացման հարցն էլ է առաջիկայում քննարկվելու, նախարարն ասաց, թե չի կարծում։ Բայց և չբացահայտեց՝ ինչ հարցերի վրա է կենտրոնանալու խորհուրդը։

«Եթե հայելային դիտարկենք և դիտարկենք դա որպես խնդիր, այո, կարող ենք ասել, որ նրանցը պարունակում է այն նույն խնդիրը, ինչ որ մերը: Բայց մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ մեր Սահմանադրությունը խնդիրներ չի պարունակում և իրականում այդպես է: Խնդրում եմ՝ սահմանադրական այդ փոփոխության կամ բարեփոխման կամ նոր Սահմանադրության ստեղծելու ճանապարհն անընդհատ չկապել Ադրբեջանի պահանջի հետ, որովհետև դա իրականությունը չէ», - ասաց Գալյանը:

Խաղաղության պայմանագիրը կնքելու Բաքվի պահանջն է՝ Հայաստանի մայր օրենքից հանվի Անկախության հռչակագրին հղումը, որում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին: Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո սա Իլհամ Ալիևը համարել էր Հայաստանի տնային աշխատանքը, իսկ նրա հատուկ հանձնարարություններով դեսպանը վերջերս պնդել էր՝ Հայաստանի հիմնական օրենքը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրի տեքստին և ոգուն։

«Հենց տեղ գտնի ու քննարկվի, առաջին հերթին հանրային տարբերակով իրազեկումները կիրականացվեն դրա հետ կապված», - ընդգծեց արդարադատության նախարարը:

Հայաստանի իշխանությունները թեև նոր Սահմանադրության ընդունումը Երևանի ներքին հարցն են համարում, բայց և վարչապետը չէր թաքցրել՝ կողմ է, որ Անկախության հռչակագիրը չհիշատակվի նոր տեքստում:

Մինչդեռ արդարադատության նախարարն այսօր խուսափեց ասել՝ ինքն անձամբ կողմ է հեռացմանը, թե՝ ոչ. «Պարզ է, որ յուրաքանչյուր մասնագետ ունի իր ձևավորած դիրքորոշումը, բայց չեմ կարծում, որ սա այն հարթակն է, որի դեպքում կամ հիմա պետք է քննարկել այդ հարցը, եթե այդ հարցը քննարկվելու է այդ լսարանում և այդ մասնագետների մասնակցությամբ»:

Անկախության հռչակագրի հղման հարցը որոշելու է նախ խորհուրդը՝ քվեարկությամբ: Առաջիկա նիստին անդամներն այդ հարցին չեն անդրադառնալու, հաստատում է խորհրդի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանը մեկն է այն անդամներից, որ հրապարակավ դեմ է արտահայտվել մայր օրենքից Անկախության հռչակագրի հղման հեռացմանը։ Դեմ են արտահայտվել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը, Իրազեկ քաղաքացիների միավորման նախագահը։

Արթուր Սաքունցն այսօր ասաց՝ առաջիկա նիստին հիմնականում Ազգային ժողովին առնչվող հարցեր են քննարկվելու. «Շատ կարևոր մյուս թեման Ազգային ժողովի արձակումն է, գիտեք, որ դա հիմա շատ արհեստական բնույթ ունի ու գոնե հեղափոխությունից հետո երկու անգամ արտահերթ ընտրություններ են եղել: Այսինքն, վարչապետը հրաժարական է տալիս, ձևականորեն երկու անգամ չեն ընտրում, որպեսզի տեղի ունենան ինքնարձակում և նոր ընտրություններ, այսինքն, սա էլ ներկա Սահմանադրության ամենաթույլ մոտեցումներից մեկն է, որ հիմա առաջարկվում է, ներկայացվում են մոտեցումներ, որպեսզի Ազգային ժողովը ինքնարձակման վերաբերյալ որոշում կայացնի»:

Օրինակ՝ առաջարկվում է Ազգային ժողովի պատգամավորների թիվը հասցնել մինչև 91-ի: Նրանց էլ տալ կառավարության անդամներին անվստահություն հայտնելու իրավունք։

«Ասենք՝ փոխվարչապետ, նախարար, մարզպետի նշանակման և արձակման հարցերում ԱԺ-ի մասնակցությանն է վերաբերվում, որ կարող են Ազգային ժողովի կողմից այս պաշտոնատար անձանց անվստահություն հայտնել: Միաժամանակ նաև էթիկայի հանձնաժողով է նախատեսվում, որ արդեն պարտադիր ձևավորվի ընդդիմության և մեծամասնության հավասար անդամների կողմից», - նշեց Արթուր Սաքունցը:

Նախարարությունը նաև առաջարկում է նոր Սահմանադրության մեջ ամրագրել խորհրդարանում էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ Ներկայումս Ազգային ժողովում կարող է ձևավորվել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավորների առաջարկությամբ։ Բայց վերջին նախորդ դեպքերում դրանք չեն ձևավորվել, քանի որ իշխող ուժը մերժել է այդ նախաձեռնությունները։


XS
SM
MD
LG